Փարիսեցիները բարկացա՞ն, որ Հիսուսը ժողովրդին մկրտելու համար աշակերտներ ունեցավ:

Բարկացան, որովհետև միշտ նախանձում էին, որ ժողովրդի առջև նրա անունը փառավորվում էր: Եվ Հիսուսը, նրանց մտադրությանը տեղյակ լինելով, նրանց բարկությունը մեղմելու համար և մանավանդ այն պատճառով, որ դեռ չէր եկել իր՝ խաչը ելնելու ժամանակը, Գալիլեայի կողմերն է քաշվում: Սամարիայի գավառով անցնելիս կեսօրին Սյուքար քաղաքն է գալիս, որի մոտ էր Հակոբ նահապետի՝ իր Հովսեփ որդուն տված գյուղը (տե՛ս երրորդ դարի ԼԹ. հարցը): Քաղաքից դուրս մի ջրհոր կար, որը Հակոբ նահապետի անունով էր կոչվում, որովհետև նա էր փորել այն:

Այն ժամանակ, երբ Հիսուսը նստած էր ջրհորի մոտ, մի սամարացի կին գալիս է  ջուր քաշելու: Հիսուսը, որն այդ կնոջը պետք է ողորմություն աներ, ջուր է ուզում նրանից, որովհետև աշակերտները ուտելիք գնելու համար քաղաք էին գնացել: Սակայն հրեաները, կրոնական խնդիրներում սամարացիներին հակառակ լինելով, զգուշանում էին նրանց հետ մտերմական հարաբերություններից: Այդ պատճառով կինն առարկում է. «Դու հրեա ես, ինչպե՞ս ես սամարացուց ջուր ուզում»: Հիսուսը պատասխանում է. «Եթե իմանայիր Աստծու ողորմությունը, այսինքն՝ ո՛վ է քեզնից ջուր ուզողը, դո՛ւ նրանից ջուր կուզեիր, և նա քեզ  կենաց ջուր կտար»:

Թեև այս բառը հոգևոր իմաստով որպես մկրտություն  է ընկալվում, սակայն կինը, որպես հասարակ ջուր հասկանալով, պատասխանում է. «Տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և այլևս այս ջրհորից ջուր վերցնելու չգամ»: Արդ, այս կինը, օրինազանց կենցաղ ունենալով, հինգ տղամարդ էր փոխել: Հիսուսը, որ նրան ապաշխարության էր հրավիրելու, ասում է կնոջը. «Գնա՛ և ամուսնուդ այստե՛ղ կանչիր»: Կինը պատասխանում է, որ ամուսին չունի: Երբ Հիսուսը նրա բերանից այս խոստովանությունն առավ, պատասխանեց. «Ճշմարիտ է ասածդ, քանի որ հինգ ամուսին փոխելով՝ ներկա ունեցածդ քո ամուսինը չէ»: 

Այդ ժամանակ կինը հասկացավ, որ իր գործերը հայտնի են Հիսուսին, մինչդեռ ինքը, մինչև այդ պահը նրան սովորական մեկը համարելով, ասել էր, թե՝ «Դու դույլ իսկ չունես, որ ջրհորից ջուր հանես. մի՞թե դու առավել մեծ մարդ ես, քան  մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ է տվել,  և ինքն ու իր որդիները այս ջրից են խմել»: Ուստի երբ Հիսուսը կնոջը նրա կյանքի թաքուն գործերը հայտնեց, կինը,նրան մարգարե կարծելով, ջրի խնդիրը բաց թողեց և հրեաների ու սամարացիների միջև եղած կրոնական խնդիրը առաջ բերելով՝ կամեցավ իմանալ, թե ճշմարտությունը ո՞ւմ կողմն է՝ հրեաների՞, թե՞ սամարացիների:

Որովհետև հրեաներն ասում էին, թե կարգ է Աստծուն աղոթել ամենուրեք, սակայն զոհ մատուցել պետք է միայն տաճարում: Սրան հակառակ՝ սամարացիները պնդում էին, թե Գարիզին լեռան վրա է պետք Աստծուն աղոթել և զոհ մատուցել, իսկ այդ լեռը վերոհիշյալ Սյուքար քաղաքի մերձակայքում է: Այս մասին հայտնելու համար, թե երկու կողմերի վեճը խափանվելու է, Հիսուսը պատասխանում է. «Ժամանակ պիտի գա, և արդեն իսկ եկել է, որ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ Երուսաղեմ քաղաքում, այլ մարդիկ կատարյալ հավատով և հոգով են երկրպագելու Աստծուն, քանի որ նրան  պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն»:

Կինը, թեև հասկացավ այս խոսքի ճշմարտությունը, սակայն կրկին ասաց. «Գիտենք, որ Մեսիան պիտի գա և այս ամենը պետք է սովորեցնի»: Կնոջ այս պատասխանի վրա Հիսուսը պարզապես հայտնում է, թե ինքն է Մեսիան, որպեսզի ուրախանա: Իրոք, նա այնքան է ուրախանում, որ Հիսուսի լուրը ուրիշներին ևս հայտնելու նպատակով, մինչև իսկ իր սափորն այնտեղ թողնելով, իսկույն քաղաք է գնում և բնակիչներին ասում. «Եկե՛ք, տեսե՛ք մի մարդու, որն իմ բոլոր գործերն ինձ պատմեց. արդյոք նա՞ է Մեսիան»:

Ինչպես վերևում ասվեց, որովհետև աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու, այդ ժամանակ գալիս ու զարմանում են Հիսուսի և կնոջ խոսակցության վրա, բայց չհամարձակվելով պատճառը հարցնել, աղաչում են, որ կերակուր ուտի, և նա պատասխանում է. «Ես կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»:  Աշակերտները, մտածելով, թե մարմնավոր կամ նյութական կերակուրի մասին է խոսում, սկսում են միմյանց հարցնել, թե արդյոք մեկը կերակուր բերե՞լ է նրան: Հիսուսը նրանց հարցին ինքն է պատասխանում. «Իմ կերակուրն այն է, որ ես ինձ ուղարկողի հրամանը կատարեմ»:

Արդարև, Հիսուսը, որ եկել էր Հայր Աստծու կամքով մարդկային ցեղը մեղքերի լծից փրկելու, հայտնում է նաև, թե ինքն էլ իր կողմից առաքյալներ պիտի ուղարկի, և քարոզությամբ նրանց հավատացողները երկնային անվախճան կյանքի պիտի արժանանան, և թե մարգարեներն ու առաքյալները հավասարապես  Աստծու արքայության մեջ պետք է հրճվեն: Հետո այլաբանորեն հավելում է. «Տեսե՛ք, բերքը հասել է»:  Հիրավի, այդ ժամանակից մինչև հունձը չորս ամիս կար, բայց որպես ներկա, որպես հասած ցույց տալով՝ հասկացնում է, թե մարդիկ առաքյալների քարոզությունը պիտի ընդունեն, որպեսզի աշակերտները ուրախ լինեին այդ բանի համար:

Որովհետև   հնագույն մարգարեները, Մեսիայի գալը գուշակելով, իբր թե արդեն արտում սերմը ցանել էին, իսկ առաքյալները, նրա գալուստը հայտնապես քարոզելուվ, հասունացած բերքը քաղեցին: Այս կերպ մարգարեների և առաքյալների գառները հավասարապես ցնծալու իրավունք ունեցան, ըստ Փրկչի խոսքի: Երբ Հիսուսն այսպես խոսում էր, Սամարիայի բնակիչներից շատերը գալով նրա քարոզությունները լսեցին, և նրանց հատուկ խնդրանքով Հիսուսը երկու օր նրանց մոտ մնաց: Փրկչի խոսքերը նրանց այնքան հաճելի եղան, որ կատարելապես հավատալով նրա առաքելությանը՝ վերոհիշյալ կնոջն ասում էին. «Այսուհետև ոչ թե քո խոսքով ենք հավատում նրան, այլ մենք ինքներս լսեցինք նրա վարդապետությունները և գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի Փրկիչը, որ գալու էր:

Հիսուսը երկու օր Սամարիայում մնալուց հետո գնում է Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ նախկինում ջուրը գինու էր փոխել, և որտեղ մի պալատական, որի որդին Կափառնայում քաղաքում մահացու հիվանդ էր, Հիսուսի գալստյան մասին լսելով, նրա մոտ է գնում և աղաչում, որ Կափառնայում գնա և իր որդուն բժշկի: Հիսուսը պատասխանում է. «Մինչև որ հրաշք չտեսնեք, չեք հավատա»: Նա վերստին աղաչելով ասում է. «Տե՛ր, քանի դեռ որդիս չի մեռել, հաճի՛ր գալ և բժշկել նրան»: Փրկիչն ասում է պալատականին. «Գնա՛, որդիդ առողջ է»: Այս խոսքին լիովին հավատալով՝ նա գնում է, ու դեռ Կափառնայում չհասած՝ ծառաները դիմավորում են նրան՝ ավետիս տալով, թե որդին լրիվ բժշկված է:

Որովհետև Հիսուսը, երբ կամեցավ նրա որդուն բուժել, հիվանդը նույն րոպեին Կափառնայում քաղաքում իսկույն բժշկվեց: Այդ ժամանակ պալատականը, չափազանց ուրախանալով, հարցրեց, թե ե՛րբ բժշկվեց: Ծառաները հայտնեցին, թե՝ երեկ ժամը յոթին, որով մարդը իմանում է, որ երբ Հիսուսն ասաց՝ «Գնա՛, որդիդ առողջ է», հիվանդն իրոք առողջացել է: Այս պատճառով ինքն իր ամբողջ գերդաստանով հավատաց Հիսուսին: Վերոհիշյալ հրաշքից հետո Հիսուսը, լսելով, որ Հովհաննեսը բանտարկված է, գնում է ստորին Գալիլեայի կողմը՝ դեպի Կափառնայում, որպեսզի այդ կողմերում ևս սկսի քարոզել  և հրաշագործել:

 

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․