12 Հոկտեմբեր, Շբ
Նրա Հերոբովամ որդին: Այս երկրորդ Հերոբովամը թագավորում է քառասունմեկ տարի: Թեև սրա թագավորության սկզբում իսրայելացիները շատ տկար էին, և թշնամին ծանր վնասներ էր պատճառում երկրին, սակայն Աստված, գթալով ժողովրդին, ցանկանում է Հերոբովամի ձեռքով նրանց ազատել թշնամուց, ինչպես հայտնել էր Հովնան մարգարեն: Արդարև, Հերոբովամը Տիրոջ ողորմությամբ հաղթանակներ է տանում Դամասկոսում, Եմաթում և այն վայրերում, որոնք թշնամիները գրավել էին Իսրայելից, և ազատագրելով ժողովրդին`փրկում թշնամու բռնություններից:
Սակայն այս երկրորդ Հերոբովամն էլ չի վերացնում առաջին Հերոբովամի կառուցած ոսկե հորթերը, Աստծու հրամանին հակառակ է գործում ու մահանալով թաղվում նախորդ թագավորների կողքին:
Իսկ վերոհիշյալ Հուդայի թագավոր Ամասիայի մահանալուց հետո նրա որդին` Ոզիան է թագավորում Երուսաղեմում: Սա տասնվեց տարեկան էր, երբ գահակալում է և թագավորում է հիսուներկու տարի: Ոզիան նաև կոչվում է Ազարիա, ինչպես հայտնի է Սուրբ գրքից: Սրա ժամանակ Զաքարիա անունով իմաստուն և աստվածավախ մի մարդ է լինում, քանի որ Ոզիան նրա խորհրդով է գործում և լսում է նրա խրատները, Աստծու պատվիրանների հնազանդելով` օրըստօրե Աստծու օգնությամբ մեծ փառք և զորություն է ստանում և թշնամիների դեմ պատերազմելով` բոլոր ճակատամարտերում հաղթանակում է և նրանց բազում ամուր քաղաքների պարիսպները կործանելով` իրեն հնազանդեցնում:
Ապա կառուցում է Իսրայելի` Հովաս թագավորի քանդած Երուսաղեմի պարիսպը: Նաև շատ անասուններ՝ կով, ոչխար, պահելով` հողագործությանն էլ է հետամուտ լինում, որպեսզի այդպիսով եկամուտի աղբյուր ունենալով` ժողովրդի վրա շատ չծանրանա և անասունների համար դաշտում ջրհորներ փորելով` դրանց մոտ աշտարակներ է կանգնեցնում: Ոզիան երկու հազար վեց հարյուր զորավար և երեք հարյուր յոթ հազարանոց պատրաստ զորք է ունենում, որոնց զենքն ինքն էր հատկացնում:
Նաև զանազան պատերազմի գործիքներ պատրաստել տալով` Երուսաղեմի պարսպին և աշտարակներին է տեղադրում, որպեսզի ըստ անհրաժեշտության` թշնամու վրա նետեր արձակեն և զանազան մեծ քարերի տարափ թափեն: Սակայն երբ նրա այսպիսի ակտիվ գործունեությունը և հաղթանակները մինչև հեռու երկրներ են հասնում, և նրա անունը անչափ փառավորվում է, նա էլ բոլոր առումներով հանգիստ էր և երջանիկ, սիրտը հպարտանում է և օրենքին հակառակ գործելու համարձակություն ստանում (Բ Մնաց. 26:16):
Քանի որ բուրվառ վերցնելով` տաճար է մտնում, որպեսզի սեղանի մոտ խնկարկի, սակայն այդ պաշտոնը քահանաներին հատկացված լինելով` նրա արարքը Աստծու պատվիրանին հակառակ էր: Այս առիթով Ազարիաս քահանան այլ ութսուն քահանաների հետ թագավորին ասում է. «Դաս քահանաների պաշտոնն է, դո´ւրս արի, քանի որ ապստամբեցիր Աստծու դեմ, քեզ այդ արարքը փառք չի բերում»:
Սակայն Ոզիան հպարտությամբ չի ցանկանում զիջել և երբ ցանկանում է իրականացնել իր մտադրությունը, նրա ճակատին բորոտություն է առաջանում: Այն ժամանակ քահանաներն իսկույն նրան տաճարից դուրս են հանում, և ինքն էլ, հասկանալով, որ Աստծուն բարկացրել է, շտապում է դուրս գալու: Բորոտությունը մինչ մահ չի անցնում, և սրա պատճառով մի այլ տան մեջ է բնակվում, և պետական գործերը նրա որդին՝ Հովնաթամն է վարում: Ոզիան բորոտ էլ մահանում է, և նրան թագավորներին հատկացված գերեզմանում թաղելու փոխարեն այլ տեղում են թաղում:
Ոզիայի պատուհասից թող օրինակ վերցնեն իշխանավորները և թագավորները: Քանի որ հիշյալը, իր սահմանները չճանաչելով, հանդգնում է քահանաներին հատուկ հոգևոր արարողություն կատարելու և դրա համար պատժվում է. ոչ միայն ճակատի բորոտությունը չի անցնում մինչև մահ, այլև Եսայի մարգարեն, որ այդ ժամանակ մարգարեանում էր Երուսաղեմում, այս դեպքից հետո երկար ժամանակ ոչինչ չի ասում: Որովհետև Աստված, Ոզիայի անպատշաճ վարքից բարկացած, մինչև թագավորի մահն արգելում կամ չի տալիս մարգարեական շնորհ: Իսկ թագավորի մահվանից հետո դարձյալ պարգևում է այդ շնորհը, ինչպես հայտնի է Սուրբ գրքից (Ես. 6:1):