Ասորիների թագավորը դարձյալ թշնամությո՞ւն է անում Հովրամի դեմ:

Այո՛, նա դարձյալ շարունակում է թշնամությունը Իսրայելի թագավորի դեմ: Ճշմարիտ է, որ ասորիները այլևս զգուշանում են իսրայելացիների երկրներ մտնելուց և վնասներ հասցնելուց,  քանի որ վերոհիշյալ հրաշքների տպավորության ներքո էին, բայց նրանց թագավորը չի կամենում ընդունել, որ այդ հրաշքները Աստծու զորությամբ են, և մանավանդ վրեժխնդրությամբ լցվելով Հովրամի հանդեպ` պատեհ առիթ  է փնտրում, որ իրագործի իր նպատակը:

Եղիսե մարգարեն արդեն հայտնել էր, որ Իսրայել երկրում սով պետք է լինի (տե´ս ԿԵ հարցը), և սովն օրըստօրե սաստկանալով` ամբողջ Իսրայելի ժողովուրդն ու մասնավորապես սամարացիները վերին աստիճանի նեղությունների պիտի ենթարկվեն և թշվառ վիճակի  հասնեն: Ասորիների թագավորը, այս առիթը հարմարագույնը նկատելով, զորքի ահագին բազմությամբ գալիս  և պաշարում է Սամարիան, սակայն հարձակում չի նախատեսում` մտածելով, որ ժողովուրդը, սովից նվաղած և ընկճված, շուտով անձնատուր կլինի, և  կոտորածի կարիք էլ չի լինի: Անզգամ թագավորը մոռացել էր Եղիսե մարգարեին, որի աղոթքով այս անգամ էլ  չպիտի կարողանար նպատակին հասնել:

Հովրամն ընդհարապես չի կարողանում նրա դեմ դուրս գալ և մնում է քաղաքում` ասես  բանտում կալանավորված: Սովն այնքան է սաստկանում, որ բնակիչները, իրենց բնությանը հակառակ, անսուրբ անասուններին ուտելուց բացի, անգամ մարդկային միս են սկսում ուտել: Ինչպես, օրինակ, երբ թագավորը շրջում էր քաղաքի պարսպի վրա, մի կին, մի այլ կնոջ դեմ գանգատվելով, այսպես է ասում. «Փրկի՛ր ինձ, տե´ր արքա»։ Արքան նեղսրտած, բարկությամբ պատասխանում է. «Եթե Տերը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ` կալո՞վ, թե՞ հնձանով»։ Ապա ասածի համար զղջալով` հարցնում է, թե նրան ինչ է պետք (Դ Թագ. 6:27): Գանգատվող կինը թագավորին պատմում է. «Այս կինը ինձ ասել էր, որ այսօր իմ զավակին ուտենք, վաղն էլ իրենը կուտեք, ուստի իմ զավակին եփելով կերանք, իսկ երբ երկրորդ օրն ասացի, որ որդուն բերի, որ նրան էլ ուտենք, նա թաքցրեց նրան». սա լսելով` թագավորը սրտի ցավից պատռում է հագուստը:

Այսպիսի սովի աստվածային պատիժ լինելն անկասկած էր, ուստի Հովրամը մերկ մարմնին քուրձ էր հագել և երբ պատռում է զգեստները, ժողովուրդը տեսնում է նրա` քուրձ հագած լինելը: Թեև այս պարագայում թագավորը պարտավոր էր սպանել երկու կանանց էլ, քանի որ նրանց արարքը ոչ միայն հակառակ էր Աստծու օրենքներին և հրամաններին, այլև դուրս էր բնական օրենքներից, սակայն նա, ոչինչ չասելով, բարկությունից չհասկանալով ինչ անել, երդվում է մարդ ուղարկել և Եղիսեի գլուխը կտրել: Արդարև, մարդ է ուղարկում, ապա ինքն էլ նրանց հետևից է գնում, որպեսզի նրան սպանելու փոխարեն ժողովրդի ծայրահեղ վիճակի պատճառն իմանա:

Քանի որ մինչ այդ օրերը Եղիսեի միջոցով շատ հրաշքներ էին տեղի ունեցել, ուստի հույս է տածում, որ եթե նա աղոթի Աստծուն, և՛ թշնամուց, և՛ սովից կազատվեն: Արդ, այդ պահին Եղիսեն իր տանն էր, և ժողովրդի ծերերն էլ նրա մոտ էին, թագավորի վարմունքն ու որոշումը ի վերուստ իրեն հայտնված լինելով` ասում է. «Մարդասպանի որդին գլուխս կտրելու համար մարդ է ուղարկել, այդ մարդը հենց գա, բռնե´ք նրան, քանի որ նրա հետևից թագավորն էլ պիտի գա» (Աքաաբը անօրենությամբ Նաբովթին սպանելու պատճառով մարդասպան է կոչվում, և Հովրամը, որ նրա որդին էր, մարդասպանի որդի է անվանվում): Մինչ Եղիսեն խոսում էր, ներս է մտնում Հովրամի ուղարկած մարդը, և նույն պահին էլ ինքը` թագավորը, մի քանի պալատականների հետ դառն իրականության մասին խոսելով, հասնում է այնտեղ, որտեղ Եղիսեն էր:

Թեև Հովրամն այնտեղ խոստովանում է, որ իր կրած չարչարանքները Աստծուց իրեն տրված պատիժ են, սակայն միևնույն ժամանակ երբեք Աստծու ողորմության վրա հույս չդնելով` այնպես է խոսում, կարծես ազատվելու միջոց գտնելն ընդհանրապես անհնար է: Եղիսեն նրա հուսահատ խոսքերը լսելուն պես իսկույն դուրս է գալիս և Աստծով ներշնչված` խոսում. «Վաղը` այս ժամին, Սամարիայի դռան մոտ մի գրիվ (9կգ և 792գ) մաքուր ալյուրը` մեկ դահեկան, և երկու գրիվ գարին մեկ դահեկանով պիտի վաճառվի (դահեկան- 4,53 գրամ ոսկի  կամ արծաթ)»:

Թագավորի զինակիրը, որի թևին էր հենվում թագավորը, այդ խոսքերը լսելով, չի ցանկանում հավատալ և իր թերահավատությունն է հայտնում. «Եթե Աստված երկնքից գարի և ալյուր էլ բերի, մի՞թե քո ասածը հնարավոր է»: Այո´, մարգարեի ասածը մարդկայնորեն անհնարին էր թվում, սակայն Աստծու կարողությանը անկարելի բան չկար, ուստի հաջորդ օրն այնպիսի առատություն է լինում, որ Եղիսեի խոսքերը կետ առ կետ կատարվում են:

Քանի որ բորոտությամբ վարակված չորս աղքատ մարդ, որոնք քաղաքից դուրս էին բնակվում, երբ իրենց ուտելիքն ամբողջությամբ սպառում են, միմյանց այսպես են ասում. «Եթե այստեղ մնանք, սովից կմահանանք, քաղաք էլ գնանք, նույնպես սովից պիտի մահանանք, քանի որ սովն ահավոր սաստիկ է, գոնե ասորիների բանակ գնանք, որտեղ գուցե մեզ կերակուր տան, իսկ եթե սպանեն էլ, կազատվենք այս ամենից»:

Նրանք այս մտադրությամբ առավոտ վաղ ասորիների բանակ են գնում, որտեղ ոչ մեկին չեն գտնում: Քանի որ այն գիշեր երկնային նախախնամությամբ նրանց բանակում բազմաթիվ պատերազմող զորքերի ձայներ են լսվում (Դ Թագ. 7:6), այնպես որ ասորիների ամբողջ զորքը սարսափած միմյանց հետևյալն է ասում. «Իսրայելացիների արքան, գումարով իր հետ միավորել է քետացիների և եգիպտացիների արքաներին, և մեր դեմ է արշավում»: Այս գաղափարը բոլորի սրտերում այնպիսի ահ է գցում, որ թողնելով իրենց անասունները, վրաններն ու ամբողջ գույքը, հետիոտն և շտապ խույս տալու մասին են մտածում, իբր  թշնամիները արդեն եկել հասել են:

