Ո՞վ էր Հուդիթը:

Իսրայելի Բեթիզվա քաղաքից իմաստուն, ազնվազարմ, առաքինի և հարուստ կին էր, որի ամուսինը՝ Մանասեն, մահացել էր, ինքը` այրիացել, սակայն Աստծու օրենքներին կատարելապես հնազանդ լինելով` ժողովրդի մեջ փառավոր անուն և համբավ էր ձեռք բերել:

Նինվեում գահակալող ասորիների թագավորը պատերազմով ավելի վաղ գրավել էր մարերի երկիրն ու իր իշխանության ներքո  առել: Սակայն երբ Սենեքերիմի օրոք Երուսաղեմ արշավելիս հրեշտակը նրա զորքից հարյուր ութսունհինգ հազար մարդ է կոտորում (տե´ս ՀԶ հարցը), ասորիները միառժամանակ կորցնում են իրենց հզորությունը և չեն կարողանում պատերազմել:

Արդ, Սենեքերիմի թոռը՝ Նաբուգոդոնոսորը, հորից՝ Ասորդանից հետո Նինվեում թագավորելիս Մարաստանի ժողովուրդը, պատեհ առիթ համարելով, ապստամբում է, և Արփաքսաթ անունով մի մարդ, նրանց թագավորելով, օրըստօրե զորանում և հռչակավոր է դառնում և Եկբատան քաղաքն ամեն կերպ ամրացնելու  ջանք և զոհողություն չի խնայում: Նաբուգոդոնոսորը, չհանդուրժելով նրա այսքան զորանալը, անհամար զորքով Արփաքսադի դեմ պատերազմելու է դուրս գալիս և նրան սպանելուց հետո մարերի երկիրն իրեն է ենթարկում և Եկբատան քաղաքն էլ հիմնահատակ ավերում:

Այս հաղթանակից հպարտանալով` Նաբուգոդոնոսորը ցանկանում է աշխարհի բոլոր թագավորներին հպատակեցնել, այն է` Պարսկաստան, արևմուտք, Թերսիս, Դամասկոս, Լիբանան, Բարաշամի ամբողջ եզերքը և Հրեաստանը գրավելու ցանկությամբ, ինչպես նաև Եգիպտոս, և անապատի ազգերին առանձին-առանձին մարդիկ է ուղարկում, որ հնազանդվեն իրեն և հարկեր վճարեն: Սակայն նրա մարդիկ ուր էլ գնում են, մերժողական պատասխաններ են ստանում և ստիպված են լինում անարգանքով վերադառնալու:

Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը բարկացած երդվում է իր թագավորությամբ, որ նրանց բոլորին էլ սրի է քաշելու, և մանավանդ երբ իր զորքի հրամանատարներին հավաքելով` հայտնում է իր մտադրությունը, բոլորն էլ միաձայն հայտարարում են. «Թող կորչեն բոլոր նրանք, ովքեր թագավորի հրամանին դեմ դուրս կգան»։ Որոշում կայացնելուց հետո հրամայում է իր  զորքերի հրամանատար Հողեփեռնեսին, որ զորքերը հավաքելով` գնա և իր կամքին դեմ ըմբոստ ժողովուրդներին կոտորի և մյուսներին էլ  ենթարկեցնի:

Թեև միայն հարյուր քսան հազար հետևակ և նույնքան էլ հեծելազոր են պատրաստ լինում, սակայն Նաբուգոդոնոսորին հպատակվող երկրամասերից էլ զորք հավաքելով` ծովի ավազի նման անհամար զորք է հավաքվում: Սրանց բոլորին անհրաժեշտ պաշարը, գումարն ու ինչքը պատրաստելով` փողերը հնչելուն պես դուրս են գալիս Նինվեից: Նրանց զորագլուխը՝ Հողեփեռնեսը, անխնա կոտորում է այն բոլոր ժողովուրդներին, որոնք չեն հնազանդվում և հպատակվում Նաբուգոդոնոսորին, և որպեսզի ահ և երկյուղ սփռի աշխարհի բոլոր ազգերի սրտերում և նրանց ստիպի հնազանդվելու Նաբուգոդոնոսորին, ավերում է նրանց քաղաքներն ու տները և անխնա կողոպտում:

Արդարև, հիշյալ զորավարի վարքի և արաքների մասին լսող ժողովուրդները, երկյուղից և ի նշան հնազանդության, մարդիկ են ուղարկում նրա մոտ և անձնատուր  լինում, և երբ նա նրանց մոտ է գալիս, ընդառաջ են ելնում մեծահանդես բազմությամբ և նվագարաններով, և այսպիսով իր գնացած վայրերը գրավելով` պահապան զորքեր է նշանակում:

Դրանից բացի, ըստ Նաբուգոդոնոսորի պատվիրանի, ոչնչացնում և քանդելով բնաջնջում է բոլոր կուռքերի կռատները և նրանց նվիրված անտառները, որպեսզի կուռքեր չպաշտեն, այլ Նաբուգոդոնոսորին ընդունեն և միայն նրան պաշտեն` որպես աստծու: Ուստի երբ Հողեփեռնեսը, բոլոր վայրերում իշխելով, գրավում է նաև Իսրայելի շրջակայքում գտնվող կռապաշտ քաղաքները, բոլոր իսրայելացիները, մեծ երկյուղ և սարսափ կրելուց բացի, առավել մտատանջվում են Երուսաղեմի և տաճարի համար:

Ճշմարիտ է՝ Սալմանասար թագավորի օրոք իսրայելացիները գերեվարվել էին, սակայն այդ ընթացքում մի հնարով նոր էին վերադարձել և օրենքին հակառակ վարք չունեին: Ուստի թեև Մանասեն թագավորում է Երուսաղեմում, սակայն  այդ ժամանակ փոքր լինելով` դեռևս չէր հակվել կռապաշտության, պետության գործերն էլ Հովակիմ քահանային էին հանձնվել, և՛ Երուսաղեմի բնակիչները, և՛ Հուդայի ողջ ժողովուրդը ամեն կերպ հնազանդ էին Աստծու օրենքներին, սակայն անկարող լինելով թշնամուն դիմադրելու` միայն Աստծու վրա էին դրել իրենց հույսը: Հովակիմ քահանան և ժողովրդի ծերերը հրահանգում են ճանապարհին մոտ բնակավայրերում, կիրճերում հսկողներ դնել և միշտ աղոթել Աստծուն, որ պահպանի թշնամուց:

Ուստի ամբողջ ժողովուրդը՝ այր և կին՝ իրենց մանուկների հետ, Երուսաղեմում և այլ բնակավայրերում մեծ սուգով, քուրձ հագած, խոնարհվում են և աղոթում: Հովակիմ քահանան և մյուս ղևտացիները, քուրձ հագնելով,  իրենց գլխին մոխիր են ցանում և տաճարում ծնրադրած` սրտագին հառաչանքներով և պաղատանքներով զոհեր  մատուցում:

Քանի որ Հողեփեռնեսը ուր էլ արշավում էր, կոտորած և ավեր էր սփռում, շատերը, երկյուղից անձնատուր լինելով, հնազանդվում են, ուստի նա հույս ուներ, որ հրեաներն էլ անձնատուր պիտի լինեն: Եվ իսրայելացիների գործողությունների մասին լսելով` մեծապես բարկանում է և իսրայելացիների երկրի շրջակայքում բնակվող ժողովրդների մեծամեծներին կանչելով` ցանկանում է տեղեկանալ և ճշտել, թե ովքեր են իսրայելացիները,  որոնք են նրանց քաղաքները և մեծամեծները, և թե ինչի կամ ում վրա են իրենց հույսը դրել:

Այն ժամանակ կռապաշտ ամոնացիների Աքիովր անունով իշխանը, որը բոլոր առումներով քաջատեղյակ էր Իսրայելի ժողովրդի վիճակին և ներքին հանգամանքներին, մանավանդ նաև իմաստուն, հավատարիմ, անկեղծ և պարզ սրտով մարդ էր, պատասխանում է. «Ինչ  վերաբերում է այդ ժողովրդին, ծառադ ճշմարտությունը կհայտնի քեզ», և իսրայելացիների ծագումից սկսելով` հայտնում է, թե ինչպես են նրանք բազմանալով գրավում քանանացիների երկիրը, և, ի վերջո, եզրակացնում է. «Նրանց Աստվածը մերժում է չարը, եթե նրանք հնազանդվեն իրենց Աստծուն, ոչ ոք չի կարող հաղթել նրանք, քանի որ Աստված է պատերազմում նրանց թշնամիների դեմ, իսկ եթե մեղանչելով բարկացնեն Աստծուն, այն ժամանակ կհաղթվեն իրենց թշնամուց»:

Հիշյալ օտարականը, այսպես խոսելով, վերջիվերջո ասորիների գոռոզ զորավարին առաջարկում է. «Մի քիչ համբերե´ք, որպեսզի իմանաք, թե արդյոք նրանք այժմ մեղանչե՞լ են իրենց Աստծու դեմ, նոր միայն պատերազմեք, իսկ եթե ներկայումս հաշտ են Աստծու հետ և չեն մեղանչել Նրա օրենքների դեմ, երբեք չպատերազմեք այդ ժողովրդի դեմ, քանի որ միգուցե Աստված նրանց օգնական լինի և մեզ էլ անարգ վիճակի մեջ գցի»:

Թեև իսրայելացիների վերաբերյալ Աքիովրի խոսքերը ճշմարիտ էին, սակայն  հավաքվածներից մի քանիսը, որպես թե նա հայհոյել էր Նաբուգոդոնոսորին, ցանկանում են սպանել Աքիովրին` ասելով. «Մենք չենք վախենում իսրայելացիներից, քանի որ նրանք մեր դեմ պատերազմելու զորություն չունեն, գնանք, հարվածենք այդ ապստամբ ժողովըրդին»: Հողեփեռնեսը, նույնպես զայրանալով, հետևյալն է ասում այդ հանդուգն օտարական իշխանին, որը համարձակվել էր պարզ և աներկյուղ հայտնելու ճշմարտությունը. «Ո՞վ ես դու, որ Իսրայելի Աստծուն Նաբուգոդոնոսորից զորավոր ես համարում, ո՞վ է աստված` բացի Նաբուգոդոնոսորից»:

Այսպիսի հպարտ և հանդուգն խոսքեր ասելով` հրամայում է կապել Աքիովրին և Բեթիզվա տանելով` հանձնել իսրայելացիներին, որ երբ նրանց կոտորի, նրան էլ նրանց հետ սպանի: Արդարև, երբ այդ մարդուն մոտեցնում են քաղաքին, բնակիչները, որոնք լեռներում էին պատսպարվել, հարձակվում են` պարսատիկներով քարեր նետելով: Այդ ժամանակ Աքիովրին բերողները, նրան մի ծառից կապելով, թողնում և փախչում են: Իսրայելացիները, լեռներից իջնելով, ազատում են նրան և Բեթիզվա տանում: Նրան հարցնում են այդպես բերելու պատճառը, և նա էլ պատմում է` ինչ է ասել ատյանում, նաև   Հողեփեռնեսի  մտադրությունը:

Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, Աստծուն երկրպագելով, ծնրադրում է, որ ազատվի բռնակալից, և Աքիովրը, նրանց մխիթարելով, գովում է: Մանավանդ քաղաքի իշխանը, որի անունը Ոզիա էր, իր տուն տանելով և հրավիրելով քաղաքի քահանաներին և ծերերին` մեծ խնջույք է կազմակերպում, ապա բոլորն էլ մինչ լուսաբաց սրտագին հառաչանքներով իրենց փրկության համար աղաչանքներ և պաղատանքներ են մատուցում Աստծուն:

Նկատի՛ր. իսրայելացիների ազատությունը մարդկային որևէ միջոցով անհնարին լինելով` միայն Աստծու ողորմությանն են ապավինում, իսկ Հողեփեռնեսը, հույսը սեփական զորության վրա դրած, հաջորդ օրը, զորքն ամբողջովին սպառազինելով, պաշարում է Բեթիզվա քաղաքը: Սակայն ամոնացիների, մովաբացիների և ծովեզերքի ազգերի խորամանկ իշխանները, որոնք քաջատեղյակ էին այդ տարածքներին, պատերազմելու փոխարեն առաջարկում են մի փոքր համբերել, որ զորքի կորուստ չունենան, և բեթիզվացիների աղբյուրների ակունքները փակելով` ցանկանում են նրանց ստիպել անձնատուր լինելու, քանի որ ջրի պակասությունից կհանձնվեին: Խորամանկ զորավարը հավանություն է տալիս այս առաջարկին և երեսունչորս օր առանց ընդհարումների շարունակում է պաշարումը:

Այս է  պատճառը, որ քաղաքում ջուրը հետզհետե պակասելով` սկսում են ջուրը չափով բաժանել, մինչև  հազիվ մի օրվա ջուր է մնում: Բնակիչները, ծարավից մահվան շեմին հասնելով, այնքան են տկարանում, որ ընկնում են փողոցներում, և  քանի որ ոչ մեկից օգնության հույս չեն ունենում, հարձակվում են Ոզիայի և քաղաքի ծերերի վրա` ասելով. «Թող Աստվա´ծ ձեզ դատի, մեզ կոտորելո՞ւ եք, ինչո՞ւ չհնազանդվեցիք ասորեստանցիներին, ոչ մեկը մեզ չի փրկելու, և Աստված էլ մեզ նրանց ձեռքը մատնեց, որ կորչենք, հանձնե´ք քաղաքը, գերի ընկնելը մահանալուց լավ է»:

Երբ ժողովուրդն այսպիսի հուսահատական խոսքեր ասելուց հետո սկսում է սաստիկ լացուկոծը, ծերերն աղաչում  և պաղատում են Աստծուն, և Ոզիան էլ ճարահատյալ հանձն է առնում հանձնել քաղաքը, եթե հինգ օր ևս համբերեն, և Աստծու գթությանը վստահ` այսպիսի խոստումով բաց է թողնում ժողովրդին: Իրոք, նա առանց Աստծուց հույսը կտրելու քաղաքի պարսպին և աշտարակներին մարդիկ է նշանակում, որպեսզի հարկ եղած դեպքում դիմադրեն թշնամուն, այսպիսով, անորոշ մի հույս ոգևորում է բարեպաշտ իշխանին:

Այսուհանդերձ, մարդկայնորեն մտածելով`պարզ էր, որ ոչ մի հնար չէր կարող լինել, ուստի և´ Ոզիան, և´ ծերերը բոլոր առումներով մտատանջության են մատնվում, շվարում` չիմանալով, թե ի´նչ պետք է անեն փրկության համար: Արդ, վերոհիշյալ այրի կինը՝ Հուդիթը, իրավիճակին ամբողջովին տեղեկանալուց հետո, կանչելով Ոզիային և ծերերին, այսպես է խոսում. «Լավ չարեցիք, որ ժողովրդին խոստացաք, որ  եթե հինգ օրվա ընթացքում օգնություն չլինի, քաղաքը կհանձնեք, քանի որ այսպիսի  պայմանը նշանակում է Աստծուն փորձել, սակայն ո՞վ կարող է տեղյակ լինել նրա խորհուրդներին, եթե ցանկանա, կարող է փրկել, դուք Նրա կամքին չափ և սահման մի՛ դրեք, միայն աղոթե՛ք, աղաչե՛ք և Նրա գթությո´ւնը հայցեք»:

Երբ Հուդիթն այսպիսի շատ խոսքեր է ասում ծերերին, նրան շատ են հավանում և միևնույն ժամանակ նրանից խնդրում են, որ նա էլ Աստծուն աղոթի և աղաչի ազգի փրկության համար: Հուդիթը նրանց պատասխանում է. «Դուք քաղաքի դարպասների պահապաններին պատվիրե´ք, որ այս գիշեր քաղաքից իմ դուրս գալու ժամանակ պատրաստ լինեն բացելու դարպասները, և ինձ ընդհանրապես մի´ հարցրեք, թե ինչ պիտի անեմ»: Քանի որ քաջասիրտ կինը, Աստծու վրա հույս դնելով, մտադրություն և ցանկություն ուներ գնալու Հողեփեռնեսի մոտ և մի հնարքով նրան սպանելու, սակայն իր մտադրությունը չի ցանկանում որևէ մեկին հայտնել, մինչև Աստծու ողորմությամբ այն իրականացնի:

Նրանք, իմանալով, որ նա իմաստուն և սուրբ կին է, պատասխանում են. «Բարի՛, գնա´ խաղաղությամբ և Իսրայելի Աստվածը թող հետդ լինի»: Այս ամենով հանդերձ իրենք էլ ամենայն արթնությամբ հոգում են պարսպի հսկողությունը:

Այստեղ հարկ է նկատի ունենալ Հուդիթի մեծ հավատքը, քանի որ երբ ծերերը գնում են, խարազանազգեստ հագնելով` գետնամած խոնարհվում է Աստծու մեծության առջև և գլխին մոխիր ցանելով` սրտագին պաղատանքներով և աղոթքներով դիմում  Աստծուն՝ խնդրելով, որ իսրայելացիներին գթալով` զորություն պարգևի, որպեսզի մտադրությունն իրագործելով` Աստծու զորությունը և Իսրայելի հանդեպ ունեցած բարությունը աշխարհին հայտնի լինեն:

Երբ Հուդիթն աղոթում է Բեթիզվա քաղաքում, միևնույն ժամին Աստծու քահանաները Երուսաղեմի տաճարում խնկարկություն են անում: Աղոթքն ավարտելուց հետո կանչում է իր աղախնին և ըստ իրենց սովորության` լվացվելով օծվում է անուշահոտ յուղերով և տոնական զգեստներ է հագնում ու զարդարվում` ինքն էլ երիտասարդ և անչափ գեղեցիկ լինելով, այնպես որ նրան տեսնող որևէ մեկը չէր կարող չհիանալ նրա գեղեցկությամբ, և մի քանի օրվա համար հաց, գինի և այլ անհրաժեշտ բաներ պայուսակը դնելով` աղախնի հետ քաղաքի դարպասների կողմն է քայլում:

Ոզիան և ժողովրդի ծերերը, որոնք այնտեղ էին, նրա հրապուրիչ գեղեցկությունն ու զարդարանքները տեսնելով` զարմանքից ապշում են, քանի որ այդ երկյուղած կնոջը երբեք այդպիսի կերպարանքով չէին տեսել և նրան օրհնելով` բացում են դուռը,  և նա ամենայն զգուշությամբ աղախնի հետ դեպի ասորիների բանակն է քայլում:

Քանի որ գիշեր էր, ուստի հանդիպում է պահակներին, որոնք հարցնում են, թե ո´վ է և ո´ւր է գնում: Հուդիթը շտապում է պատասխանելու, որ ինքն իսրայելացի է և որ իսրայելացիների ձեռքից փախել է և Հողեփեռնեսի մոտ պիտի գնա, որպեսզի քաղաքը գրավելու մի հեշտ ճանապարհ ցույց տա:

Այդ ժամանակ պահակները նրան պատվով տանում են Հողեփեռնեսի վրանը, որը տեսնելով նրա հրաշալի գեղեցկությունը` զարմանում և ասում է. «Մի՛ վախեցիր. ով հնազանդվում է Նաբուգոդոնոսորին, ոչ մի չարիք կամ վնաս չենք պատճառում նրան», և երբ հարցնում է նրա գալու պատճառը, Հուդիթը, երեսնիվայր խոնարհությամբ ողջունելով նրան, Հողեփեռնեսի սրտին հաճելի խոսքերով սկսում է գովել Նաբուգոդոնոսորին և միաժամանակ հայտնում` ինքը գիտի այն, ինչ որ նրան Աքիովրն է ասել  իսրայելացիների մասին, և հաստատում է նրա խոսքերը, որոնք կատարյալ ճշմարտություն են: Իսրայելի Աստծու զորությունն ու արդարությունը հայտնապես խոստովանելուց հետո շարունակում է. «Իսրայելացիները մինչև չմեղանչեն Աստծու դեմ, ոչ մեկը չի կարող վնասել նրանց, քանի որ Աստված պահպանում է նրանց, իսկ եթե Աստծու հրամաններին դեմ են լինում, Աստված արդարությունը գործադրելու համար թշնամու ձեռքով պատժում է նրանց»:

Հետո Հուդիթն ավելացնում է. «Այժմ Իսրայելը մեղանչել է, քանի որ քաղաքում խմելու ջուր և ուտելու կերակուր չի մնացել, և անտանելի նեղության մեջ են: Պարզ է, որ պիտի պատժվեն, քանի որ Աստված ինձ ուղարկել է, որ քեզ հետ մի մեծ գործ կատարեմ, այնպիսին, որ լսողն ապուշ կտրի, որովհետև աղախինդ միշտ Աստծուն աղոթում է և խընդրում թույլ տալ  այստեղ մնալու և աղոթելու. Աստված ինձ կհայտնի իսրայելացիների մեղանչելու մասին, և ես էլ իմ հերթին, քեզ տեղեկացնելով, քեզ կառաջնորդեմ Իսրայելի երկրները, մինչև իսկ` Երուսաղեմ, որպեսզի այն գրավես, և ոչ մեկը չկարողանա դիմադրել քեզ»:

Արդարև, Հուդիթի այսպիսի խոսքերը Հողեփեռնեսին և նրան շրջապատող մարդկանց շատ հաճելի են թվում, նրանք  գովում են նրա գեղեցկությունն ու իմաստությունը և հայտարարում, որ նրա նման կին աշխարհում չկա: Մանավանդ անմիտ զորահրամանատարը, բոլորից ավելի հավանելով և սիրելով այդ խոսքերը, խոստանում է ընդունել Հուդիթի աստծուն, երբ նրա բոլոր ասածները կետ առ կետ կատարվեն: Ապա իր վրանի մոտ նրա համար հատուկ տեղ պատրաստելով` հրամայում է նաև կերակուր  տալ նրան, սակայն Հուդիթը, նրա հյուրասիրությունից չօգտվելով, միայն իր  ուտելիքից է օգտվում, որպեսզի օրենքի դեմ չմեղանչի:

Այսպիսով, Հուդիթը երեք օր մնում է այնտեղ, գիշերները բանակից դուրս գալով Բեթիզվայի մոտ մի ջրի աղբյուր է գտնում և ըստ սովորության` այնտեղ լվացվում և աղոթում և ապա վերադառնում է, և ոչ մեկը նրան չի արգելում, քանի որ նրա խնդրանքով Հողեփեռնեսը պատվիրել էր, որ նրա ելումուտին արգելք չլինեն: Չորրորդ օրը զորավարը մեծ խնջույք է տալիս իր հրամանատարներին, որին Հուդիթն էլ է հրավիրվում. թեև նա ուրախությամբ է գնում խնջույքին, սակայն իր կերակուրից է ուտում:

Այստեղ ուշադրության է արժանի Հողեփեռնեսի ողորմելի վիճակը. քանի որ անմիտը, սիրահարված լինելով եբրայեցի կնոջը, այնքան է խմում, որ ամբողջ կյանքում այդքան խմելու սովոր չէր: Գիշերն ընկնելուն պես հրավիրվածները վրանից կամաց- կամաց դուրս են գալիս, քանի որ նրանք նույնպես արբել էին և անկարող էին մնալու, ուստի վրանում մնում են միայն Հողեփեռնեսը և Հուդիթը. մեկը` հարբած, իսկ մյուսը` ամբողջությամբ սթափ: Վրանի դռնապանն էլ շտապում է՝ դուռը նրանց վրա փակելու, ինչպես որ նախապես հրաման էր ստացել իր տիրոջից:

Սակայն, բարեբախտաբար, Հողեփեռնեսն էլ անկարող էր այլևս արթուն մնալու, և հենց իր գահավորակին խոր քուն մտնելուն պես Հուդիթը պատվիրում է իր նաժիշտին դրսում սպասել և ինքը, նորից աղոթելով, Աստծուց զորություն է խնդրում և անմիջապես վերցնում է Հողեփեռնեսի դաշույնը և  կտրելով նրա գլուխը` մարմինը գահավորակից վայր է գցնում: Մի ժամ հետո վրանից դուրս գալու համար զորավարի գլուխը դնում է պայուսակի մեջ և վրանի դուռն էլ փակելով` նախորդ գիշերների նման, կարծես թե աղոթելու է գնում, աղախնի հետ դուրս է գալիս բանակից, և ոչ մեկը նրանց չի արգելում:

Երբ Հուդիթը լեռան ստորոտից քաղաքին է մոտենում, հեռվից «Բացե՛ք դուռը, Աստված մեզ հետ է» ձայն տալուն պես (Հուդիթ 13:13) դռնապանները նրա գալու մասին քահանաներին և քաղաքի ծերերին են հայտնում, Հուդիթին տեսնելու համար բոլոր բնակիչները լապտերներով և ճրագներով իսկույն դուրս են գալիս իրենց տներից և շատ են զարմանում նրա վերադարձից: Այսպիսով, դարպասները բացում են, և Հուդիթը ներս մտնելով ասում է. «Օրհնեցե՛ք Աստծուն, որ չխնայեց Իր ողորմությունը իսրայելացիների համար» (Հուդիթ 13:17), մանավանդ Հողեփեռնեսի գլուխը պայուսակից հանելով` բոլորին ցույց տալուց հետո նրանք ուրախությամբ, Աստծուն օրհնելով, շնորհակալ են լինում: Այն ժամանակ Ոզիան էլ, օրհնելով Հուդիթին, գովում է նրա հավատքն ու քաջությունը, և ամբողջ ժողովուրդը միաձայն աղաղակում են` ամեն:

Ապա Հուդիթը կանչում է վերոհիշյալ Աքիովրին, և երբ ցույց է տալիս Հողեփեռնեսի գլուխը, հիշյալը երկյուղից ուշագնաց է լինում: Երբ ուշքի է գալիս, երկրպագում է Հուդիթին և գովում  նրա: Հուդիթը մեկ առ  մեկ պատմում է, թե ինչպես է Աստծու օգնությամբ գործը գլուխ բերել, ամբողջ ժողովուրդը բարձրաձայն փառաբանում է Աստծուն, հիշյալ Աքիովրն էլ, ի սրտե հավատալով Աստծուն, ընդունում է իսրայելացիների օրենքները: Հուդիթի կարգադրությամբ առավոտյան Հողեփեռնեսի գլուխը կախում են քաղաքի պարսպի աշտարակից, և միաժամանակ զինված ժողովուրդը հարձակման է անցնում: Ասորիները, սա տեսնելով, գնում են Հողեփեռնեսի վրան` նրան տեղեկացնելու, և դուռը փակ գտնելով`կարծում են, որ Հուդիթի հետ քնած է:

Հետո ձայն են տալիս, և երբ ներսից պատասխան չեն լսում, դռնապանը, համարձակություն առնելով, ներս է մտնում և Հողեփեռնեսի արյունաշաղախ դիակը գետնին փռված և գլուխը կտրած տեսնելուն պես պատռում է իր հագուստը, սկսում է իրեն հարվածել և ողբալ: Մանավանդ Հուդիթի վրանն էլ գնալով` այնտեղ նրան չեն գտնում, ուստի ինքնաբերաբար գործի էությունը հասկանալով` Հողեփեռնեսի հրամանատարները երկյուղից պատռում են իրենց զգեստները:

Նմանապես ամբողջ զորքին այնպիսի երկյուղ է պաշարում, որ շփոթված և շվարած, չիմանալով ինչ անել, թողնում են ամեն ինչ, և բանակն ու ամեն մեկը մի-մի կողմ են փախչում, և իսրայելացիները, ընկնելով նրանց հետևից, սկսում են կոտորել: Այն ժամանակ Ոզիան Իսրայելի բոլոր քաղաքները մարդ է ուղարկում, որ շտապեն և զինվեն, ուստի նրանք էլ դիմավորելով փախչող ասորեստանցիներին, այնպես են կոտորում և հալածում նրանց, որ Իսրայելում մի թշնամի անգամ չի մնում: Բեթիզվա քաղաքի բնակիչները թշնամու բանակը կողոպտելու ընթացքում այնքան ունեցվածք և կենդանիներ են գտնում, որ երեսուն օրում հազիվհազ կարողանում են ավարառությունն ավարտել:

Վերոհիշյալ Հովակիմ քահանան և ժողովրդի ծերերը, հատկապես Հուդիթին տեսնելու համար Երուսաղեմից Բեթիզվա գալով, գովում և օրհում են քաջասիրտ կնոջը և շնորհակալություն հայտնում Աստծուն: Նաև իսրայելացիների բոլոր քաղաքներից պատվարժան մարդիկ՝ տղամարդիկ և կանայք, խումբ-խումբ Բեթիզվա գալով, անպատմելի ցնծությամբ և գոհաբանական երգերով օրհնում և փառավորում են Աստծուն: Հուդիթը նրանց բոլորին նվիրում է արմավենու ոստեր, ձիթենու ճյուղեր և ծաղիկներ: Նրանք էլ իրենց հերթին Հուդիթին են  նվիրում  Հողեփեռնեսի ամբողջ ունեցվածքը՝ վրանը, կահկարասին, ոսկեղեն և արծաթեղեն անոթները ու գանձերը, որոնք էլ բարեպաշտ կինն իր հերթին նվիրում է տաճարին: Ապա Երուսաղեմ գնալով` տաճարում ամենայն երախտագիտությամբ երկրպագում են Աստծուն և զոհեր մատուցում:

Այնուհետև Հուդիթը ծերանալով արձակում է իր նաժիշտին և,  ողջ հարստությունը ամուսնուն՝ Մանասեին, և իր ազգականներին բաժանելով, մահանում հարյուր հինգ տարեկան հասակում, և բոլոր իսրայելացիները յոթ օր սուգ են պահում նրա մահվան համար: Հուդիթի այս քաջարի գործը հայտնի է դառնում ամբողջ աշխարհում, և՛ նրա կենդանության, և՛ նրա մահվանից հետո երկար ժամանակ թշնամիներ չեն երևում, և իսրայելացիները հանգիստ ապրում են:

 

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․