Հիսուսը ժողովրդին ինչո՞ւ պատվիրեց, որ իր մասին ոչ ոքի ոչինչ չասեն:

Սուրբ Գրքում իր մասին գրված մարգարեությունը կատարելու համար: Քանի որ Եսայի մարգարեն այսպես էր գրել նրա մասին. «Հակառակություն չպիտի հարուցի, աղաղակ չպիտի բարձրացնի: Նրա ձայնը հրապարակում ոչ ոք չպիտի լսի: Ջախջախված եղեգը չպիտի փշրի և առկայծող պատրույգը չպիտի մարի, մինչև որ հաղթանակ տանի, և հեթանոսները հույս պիտի դնեն նրա անվան վրա»: Այս մարգարեությունը կատարվեց, քանի որ փարիսեցիները թեև կամեցան սպանել նրան, բայց ինքը՝ Հիսուսը, առանց նրանց հանդիմանելու կամ պատժելու, այնտեղից լռությամբ հեռացավ, և դրանով հայտնի դարձավ, որ նա հեզ է և սրտով խոնարհ:

Հիրավի, նրանք խիստ պատժի էին արժանի, քանի որ հայտնի էր, որ նա է Մեսիան, որին ոչ միայն չհավատացին, այլև կամեցան սպանել: Սակայն Հիսուսը, իր մեծ ողորմության պատճառով համբերելով, նորից քարոզում է ու հրաշագործում, որպեսզի զգաստանալով ուղղվեն և ապագա ահավոր դատապարտությունից ազատվեն, որովհետև որքան որ ժողովրդին պատվիրեց չհայտնել իր գտնվելու տեղը, նույնիսկ այնտեղ նորից հրաշք գործեց:

Ինչպես որ  նույն միջոցին նրա մոտ բերեցին համր ու կույր մի դիվահարի, որ նրան բժշկի, և երբ Հիսուսը բժշկեց, ամենքը զարմացան ու ասացին. «Արդյոք սա՞ է Դավթի որդին՝ Քրիստոսը»:  Որովհետև միաժամանակ երեք տեսակի հրաշք գործեց այդ մարդու վրա. խելագար էր, խելքը գլուխը եկավ, կույր էր, աչքերը բացվեցին, համր էր, սկսեց խոսել:  Այս հրաշքն այնքան հայտնի դարձավ, որ Երուսաղեմից, Հորդանանի դիմացի կողմից, Տյուրոս և Սիդոն քաղաքներից անհամար ժողովուրդ էր գալիս նրա մոտ:

Դարձյալ մի համր դիվահար էլ բերեցին նրա մոտ: Երբ Հիսուսը նրանից դևին հանեց, լեզուն իսկույն բացվեց, և նա սկսեց խոսել: Դա տեսնողները զարմացած սկսեցին ասել, թե՝ «Իսրայելի ազգի մեջ այսպիսի բան երբեք տեսնված չէր»: Բայց փարիսեցիները, նախանձից դրդված, ասում էին. «Այս մարդը դևերի իշխանի զորությամբ է հանում դևերին»:

Տե՛ս փարիսեցիների կույր չարությունը: Հիսուսի հրաշագործությունը տեսնելով որքան որ ժողովուրդն ուրախանում էր և Փրկչին փառավորում, փարիսեցիներն այնքան ավելի չարանալով նրան վարկաբեկելու միջոցներ էին հնարում: Եվ որովհետև նրանց մտադրությունը ըստ ամենայնի հայտնի էր Հիսուսին, այդ պատճառով շտապում է հերքել նրանց վերոհիշյալ խոսքը՝ ասելով. «Օրինակ՝ մի թագավորություն կամ քաղաք կամ տուն, երբ ինքն իր մեջ բաժանված է, չի կարող կանգուն և հաստատ մնալ, այլ շուտով կքայքայվի և կկործանվի: Կամ էլ զորավոր մի մարդու տունը կողոպտելու համար նախ նրան կապել է պետք, ապա նրա ունեցվածքը հափշտակել: Ահա այսպես էլ, եթե սատանան սատանային հալածում ու նրան հանում է, ուրեմն ինքն իրեն հակառակ է, հետևաբար նրա իշխանությունը քայքայված է»:

Նրանց խոսքերի ստությունն ու բնությանը հակառակ լինելը այսպես բացահայտելուց հետո Հիսուսն ավելացրեց. «Եթե ես դևերի իշխանի զորությամբ եմ հանում դևերին, աշակերտներս, որ ձեր որդիներն են, ինչպե՞ս և ինչո՞վ են հանում: Այս պատճառով նրանք պիտի դատեն ձեզ»: Որովհետև ոչ միայն Հիսուսը, այլև նրա աշակերտները, նրա անունից սատանայի վրա իշխելով, հանում էին դևերին, և այսպես սատանայի զորությունը խորտակվում էր հայտնապես:

Արդ, այս պարագայում փոխանակ ուրախությամբ Հիսուսին հավատալու, ինչպես պարտավոր էին, քանի որ նա եկել էր սատանայի իշխանությունից իրենց փրկելու, փարիսեցիները, ընդհակառակը, նախանձով լցված, իրենց անարժան խոսքերով Սուրբ Հոգու դեմ հայհոյություն էին անում: Այս պատճառով Հիսուսը հայտնեց, որ նրանք թողության արժանի չեն, որովհետև Սուրբ Հոգու զորությամբ կատարված հրաշքները սատանայական զորությանը վերագրելով՝ ժողովրդի ծանր և անդարմանելի կորստյան պատճառ էին դառնում:

Քանի որ նրանց այսպիսի անուղղելի և չար ընթացքը իրենց սրտի չարության հետևանքն էր, նրանց իժերի ծնունդների նմանեցնելով՝ ասում է. «Իժերի ձագե՛ր, ինչպե՞ս կարող եք բարի բան խոսել, քանի որ չար սիրտ ունեք: Որովհետև մարդու բերանը սրտում եղածից է խոսում»: Իսկապես, քանի որ մարդու բերանից ելած ամեն մի խոսք սրտից է բխում, լավ մարդը լավ բաներ է խոսում, իսկ վատ և չար մարդը՝ վատ բաներ միայն կարող է խոսել: Այս մասին պետք է իմանալ, որ ոչ միայն չարախոսներն են պատժի արժանի, այլև տգեղ և անօգուտ խոսքեր խոսողներն էլ դատաստանի օրը պատասխան պետք է տան իրենց դատարկ խոսքերի համար, քանի որ ըստ Ավետարանի՝ մարդն իր խոսքերով կա՛մ պիտի արդարանա, կա՛մ դատապարտվի:

Թեպետև Հիսուսը քանիցս հայտնեց, թե ինքն է Մեսիան, որի գալստյանը հրեաները դարեր ի վեր սպասում էին, բայց դարձյալ մի քանի օրենսգետներ և փարիսեցիներ նրան փորձելու նպատակով խնդրում են, որ իրենց նշան ցույց տա: Եվ որովհետև նշան խնդրելն իրենց անհավատությունից էր գալիս, նրանց չարությունն ու անզգամությունը խստիվ հանդիմանելով՝ ասում է. «Նշան չպետք է տրվի այս ազգին, բացի Հովնան մարգարեի նշանից»:

Որովհետև ինչպես որ Հովնանը, երեք օր ու երեք գիշեր ձկան փորում մնալով, Նինվեի բնակիչների համար նշան եղավ, այդպես էլ Հիսուսը, երեք օր ու գիշեր գերեզմանում մնալով, հրեաների համար պետք է նշան լիներ: Բայց մինչ Նինվեի բնակիչները, կռապաշտ լինելով հանդերձ, Հովնանի քարոզությունը լսեցին ու ապաշխարեցին և (տե՛ս չորրորդ դարի ԽԵ. հարցը) մինչ Հարավի դշխուհին, Սողոմոնի իմաստության մասին լսելով, փափագեց անձամբ գալ և նրա իմաստուն խոսքերը մոտիկից ևս լսել, հրեաները Մեսիայի՝ մարդկության երկնավոր վարդապետի փրկարար ու աստվածային խոսքերը չլսեցին և չհավատացին, այդ պատճառով Հիսուսը վճռեց, որ դատաստանի օրը նրանք դատեն ու դատապարտեն անհավատ հրեա ժողովրդին:

Արդարև, այս պարագայում նրանք հեթանոսներից ավելի վատը եղան: Այդ պատճառով Հիսուսը նրանց նմանեցնում է մի մարդու, որից մի դև է ելնում, ու նա բժշկվում է, բայց որովհետև նորից հակվում է չարագործության, այն ելած դևը, իր հետ յոթ ուրիշ դևերի առած, կրկին բույն է դնում միևնույն մարդու մեջ, որով նրա վիճակը նախորդից վատթար է լինում: Այսպես, երբ Աստված Իսրայելի ազգին օրենք տվեց, նրանք անհավատությունից փրկվեցին, սակայն երբ առաքյալ Փրկչին չհավատալով՝ նրան սպանեցին, կռապաշտներից ավելի չար և վատ վիճակի մեջ ընկան, որովհետև հեթանոսներն առաքյալների քարոզությամբ հավատքի եկան, իսկ հրեաներն անհավատ մնացին:

Երբ Հիսուսը քարոզում էր, ժողովրդի միջից մի կին բարձր ձայնով երանի է տալիս այն որովայնին, որ կրեց նրան, և այն ստինքներին, որ սնուցեցին նրան: Փրկիչը պատասխանում է. «Մանավանդ երանի այն մարդկանց, որոնք լսում են Աստծու խոսքը և կատարում»: Այդ ժամանակ Հիսուսի մայրն ու ազգականները (որ Սուրբ Գրքում եղբայր անվամբ են հիշատակվում) եկել էին նրան տեսնելու, սակայն ահագին բազմության պատճառով չկարողանալով մոտենալ նրան՝ դրսում կանգնած էին: Երբ մեկը Հիսուսին տեղեկացրեց, որ նրանք այնտեղ էին, նա, ձեռքը դեպի առաքյալները պարզելով, ասաց. «Սրանք են իմ մայրն ու իմ եղբայրները, որոնք Աստծու պատվերը լսելով՝ կատարում են»: Այս խոսքը ոչ միայն առաքյալների, այլև բոլոր առաքինի մարդկանց  մխիթարություն և փառք է, որովհետև աստվածային պատվիրանները պահելով՝ մոր և եղբոր աստիճան սիրելի կլինեն Հիսուսին:

Աստծու օրենքն ու պատվիրանները կատարող մարդկանց փառքն ու պատիվը հայտնելուց հետո,  այդպիսի առաքինի, բարեպաշտ և սրբակենցաղ անձանց դարձյալ նմանեցնում է ճրագի, որ դրված է աշտանակի վրա, և առաքյալներին ու նրանց միջոցով բոլոր անկեղծ հավատացյալներին ազդարարում է, որ մեծապես զգույշ լինեն, որ առաքինության ճրագը անարժան ընթացքով հանկարծ չմարեն իրենց մեջ: Որովհետև ինչպես որ կույր մարդու մարմինը, այդպես էլ առաքինության ճրագը մարած մարդու հոգին խավարի մեջ կմնա, որով ո՛չ իր անձին, ո՛չ էլ այլոց օգտակար լինել չի կարող:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․