Դրանից բացի` գիշերը փախչելու ժամանակ, իբր  թշնամին իրենց հետևից չհասնելու համար, ճանապարհին հագուստներն ու զենքերն էլ են թողնում, միայն իրենց անձերն ազատելու տենչով` փախչում են Իսրայել երկրից: Երբ վերոհիշյալ չորս աղքատները շրջում են լքված բանակատեղի չորսբոլորը և ոչ մեկին չեն գտնում, շատ են զարմանում: Ու քանի որ անոթի էին, մի վրանում ուտելիք գտնելով` մինչև հագենալը ուտելուց հետո այնտեղ եղած արծաթից, ոսկուց և այլ թանկարժեք իրերից վերցնելով` թաքցնում են, ապա մի այլ վրան մտնելով` այնտեղ եղածը վերցնելու համար պիտանի բաները թաքցնելուց հետո խորհում են, որ առանց ժամանակ կորցնելու պարտավոր են թագավորին հայտնել:

Ուստի շտապում են գալու և եղելությունը տեղեկացնելու պահապաններին, որոնք էլ  անհրաժեշտ մարդկանց ծանուցելով` վերջապես թագավորը տեղեկանում է և կասկածելով ասում. «Միգուցե ասորիները նենգությամբ մի հեռու վայրում թաքնվել են, որ մենք կարծենք, թե փախել են, և քաղաքից դուրս գանք, և իրենք էլ կարողանան հեշտությամբ տիրանալ քաղաքին»: Այն  ժամանակ պալատականներից մեկը եղելությունը քննելու և ստուգելու համար առաջարկում է մարդ ուղարկել:

Սակայն հետախուզության նպատակով գիշերը մի այդպիսի տեղ գնալու համար շատ մեծ համարձակություն էր անհրաժեշտ, ուստի որոշում են ձիավորներ ուղարկել, սակայն ամբողջ քաղաքում հինգ ձիուց ավելի չեն կարողանում գտնել, քանի որ սովի պատճառով այդ պիտանի կենդանիներին էլ մորթել ու կերել էին, և քանի որ չգիտեին, թե իրենց նախաձեռնությունը ինչով կավարտվի և չկամենալով ամբողջը վտանգել, որոշում են միայն երկու ձիավորի ուղարկել, որոնք ստույգ տեղեկություններ կբերեն ասորիների բանակի մասին:

Արդ, երկու ձիավորները գնում են մինչև Հորդանան, բանակի բոլոր անկյունները հետազոտում և տեսնում են, որ մարդ չկա, ու մանավանդ ճանապարհին փախստականների թողած գույքը տեսնելով` իսկույն վերադառնում են և պատմում  այն ամենը, ինչ տեսել են, ուստի ամբողջ ժողովուրդը, միասին դուրս գալով, ավերում է ասորիների բանակը: Զարմանալին այն է, որ ասորիների բանակում այնքան շատ պաշար և ուտելիք են գտնում, որ ասորիների  թողած սայլերով և անասուններով փոխադրում են Սամարիա, և հենց նույն օրն էլ քաղաքի դռների առջև մի գրիվ մաքուր ալյուրը և երկու գրիվ գարին մեկ դահեկանով են վաճառվում: Ու քանի որ ժողովուրդը խռնվել էր, ուստի վեճ և կռիվ չլինելու համար թագավորը իր վերոհիշյալ զինակրին (որը չէր հավատացել Եղիսեի մարգարեությանը) նրանց  հսկիչ և կառավարիչ է կարգում, որպեսզի խաղաղությամբ և հավասար բաշխի եղածը:

Ահա բազմությունը, անասունների հետ խռնվելով, այդ պաշտոնին կարգվածին, ոտքերի տակ ոտնակոխ անելով, սպանում է, որով էլ կատարվում է մարգարեի խոսքը, որ ուտելիքը տեսավ, սակայն դրանից ուտելուն չարժանացավ:

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․