6 Հոկտեմբեր, Կիր
Բարկացան, ավելին՝ որոշեցին սպանել: Որովհետև այդ հրաշքը Երուսաղեմում այն աստիճան հռչակվեց, որ նրանք իրենց սրտի սաստիկ տագնապի պատճառով ուզում էին Հիսուսի մահով մխիթարվել: Սակայն չպետք է կարծել, թե նրանք նախանձախնդիր էին օրենքը պահելու: Բնավ երբեք: Բայց որովհետև նրա փառքն իրենց համար անարգանք էին համարում, նախանձի դևը մտել էր նրանց մեջ: Հիսուսը, նրանց միտքն իմանալով, տաճարում դարձյալ աներկյուղ քարոզելուց բացի այսպիսի հարց է ուղղում նրանց. «Մովսեսն ինչո՞ւ օրենք տվեց ձեզ, և ահա ձեզնից ոչ ոք չի գործադրում օրենքը: Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»: Նրանք պատասխանում են. «Դև կա քո մեջ: Ո՞վ է ուզում քեզ սպանել»:
Խորամո՛ւխ եղիր. քանի որ Մովսեսն օրենքի մեջ գրել էր, թե՝ մարդ մի՛սպանիր, նրանք Հիսուսին հանիրավի սպանելու հետամուտ լինելով՝ օրենքին հակառակ էին գործում անշուշտ: Երբ Հիսուսը նրանց ծածուկ դիտավորությունը բացահայտում է, ոչ միայն ուրանում են իրենց սրտի չար խորհուրդը, այլև հայհոյում են: Թեև այս բանի համար նրանք պատժի էին արժանի, սակայն Հիսուսը մինչև անգամ չի հանդիմանում նրանց. միայն թլփատությունն է իբրև օրինակ բերում՝ ցույց տալու, որ շաբաթ օրը հիվանդ բժշկելը օրենքին հակառակ չէ:
Որովհետև թլփատությունը հայր Աբրահամի օրոք հրամայված և հետևաբար Մովսեսի օրենքի մեջ մտած լինելով՝ շաբաթ օրը նույնպես գործադրվում էր, ուրեմն եթե պատշաճ է շաբաթ օրով թլփատել, որքա՞ն առավել պատշաճ է մարդ բժշկել: Եվ այս ապացուցելուց հետո խրատ է տալիս նրանց՝ ասելով. «Արտաքին երևույթին նայելով մի՛ դատեք, այլ ճիշտ դատաստա՛ն արեք»:
Արդարև, թլփատության համար հարկ եղած մարմնավոր գործողությունները մեղք չհամարել, իսկ Հիսուսի բերանից ելած խոսքով միայն հիվանդ բժշկելը մեղք համարելը արդարությանը բացահայտ հակառակվել է նշանակում և նախանձ մարդկանց թշնամական հարձակում: Ինչպես որ տաճարում Հիսուսի քարոզելու ժամանակ Երուսաղեմի բնակիչներից ոմանք սկսեցին միմյանց ասել. «Չէ՞ որ ուզում էին այս մարդուն սպանել, և ահա բացահայտ խոսում է, և ոչ ոք ոչինչ չի ասում նրան: Արդյոք մեծավորնե՞րն էլ հավատացին, որ սա է Մեսիան»:
Այս խոսքերին Հիսուսի հակառակորդները դարձյալ պատասխանում են, թե՝ «Մենք այս մարդու որտեղից լինելը գիտենք, իսկ երբ Մեսիան գա, ոչ ոք չի իմանա՝ որտեղից է»: Ահա այս պատասխանը ցույց է տալիս, թե նրանք Գրքին քաջատեղյակ չէին բնավ և այդ պատճառով անհավատ մնացին: Քանի որ Հիսուսը Նազարեթ քաղաքում էր ծնվել, դրա համար ասում էին, թե մենք գիտենք՝ նա որտեղից է, բայց չէին խոստովանում նրա Մեսիա լինելը, թեև տեսնում էին այն հրաշալի գործերը, որոնք ապացուցում էին, որ նա է Մեսիան: Նաև ասում էին, թե «Երբ Մեսիան գա, ոչ ոք չի իմանա՝ որտեղից է», մինչդեռ Սուրբ Գրքում պարզորոշ գրված է, թե Բեթղեհեմ քաղաքում պետք է ծնվի Մեսիան (այս մարգարեության մասին տե՛ս Միք. 5:2):
Ահա քանի որ այդ չար ու նախանձ մարդկանց միտքը հայտնի էր Հիսուսին, հայտարարում է, որ ինքն է Աստծու Որդին և Աստծուց է ուղարկված, որպեսզի իմանալով հավատան և ողորմության արժանի լինեն: Սակայն նրանք ոչ միայն չեն հավատում, այլև թշնամական դիտավորությամբ նրան բռնել են ուզում: Եվ որովհետև նրա խաչվելու ժամանակը դեռ չէր հասել, ոչ ոք չէր կարող նրա վրա ձեռք բարձրացնել: Այսուհանդերձ, Հիսուսի գործած հրաշքները տեսնելով՝ շատերը հավատացին և ասում էին. «Մի՞թե երբ Մեսիան գա, սրանից ավելի շատ հրաշքներ պետք է գործի»:
Հիրավի, քահանայապետներն ու փարիսեցիները կամեցան Հիսուսին սպանել, բայց մինչև այդ ժամանակը բացահայտ թշնամական վարքագիծ չէին դրսևորել: Ուստի երբ լսեցին, որ շատերը հավատացել են, իրենց սպասավորներին ուղարկում են նրան բռնելու: Իսկ երբ այդ սպասավորները եկան և նրա քաղցր ու հոգևոր խոսքերը լսեցին, այն աստիճան հավանեցին, որ բնավ ոչինչ չասացին նրան, քանի որ մեռնելու ժամանակը դեռ չէր հասել:
Հիսուսը գիտեր, թե այդ մարդիկ ինչ մտքով են եկել, այդ պատճառով ասում է. «Մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ, ապա պետք է գնամ Նրա մոտ, ով ինձ ուղարկեց: Դուք ինձ կփնտրեք, սակայն չեք կարողանա գտնել: Ուր որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ»: Այս խոսքով Հիսուսը կամեցավ հայտնել, որ ինքը կարճ ժամանակ անց պիտի մեռնի և հարություն առնելով՝ երկինք պետք է համբարձվի: Եվ քանի որ հրեաները նրան գտնել չպիտի կարողանային, նշանակում է, թե նրանք Աստծու սրքայությունից պիտի զրկվեին: Բայց նրանք կարծում են, թե հեթանոսների երկիրը պետք է գնա և այնտեղ բնակվող ժողովրդին քարոզի»:
Ինչպես որ վերևում հիշատակվեց, այն ժամանակ տոնական օրեր էին, և երբ Հիսուսը տոնի վերջին օրը դարձյալ տաճար եկավ, ամենքին իր մոտ կանչեց՝ ասելով. «Ծարավածը թող ինձ մոտ գա և խմի»: Ավելին, բարձրաձայն հայտնում է, որ իրեն հավատացողների որովայնից, ըստ Գրքի, կենդանի ջրի գետեր պիտի բխեն: Այս խոսքն այլաբանական իմաստով Սուրբ Հոգու շնորհների մասին մի ակնարկություն էր, որովհետև Հիսուսի համբարձվելուց հետո նրան հավատացողները, Սուրբ Հոգով լցված, ուրիշներին էլ պետք է լուսավորեին քրիստոնեական հավատով, ինչպես որ առաքյալներն ու այլ հավատացյալներ սուրբ ավետարանի քարոզությամբ մարդկանց հոգիները լույսով զարդարեցին: Այս իմաստով են հասկացվում Սուրբ Գրքի պատգամները (Ես. 41:18, 44:3, Հովել 2:28):
Խորամո՛ւխ եղիր. ինչպես որ այն ժամանակ Հիսուսը տաճարում բոլորին իր մոտ հրավիրեց, այդպես էլ սուրբ եկեղեցին բոլոր հավատացյալներին բոլոր ժամանակներում հրավիրում է արքայության անվախճան փառքին ու հավիտենական երանությանը մասնակից լինելու: Երանի՜ այն մարդկանց, որոնք նրա օրհնյալ ձայնին ունկնդիր լինելով՝ նրա սուրբ պատվերները կկատարեն ամենայն խոնարհությամբ, հավատարմությամբ և հարատև ջանքով ու սիրով:
Հիսուսի այս խոսքերը լսողներից նրանք, որ նախանձ չունեին, խոստովանեցին՝ ասելով. «Սա է ճշմարիտ մարգարեն», ոմանք էլ թե՝ «Սա է Մեսիան»: Սակայն նախանձողներն ասում էին. «Մի՞թե Մեսիան Գալիլեայից պետք է գա: Մի՞թե Գիրքը չի ասում, թե Դավթի ցեղից և Բեթղեհեմ գյուղից պետք է գա»: Եվ այսպես երկու կողմերի միջև տարաձայնություն առաջացավ, ու թեև կամեցան նրան բռնել, բայց ոչ ոք չկարողացավ ձեռք բարձրացնել նրա վրա:
Բացի այդ, երբ Հիսուսին բռնելու գնացածները վերադարձան, քահանայապետներն ու փարիսեցիները հարցրին, թե ինչո՛ւ նրան չբերեցին: Նրանք պատասխան տվեցին, թե՝ «Մինչև այսօր ոչ ոք այնպես չի խոսել, ինչպես այդ մարդը»: Այս պատասխանը շատ դառը, շատ ծանր ու շատ դժվարամարս թվաց քահանայապետներին ու փարիսեցիներին, քանի որ Հիսուսին չբռնելուց ու չբերելուց բացի նաև գովեցին նրան: Այդ պատճառով թեև խիստ բարկացան, բայց որովհետև Հիսուսի դեմ ոչ մի հանցանք գտնել հնարավոր չէր, ուստի ուրիշ խոսք չգտան, սակայն հավատացյալներին արհամարհելու համար սկսեցին ասել. «Դուք և՞ս մոլորվեցիք: Մի՞թե իշխանավորներից և փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան, բացի միայն խաժամուժ ամբոխից, որ օրենքը չգիտի և նզովքի է արժանի»:
Այս պարագայում նրանց չարությունը հայտնի դարձավ, որովհետև իշխանավորներից ու փարիսեցիներից ևս հավատացողներ կային, սակայն նախանձողներից վախենալով՝ զգուշանում էին հայտնել: Ինչպես որ նրանցից մեկը՝ Նիկոդեմոս անունով (նա, որ նախորդ գիշեր Հիսուսի մոտ էր եկել և հավատացել, ինչպես որ հիշվեց ԺԷ. հարցում), երբ լսեց նրանց անիրավ խոսքը, ասաց. «Մի՞թե մեր օրենքը դատում է մեկին՝ առանց լսելու նրան և նրա գործը քննելու»:
Թեև Նիկոդեմոսը Հիսուսի կողմնակից չերևալու համար առանց նրա անունը տալու խոսեց, բայց նրանք հասկացան, որ նրա մասին էր ակնարկում, քանի որ նրան հանիրավի սպանելու ցանկություն ունեին: Այդ պատճառով փոխանակ Նիկոդեմոսի հարցին համարժեք պատասխան տալու, ուրիշ կերպ նենգության դիմելով՝ պատասխանում են, թե՝ «Դո՞ւ էլ գալիլեացի ես, քննի՛ր և տե՛ս, որ Գալիլեայից մարգարե չի ելնում» (թեպետ Հիսուսը Բեթղեհեմում էր ծնվել, բայց Նազարեթում բնակվելու պատճառով գալիլեացի կոչեցին նրան):
Այստեղ հարկ է նկատել, թե հանցանքն իմանալով՝ այն ընդունել չկամեցող անձինք հետզհետե որքա՛ն են խորանում չարության մեջ: Արդարև, Նիկոդեմոսի խոսքը ճշմարիտ և իրենց համար օգտակար էր, բայց քանի որ նրանց սրտերին նախանձն էր իշխում, ոչ միայն իրենց օգուտը ճանաչել չկարողացան, այլև նրան Գրքից անտեղյակ և թերուս մարդու տեղ դնելով՝ նրա պատվին հակառակ խոսեցին, որով իրենց հանցանքը կրկնապատկվեց, քանի որ Գրքի մեջ գրված չկար, թե Գալիլեայից մարգարե չի ելնի բնավ: Այս պատճառով իսկույն ցրում են ժողովը, միգուցե Նիկոդեմոսից վերստին հանդիմանություն լսեն, քանի որ իրենց ասածը ճշմարտությանը հակառակ էր:
Տոնի վերջին օրը տաճառում քարոզելուց հետո Հիսուսը, երեկոյան դեմ Ձիթենյաց լեռը գնալով, այնտեղ է մնում: Առավոտյան նորից տաճար է գալիս, և երբ նստած սկսում է քարոզել ժողովրդին, օրենսգետները, քահանայապետներն ու փարիսեցիները, որոնք նրա թշնամիներն էին և միշտ պատճառ էին որոնում նրան հանցավոր ցույց տալու ժողովրդին, նրա առջև են բերում շնության մեջ բռնված մի կնոջ և ասում. «Մովսեսը մեզ պատվիրեց այսպիսիներին քարկոծել. դո՞ւ ինչ կասես»:
Այս նենգամիտ մարդկանց չարությո՛ւնը տես. քանի որ Հիսուսի գթասիրությունն ու ամենքի նկատմամբ ունեցած կարեկցությունը հայտնի էր, այս հարցն ուղղում են նրան, որպեսզի եթե գթալով հրաման չտա քարկոծելու, սկսեն անվանարկել, թե՝ «Նա Օրենքին հակառակ է վարվում»: Նրանց դիտավորությունն իմանալով՝ Հիսուսն առանց պատասխան տալու, դեպի վար նայելով, իր մատով գետնի վրա գիր էր գրում: Երբ վերստին հարցնում են, աչքերը վեր բարձրացնելով՝ պատասխանում է, թե՝ «Ձեզնից ով անմեղ է, թող առաջին քարը նա նետի այս կնոջ վրա»: Եվ դարձյալ դեպի վար նայելով՝ գրում է:
Երբ նրանք Հիսուսի այս պատասխանը լսեցին, այլևս որևէ բառ ասելու անկարող լինելով՝ մեկ առ մեկ դուրս ելան, և միայն հիշյալ կինը մնաց այնտեղ, որին Փրկիչն ասում է քաղցրությամբ. «Գնա՛ ու այսուհետև մի՛ մեղանչիր»: Թեպետ Ավետարանում գրված չէ, թե Հիսուսը գետնի վրա ի՛նչ գրեց, բայց ենթադրվում է, թե հիշյալ մեղադրվող կնոջն ամբաստանող անձանց մեղքերն է գրել, այնպես որ յուրաքանչյուրը, իր արած հանցանքներն այնտեղ կարդալով, իսկույն ամոթահար քաշվում գնում է այնտեղից:
Հիրավի, այդ մարդիկ պատժի էին արժանի սրա համար, քանի որ թշնամական մտքով Հիսուսին փորձելու և նրան պախարակելու մտադրություն ու փափագ ունեին, բայց նա մինչև իսկ չհանդիմանեց նրանց, այլ միայն նրանց չար գործերը հայտնեց ու երևան բերեց: Ավելին, այս պարագայում իր աստվածությունն է հայտնում, որպեսզի իմանան և զղջան, քանի որ միայն Աստծուն է հատուկ մարդկանց գաղտնի գործերն իմանալ:
Դարձյալ, «Ձեր մեջ ո՞վ է, որ անմեղ է, թող նա առաջին քարը գցի» ասելով՝ բոլոր մարդկանց խրատում է, որ ոչ ոք չհամարձակվի ուրիշների գործերը քննել և դատապարտել, այլ պետք է որ յուրաքանչյուրը ջանա իր գործերն ու մեղքերը քննել և թողություն գտնել: Որովհտև նա, ով ինքն իրեն մեղավոր կճանաչի, ուրիշների մեջ հանցանք որոնելու և այլոց դատապարտելու իրավունք չի տա իրեն, այլապես ցույց կտա, որ իրավունք ճանաչելու ընդունակ մեկը չէ, և մարդասիրության մասին գաղափար չունի:
Մի անգամ ևս տաճար գալով՝ Հիսուսը կանգ է առնում այնտեղ, որտեղ ի նպաստ տաճարի ծախսերի մի գանձատուփ էր դրված, և ժողովուրդը, որպես կամավոր նվիրաբերության, դրամ էր գցում դրա մեջ: Եվ երբ սկսում է այնտեղ քարոզել, հայտնում է, որ ինքն է լույսն աշխարհի, որ իր հետևից գնացող և իր պատվերները կատարող մարդիկ հոգևոր գերությունից՝ մեղքից, պիտի ազատվեն, որ երկնքում հավիտենական ու անմահ կյանքի պիտի արժանանան, որ իր դատաստանները ճշմարիտ ու արդար են, և մանավանդ ինքն է Աստծու Որդին և ուղարկված է Հայր Աստծու կողմից ու նրա հրամանը կատարելու համար խաչը պետք է ելնի, մեռնի և երրորդ օրը հարություն առնելով՝ պետք է գնա Նրա մոտ: Եվ որ վերջապես հրեաներն իրեն պիտի որոնեն ու չպիտի կարողանան գտնել և իրենց մեղքերի մեջ մեռնելով՝ արքայությունից պիտի զրկվեն (ինչպես որ այս մասին նախկինում ևս ասել էր նրանց):
Հիսուսի այս խոսքերը լսողներից շատերը, որոնց սիրտը մաքուր էր, հավատում են նրան, իսկ չարասիրտները տեսակ-տեսակ հակառակ պատասխաններ են տալիս, և որովհետև նախանձը նրանց աչքերը կուրացրել էր, նրա հոգևոր խոսքերը մարմնավոր իմաստով էին հասկանում, և իր աստվածության մասին ասածներն էլ՝ մարդկային առումով: Այս պատճառով, փոխանակ հավատալու, քարեր են վերցնում նրան քարկոծելու համար, իսկ Հիսուսը թողնում է տաճարն ու հեռանում այնտեղից, և այսպես նրանց կատաղությունը այս անգամ էլ անհետևանք է մնում: