Հիսուսն առաքյալներին ինչո՞ւ հրամայեց ավելացած կտորները հավաքելով պահել:

Որպեսզի ժողովուրդը, իմանալով, որ նա ամենակարող է, հավատա նրան: Թեպետև մինչ այդ շատ հրաշքներ էր գործել, բայց այս անգամ ժողովուրդն այն աստիճան հավանեց, որ նրան մինչև իսկ թագավոր դարձնելու փափագ ունեցավ: Իսրայելի ազգի տարօրինակ վիճա՛կը տես. Հիսուսը հրաշք էր գործում, որպեսզի ժողովուրդը տեսնելով հավատա, և ինքը նրանց իր երկնավոր անվախճան թագավորության փառքին արժանանցնի, սակայն նրանք, երկրավոր մեծության ձգտելով,  ուզում են նրան թագավոր կարգել, որպեսզի նրա շնորհիվ իրենք էլ մարմնավոր մեծության և փառքի հասնեն: Քանի որ ժողովրդի այս անկարևոր մտադրությունը հայտնի էր Հիսուսին, նա առաքյալներին իսկույն ստիպում է, որ նավակով դիմացի կողմն անցնեն, մինչև որ ինքը ժողովրդին հրամայի, որ յուրաքանչյուրն իր տեղը գնա, որովհետև նրանք Հիսուսից բաժանվել չէին ուզում:  Մանավանդ որ նա նպատակ ուներ առաքյալներին իր հրաշագործ զորությունը նորից ցույց տալու:

Երբ ժողովրդին արձակեց, միայնակ ելնելով լեռը՝ մինչև երեկո աղոթեց: Առաքյալները, որ նավակով գնում էին, ցամաքից հազիվ 35-30 մղոն հեռացած՝ սաստիկ փոթորիկի հանդիպեցին և ալեկոծության պատճառով  մեծ երկյուղի մեջ էին, երբ կեսգիշերից հետո տեսան, որ մեկը ծովի ալիքների վրա քայլելով գնում էր, և երբ նավակին մոտեցավ,  թվաց, թե  նավակից այն կողմ կանցնի: Առաքյալները, սաստիկ երկյուղով լցված, բարձրաձայն աղաղակ են արձակում, քանի որ անկարող լինելով որոշելու, թե ո՛վ է, կարծում են, թե իրենց տեսածը ցնորք է:

Հիսուսն անմիջապես խոսում է նրանց հետ, և «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցե՛ք» ասելուն պես բոլորի սիրտը  հանգստանում է, և քաջալերություն են ստանում այնչափ, որ Պետորոսն ասում է. « Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ, որ ջրի վրա քայլելով քեզ մոտ գամ»: Հիսուսը պատասխանում է, թե՝ ե՛կ: Այս հրամանի վրա Պետրոսը նավակից դուրս է գալիս ու ջրի վրա քայլելով՝ գնում է Հիուսի մոտ: Սակայն հողմերի և ալիքների սաստկությունից վախեցած՝ շփոթվում է, որի պատճառով սկսում է ընկղմվել: Ահա այդ ժամանակ նորից աղաղակում է. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»:

Խորաթափա՛նց եղիր. մինչ Պետրոսը հավատում էր, մեծ քաջասրտությամբ ալիքները կոխոտելով՝ համարձակ գնում էր: Բայց երբ սկսեց տարակուսել, ալիքները, նրա հնազանդությունից ելնելով, նրան ընկղմելու տենչ ունեցան: Ապա երբ նորից միտքն ուղղելով՝ Հիսուսի կարողության նկատմամբ հավատով և հույսով աղաչեց, ալիքները դարձյալ հնազանդվեցին իրեն: Երբ Հիսուսն էլ, հանդիմանական եղանակով «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» ասելով, նրա ձեռքը բռնեց, խեղճ Պետրոսը ազատվեց ալիքների բռնությունից: Տե՛ս Հիսուսի ամենակարող զորությունը, որովհետև ոչ միայն ծովի վրա քայլեց, ինչպես ցամաքի, այլև նրա հրամանով Պետրոսը ևս կարողացավ ծովի ալիքների վրա համարձակ քայլել, ինչպես ցամաքի:

Երբ Հիսուսը եկավ ու նավակը  մտավ, հողմն իսկույն դադարեց, և ծովը խաղաղ կերպարանք առավ, այնպես որ նավակում գտնվողները, ահով ու հափշտակությամբ երկրպագելով, նրան ընդունում են որպես Աստծու Որդու, և շատ չանցած՝ նավակն էլ հասնում է, ուր որ պետք է գնային: Ապա ցամաք ելնելով՝ Գեննեսարեթի գավառն են գնում, որտեղ մարդիկ, նրան ճանաչելով, շրջակա բոլոր տեղերը լուր են ուղարկում: Եվ իմանալով նրա գտնված տեղը՝  իրենց հիվանդներին մահիճներով նրա մոտ են բերում: Մանավանդ ո՛ր գյուղ, քաղաք և ագարակ որ գնում էր, բժշկվելու փափագ ունեցող ցավագարներին ճանապարհի վրա էին դնում՝ աղաչելով, որ գոնե նրա հանդերձի քղանցքին դիպչեն: Եվ արդարև, նրանք, ովքեր մի անգամ հաջողեցրին դիպչել նրա հանդերձին, իսկույն բժշկվեցին:

Հիսուսը, որ հրաշքով հինգ հացով և երկու ձկով այնքան ժողովուրդ էր կերակրել, հաջորդ օրը, երբ Կափառնայում եկավ, և ժողովուրդը նրան որոնելով գտավ, նրանց համար այս անգամ խոսեց հոգևոր կյանք տվող բարիքների մասին, այն է՝ զոհաբերության խորհրդի մասին, որ հետո պետք է հաստատեր, և այլաբանական իմաստով հայտնեց, թե ինքը կատարյալ Աստված և կատարյալ մարդ է, և թե իրեն հավատացողներին անվախճան կյանքի պիտի հասցնի, ինչպես որ գրված է իր տեղում:

Այստեղ ուշադրությո՛ւն դարձրու փարիսեցիների և օրենսգետների չարությանը. որովհետև ժողովուրդը, Հիսուսի հրաշքները տեսնելով, մեծ հաճույքով մտադրություն և ցանկություն սկսեց հայտնել նրան թագավոր հռչակելու, նրանք, ընդհակառակը, նախանձից փափագում են սպանել նրան: Այդ պատճառով վերոհիշյալ հրաշքից հետո Հիսուսը Երուսաղեմի գավառ չի գնում, այլ Գալիլեայի կողմերում է շրջում, սակայն ոչ թե որովհետև վախենում էր, այլ այն պատճառով, որ խաչը ելնելու ժամանակը դեռ չէր հասել:

Այն ժամանակ Երուսաղեմի մի քանի օրենսգետներ և փարիսեցիներ Հիսուսի մոտ եկան և տեսնելով, որ առաքյալներից ոմանք առանց ձեռքերը լվանալու կերակուր են ուտում, ասում են Հիսուսին, թե՝ «Ինչո՞ւ քո աշակերտները հին կամ նախնիների ավանդությունը թողած՝ անլվա ձեռքով են կերակուր ուտում»: Սրա համար կամեցան Հիսուսին մեղադրել, քանի որ հրեաները սովոր էին դրսից տուն եկած ժամանակ առանց ձեռքերը լվալու չճաշել և նույնիսկ հաճախ սեղանի վրա էին լվանում, ինչպես նաև գավաթ, կաթսա ու մահճակալ անգամ լվանում էին:

Ճիշտ է, որ այս մասին օրենքի մեջ ինչ-ինչ պատվերներ կային, բայց փարիսեցիները,  իբր թե օրենքի հանդեպ նախանձախնդրությունից դրդված, հարկ եղածից ավելի էին ծանրացրել և ավելի շատ նախնիների ավանդության վրա էին իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում, քան Աստծու պատվերի: Այս պատճառով Հիսուսը թե՛ Սուրբ Գրքից և թե՛ առակներով ցույց տվեց, որ իրավունք չունեն: Այնտեղից Տյուրոսի և Սիդոնի կողմերը գալով՝ մի տուն է մտնում, որտեղ իր ով լինելը ոչ ոքի չի հայտնում, բայց նրա գալուստից շատ չանցած՝ բոլոր կողմերում իմացվում է:

Ինչպես որ մի քանանացի կին, որ փյունիկ կոչված ասորի ազգից էր, և որի դուստրը այսահարության ախտից չարաչար տառապում էր, Հիսուսի գալուստն իմանալով՝ բարձրաձայն աղաչում է նրան՝ ասելով. «Ողորմի՛ր ինձ, ո՛վ Տեր, Որդի՛ Դավթի», և խնդրում է, որ  բժշկի իր աղջկան: Հիսուսը թեև պատասխան  չի տալիս, բայց որովհետև կինն անդադար աղաղակում էր, աշակերտներն ասում են, թե՝ «Արձակի՛ր նրան, քանի որ աղաղակով գալիս է մեր հետևից»: Հիսուսը պատասխանում է. «Ես ուրիշներ մոտ չուղարկվեցի, այլ Իսրայելի կորուսյալ ոչխարների»:

Այնժամ կինը գալով երկրպագում  է Հիսուսին և նորից աղաչում է՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ», որին Հիսուսը պատասխանում է. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները հագենան, որովհետև պետք չէ նրանց հացն առնել և շներին տալ»: Այժմ տե՛ս հիշյալ կնոջ հավատը. մինչ Հիսուսն առանց նրա խնդրանքը կատարելու քանիցս արդեն իսկ մերժել էր, նա դարձյալ չհուսահատվելով՝ կրկին ու կրկին շարունակում է իր աղաչանքը, մինչև որ փափագին հասնի: Տեսնելով, որ ուրիշ եղանակով իր խնդրանքը չի ընդունվում,  Հիսուսի խոսքը հաստատելով՝ ասում է. «Այո՛, Տե՛ր, շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքով են կերակրվում»: Հիսուսը, նրա հավատի մեծությունը ցույց տալով, ասում է. «Գնա՛, ինչպես որ կուզես, այնպես թող լինի»: Եվ նրա դուստրն իսկույն բժշկվում է:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․