6 Հոկտեմբեր, Կիր
Քառասուն օր: Որովհետև անդրանիկ որդուն ծնող կինը, մինչև քառասուն օրը լրանալը տեղից դուրս չելնելով, քառասուներորդ օրը պարտավոր էր ըստ օրենքի իր որդուն ընծայել Աստծուն (ինչպես չորրորդ դարի Լ. հարցում հիշվեց): Սուրբ Աստվածածինը և հայր Հովսեփը ևս նույն օրենքը գործադրելու համար քառասուներորդ օրը Հիսուսին և իբրև ընծա՝ մի զույգ տատրակ (կամ աղավնի) Երուսաղեմի տաճարն են տանում:
Հիրավի, սուրբ Աստվածածինը պարտավոր չէր այս պատվիրանը գործադրելու, որովհետև կուսությամբ էր ծնել, սակայն քանի որ Հիսուսը եկել էր օրենքը լրացնելու, դա կատարելով հանդերձ (=հետ, միասին)՝ այս պարագայում կատարվեց նաև Ամբակում մարգարեի ձեռքով գրվածը, թե «Աստված հարավից պիտի գա», որովհետև Բեթղեհեմը Երուսաղեմից հարավ է ընկած: Նմանապես, այստեղ կատարվեց նաև Մաղաքիա մարգարեի պատգամը, թե՝ «Տերը հանկարծ իր տաճարը պիտի գա, նա, որին դուք փնտրում եք»:
Բացի սրանից, Երուսաղեմ քաղաքում Սիմեոն անունով մի շատ ծեր մարդ կար, որը, ամեն ինչում առաքինի և արդար լինելով, Փրկչի գալստյան ականատեսը լինելու գեղեցիկ բաղձանքի համար Տիրոջից չմեռնելու հրաման էր ստացել, մինչև որ տեսնի նրան: Ահա նույն օրը աստվածային ազդեցությամբ Սիմեոն ծերունին տաճար է գալիս, Հիսուսին իր գիրկն է առնում և մեծ գոհունակությամբ սկսում է օրհնել Աստծուն՝ ասելով՝ «Այժմ քո հրամանի համաձայն՝ արձակի՛ր ծառայիդ խաղաղությամբ, որովհետև տեսա քո գալուստը աշխարհ՝ մարդկանց փրկության համար, որ լույս ես հեթնոսների և փառք՝ Իսրայելի ժողովրդի համար»:
Ծերունի Սիմեոնի այդ խոսքերից Հովսեփն ու Սբ. Աստվածածինը զարմացան, բայց նրանց ևս օրհնելուց հետո նա հայտնում է, որ Հիսուսին հավատացողները փրկություն, իսկ չհավատացողները դատապարտություն պիտի գտնեն, և այդ պատճառով երկու կողմերի միջև սաստիկ հակառակություն պիտի լինի, և սուրբ Աստվածածնի սիրտը որպես թե սրով պիտի խոցվի, ինչպես որ Հիսուսի խաչելության ժամանակ, արդարև, սուրբ Աստվածածնի սիրտը անհնարին վշտով խոցվեց, երբ գորովագութ մայրը իր սիրելի որդու չարչարանքն իր աչքով տեսավ, երբ նրա դառնաղետ մահվան ողբալի տեսարանին անձամբ ականատես եղավ:
Լա՛վ հիշիր Հիսուսին հավատացողների և չհավատացողների տարբերությունը, որովհետև արեգակն իր ճառագայթն ու լույսը ոչ ոքի համար չի խնայում և ամենքին էլ լուսավորում է, բայց նա, ում աչքը կույր է և կամ հիվանդոտ, կամ էլ նա, ով իր պատուհանը չի բացում, իհարկե, արեգակի լույսից կզրկվի: Այդպես էլ Փրկիչը բոլոր մարդկանց փրկության համար եկավ, բայց նրա հրամանին կատարյալ հավատով հնազանդվող մարդիկ կփրկվեն, իսկ չհավատացողներն իրենց համառ չարության պատճառով, իհարկե, կկորչեն:
Երբ Սիմեոն ծերունին տաճարում Հիսուսի մասին էր խոսում, Ասերի ցեղից Փանուել անունով մի բարեպաշտ անձի դուստրը՝ Աննա մարգարեն, որն իր ամուսնու հետ յոթ տարի ապրելով՝ նրա մահից հետո ութսունչորս տարի որբևայրի էր մնացել և միշտ ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր ու ցերեկ Աստծուն էր ծառայում առանց տաճարից հեռանալու, նույնպես գալիս ու գոհանում է Աստծուց և Մեսիայի գալուստն ակնկալող մարդկանց հետ խոսում է Հիսուսի մասին, որովհետև աստվածային ազդեցությամբ իմացել էր նրա ով լինելը:
Հովսեփը և Մարիամը անդրանիկ որդու նկատմամբ օրենքի բոլոր պահանջները կատարելուց հետո վերադարձան Գալիլեայում իրենց Նազարեթ քաղաքը: Սակայն Աստծու հրեշտակը, երազում Հովսեփին երևալով, ասում է. «Վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս և այնտեղ մնա, մինչև քեզ ասեմ, քանի որ Հերովդեսն ուզում է սպանել մանկանը»: Հովսեփը գիշերով վերցնում է մանկանն ու նրա մորը և ըստ պատվիրանի՝ գնում է Եգիպտոս, որով կատարվեց Հիսուսի մասին Օսեե մարգարեի մարգարեացած խոսքը, թե՝ «Եգիպտոսից կկանչեմ որդուս»: