Պիղատոսը հրեաներին ինչո՞ւ ասաց, որ իրենք դատեն Հիսուսին իրենց օրենքի համաձայն:

Որովհետև գիտեր, որ նրանք նենգամիտ, քսու և անիրավ մարդիկ են: Վախեցավ, որ գուցե իր դեմ բողոք գրեն հռոմեացիների կայսրին, քանի որ եթե նրանց մտադրությունն իրականացներ, բացահայտորեն արդարությանը հակառակ պիտի գործեր, որովհետև հասկացավ, որ Հիսուսի դեմ նրանց գանգատը անհիմն և սուտ զրպարտություն էր, իսկ եթե նրանց հակառակ դիրք բռներ, այդ ժամանակ պիտի ասեին, թե պաշտպանում է թագավորական իշխանության դեմ գործող անձին: Այդ պատճառով Պիղատոսը ցանկացավ Հիսուսի դատաստանը նրանց կամքին թողնել, սակայն քահանայապետներն ու օրենսգետները, խաբեբա և խիստ խորամանկ լինելով, նրան պատասխանում են, թե՝ «Մեզ պատշաճ չէ մարդ սպանել»:

Ճիշտ է, որ օրենքը հայհոյողին կարող էին քարկոծել, բայց Հիսուսին անպատճառ խաչը հանելու համառ դիտավորությամբ այդ պատասխանը տվեցին: Թեև նրանք քինախնդրությունից այդ խոսքն ասացին, սակայն քանի որ Հիսուսը նախապես հայտնել էր, որ ինքը խաչը պիտի ելնի, այս կերպ նրա խոսքը կատարվեց:

Հիրավի, վերոհիշյալ չարախոս ու զրպարտիչ հրեաները իրենց նպատակն իրագործելու համար Հիսուսի դեմ գանգատ ներկայացրին, բայց օրենքը պահանջում էր, որ դատավորը գործը քննելու համար նրան ևս լսի: Ուստի Պիղատոսը, ներս մտնելով, առանձին հարցնում է Հիսուսին, թե՝ «Դու հրեաների թագավո՞րն ես»: Բնավ չասաց, թե՝ «Դու ժողովրդին ես խռովել և արգելել ես թագավորական հարկը տալ», որովհետև նրանց ստախոսությունը լիովին հայտնի էր:

Հիսուսը դատավորին պատասխանում է. «Դու քեզնի՞ց ես ասում դա, թե՞ ուրիշները քեզ ասացին»: Պիղատոսն ասում է. «Մի՞թե ես հրեա եմ: Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ: Ի՞նչ ես արել»: Հիսուսն ասում է. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ: Եթե այս աշխարհից լիներ, ծառաներս կպատերազմեին, որ հրեաների ձեռքը չմատնվեմ»: Դատավորը, այս պատասխանը լսելով, ասում է. «Ուրեմն թագավոր մեկն ես դու»: Փրկիչը պատասխանում է. «Դո՛ւ ասացիր, թե թագավոր եմ, բայց ես հենց նրա համար եմ ծնվել և հատկապես աշխարհ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին: Ով ճշմարտությունից է, կլսի իմ խոսքերը»:

Հասկացի՛ր. մարդկանցից ոչ ոք թագավոր չի ծնվում, այլ ծնվելուց հետո է թագավոր դառնում, քանի որ նրանց թագավորությունը ոչ թե ի բնե, այլ պատահական է: Սակայն մեր Հիսուս Փրկիչը Աստծու Որդի և Աստված էր, ի բնե հավիտենական թագավոր լինելով, մարդկային ազգը փրկելու համար մարմին առնելով՝ մարդացած ժամանակ թագավոր էր: Եվ հատկապես աշխարհ էր եկել  ճշմարտությունը հաստատելու համար: Պիղատոսը թեև հարցնում է Հիսուսին, թե ի՛նչ է ճշմարտությունը, բայց այն սովորելու փափագ չունենալով, միայն նրա ասածներից ելնելով՝ հայտարարում է, թե նա հանցանք չունի, և ուզում է նրան թշնամիների դեմ հանդիման խոսել տալ: Ուստի երբ նրան դուրս է հանում, քահանայապետներին և օրենսգետներին ասում է. «Այս մարդու վրա մահվան արժանի ոչ մի պատճառ չգտա»:

Այդ ժամանակ նրանք աղմուկ են բարձրացնում՝ ասելով. «Գալիլեայից մինչև այստեղ ուսուցանում և ժողովրդի մեջ խռովություն է գցում»: Բայց Հիսուսը բնավ չի պատասխանում: Ճիշտ է, Պիղատոսը, համոզված լինելով, որ Հիսուսը մեղավոր չէ, նրան արձակելու ցանկություն ունեցավ, սակայն հրեաներին հաճոյանալու նպատակով, փոխանակ ինքը նրանց հետ խոսեր, ուզում է, որ Հիսուսը պատասխանի, այդ պատճառով ստիպված ասում է նրան, թե՝ «Ինչո՞ւ չես պատասխանում, տե՛ս, թե որքա՛ն են գանգատվում քեզնից»: Երբ Հիսուսը դարձյալ չի պատասխանում, այն աստիճան է զարմանում, որ մինչև իսկ չի իմանում, թե ինչ պետք է անել և ո՛ր կողմը թեքվել: Այստեղ կատարվեց Հիսուսի վերաբերյալ Սուրբ Գրքի այն պատգամը, թե՝ «Ես կարծես եղա մի մարդ, որ չի լսում, և նրա բերանում խոսք չկա / Իսկ ես խուլի պես էի, համրի պես, որ բերանը չի բացում» (Սաղմ. 37:14):

Եվ որովհետև հրեաները ասացին, թե Գալիլեայից մինչև այստեղ ուսուցանում է, Պիղատոսը երբ հարցնելով տեղեկանում է, որ Հիսուսը գալիլեացի է, նրա դատն իրենից հեռացնելու ցանկությամբ նրան ուղարկում է Գալիլեայի թագավոր Հերովդեսի մոտ, որպեսզի նա տեսնի Հիսուսի դատաստանը և վճիռ կայացնի, քանի որ Հերովդեսն այդ օրերին Երուսաղեմ քաղաքում էր գտնվում: Գալիլեայի թագավորը դրա համար շատ է ուրախանում, քանի որ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր Հիսուսին տեսնել, որովհետև նրա հրաշագործությունների մասին լսած լինելով՝ հույս ուներ, որ ազատվելու համար իր ներկայությամբ ևս հրաշք կգործի: Այդ պատճառով նա այլևայլ հարցեր է ուղղում Հիսուսին, սակայն Հիսուսը երբեք չի պատասխանում նրան:

Քահանայապետներն ու օրենսգետները ևս, որոնք նրա հետ այնտեղ էին եկել, սկսում են Հիսուսի դեմ բազմաթիվ գանգատներ անել, սակայն նրանց գանգատները որքան շատանում էին, այնքան Հիսուսի անմեղությունն առավել հայտնի էր դառնում: Ուստի թեև Հերովդեսն իմացավ, որ նա որևէ հանցանք չունի, բայց բարկանալով, որ իրեն պատասխան չի տալիս, իր մարդկանց հետ միասին արհամարհում է նրան և ծաղրանքով նրա վրա սպիտակ հանդերձ գցելով՝ նորից Պիղատոսի մոտ է ուղարկում Հիսուսին, որպեսզի նրա դատաստանը դարձյալ թագավորն ինքը տեսնի: Այս առիթով նրանք վերստին բարեկամացան՝ միմյանց հետ հաշտվելով, քանի որ (ինչպես ԼԹ. հարցում է հիշատակված) դրանից առաջ Պիղատոսը տաճարում մի քանի գալիլեացիների էր հանիրավի սպանել, և դրա համար նրանք թշնամացել էին:

Այստեղ դու տե՛ս Հուդայի, ագահ ու նենգամիտ Հուդայի թշվառ վիճակը, քանի որ երբ հրեաները Հիսուսին մահապարտ  հռչակեցին, սաստիկ երկյուղ զգալով՝ զղջաց, բայց առանց ապաշխարելու, որովհետև նրա սիրտը շիտակ և անկեղծ չէր: Հիրավի, Հիսուսին մատնելու համար զղջաց, բայց ոչ թե նրան սիրելու պատճառով, այլ բոլոր մարդկանց առջև խայտառակվելու և անվանարկվելու համար, այնպես որ այլևս մարդկանց երեսին իսկ նայելու համարձակություն չուներ:

          Որքան որ նախկինում Հուդան երեսուն արծաթն ստանալ էր ուզում, վերցնելուց հետո նույնքան ավելի վերադարձնելու ջանքեր գործադրելով՝ իսկույն  գնաց քահանայապետների ու ժողովրդի ծերերի մոտ և խոստովանեց՝ ասելով. «Մեղա՜, որովհետև արդար արյուն մատնեցի»: Եվ երբ ստացավ երեսուն դահեկանը, կամեցավ հետ տալ, նրանք պատասխանում են. «Մեզ փույթ չէ, դու գիտես»: Այս պատասխանը լսելուն պես Հուդան դրամն իսկույն տանում է, տաճարում նետում և միաժամանակ իր գործած չարության ծանրությունը և անօրինակ հանգամանքը նկատի ունենալով՝ այն աստիճան է հուսահատվում, որ վշտից խելահեղ գնում ու ինքն իրեն կախում է, այնպես որ թշվառի որովայնն ուռչելով՝ աղիքները դուրս են թափվում (Գործ. 1:18), որով թե՛ այս աշխարհում է խայտառակվում և թե՛ հանդերձյալ  աշխարհում դժոխքի անվախճան տանջանքների է դատապարտվում:

          Հիրավի, Հուդան կարող էր արտասուքով և խորին հառաչանքով մեղա գոչելով Հիսուսի ոտքերն ընկնել կամ թե նրա մոտ առաքյալների միջնորդությունը խնդրելով՝ ներողություն գտնել, որովհետև գիտեր, որ նա ողորմած է: Բայց որովհետև մեղքի մեջ ընկնող մարդու միտքը փակվում է, այս պատճառով անկարող լինելով իր իսկական օգուտը ճանաչելու, ինքն իրեն կորստյան մատնեց: Այս պարագայում, ուրեմն, թող ագահ ու խարդախ մարդիկ խիստ երկնչեն, որովհետև  ում ընթացքին որ հետևում են, անկասկած նրա նման պետք է սաստկապես պատժվեն հանդերձյալ աշխարհում:

Քահանայապետները տաճարում գտնելով այն երեսուն արծաթը, որ Հուդան գցել էր, արժանի չհամարեցին զոհագործության համար այն ընդունելը, քանի որ արյան գին էր: Այդ պատճառով այդ դրամով Բրուտի ագարակ կոչված տեղն են գնում, որպեսզի պանդուխտ կամ օտարական մարդիկ այնտեղ թաղվեն: Այս պատճառով այդ տեղը Արյան ագարակ կոչվեց մինչև այսօր: Այսպես կատարվեց Սուրբ Գրքի այն պատգամը, թե՝ «Վերցրին վաճառածի գինը՝ երեսուն արծաթ, և այն տվին Բրուտի ագարակին» (Երեմ. 32:7, Զաք. 11:12):

Ինչպես որ վերևում հիշվեց, թեև Հիսուսի դատաստանը տեսնելուց մի կերպ խույս տալու համար Պիղատոսը նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, բայց երբ նա վերստին Պիղատոսին վերադարձրեց, սա ուզում էր մի հնար գտնելով՝ նրան անպարտ արձակել, որովհետև հաստատ գիտեր, որ նա ոչ մի հանցանք չուներ, և հրեաները միայն նախանձից մատնեցին նրան իրեն: Սակայն հայտնի էր, որ նրանք ևս հանգիստ չպիտի մնային:

Այս պատճառով նրանց համոզելու ցանկությամբ քահանայապետներին ու ժողովրդի ծերերին կանչելով՝ ասում է. «Դուք այս մարդուն ինձ մոտ բերեցիք որպես ժողովրդի խռովարարի: Ահա ձեր առջև նրան հարցաքննելով՝ ես ոչ մի հանցանք չգտա նրա մեջ: Ուրեմն մահվան արժանի ոչինչ չի գործել նա: Ուստի խրատելով արձակում եմ նրան»: Սակայն նրանք, փոխանակ համոզվելու, սկսում են աղաղակել. «Խա՛չը հանիր դրան»: Եվ թեպետ երեք անգամ դատավորը հարցնում է նրանց, թե՝ «Ի՞նչ չար բան գործեց», բայց նրանք բարձրաձայն և ստիպելով պահանջում էին, որ անպատճառ խաչը հանի նրան: Այդ ժամանակ Պիղատոսն ուրիշ միջոց է մտածում, որ նրանց մի կերպ համոզելով՝ Հիսուսին արձակի:

Քանի որ սովորություն կար ամեն տոնի ժողովրդի խնդրանքով մի բանտարկյալի արձակել, այդ ժամանակ բանտարկված էր Բարաբբա անունով մի ավազակ, որ քաղաքում խռովության ժամանակ մարդ էր սպանել: Ուստի Պիղատոսն ասում է հրեաներին, թե՝ «Այս երկուսից որի՞ն կկամենաք, որ արձակեմ, Հիսուսի՞ն, որ Քրիստոս է անվանվում, թե՞ Բարաբբային»:

Մինչ դատավորն ասում էր սա, նրա կինը, նրա մոտ մարդ ուղարկելով, ասում է. «Գործ մի՛ ունեցիր այդ արդարի հետ, որովհետև այսօր երազումս շատ դեպքեր պատահեցին ինձ նրա պատճառով»: Արդարև, Աստծու կողմից Հիսուսի կատարյալ անմեղությունը հայտնվեց այդ կնոջը, որը կամեցավ տեղեկացնել ամուսնուն, որպեսզի ջանա մի կերպ ազատել նրան որևէ վնասից:

Սակայն քահանայապետների դրդմամբ ժողովուրդն աղաղակում էր, որ Պիղատոսը Հիսուսին խաչը հանելով Բարաբբային արձակի: Երբ նա տեսավ, որ անպատճառ Հիսուսի մահն են ուզում, նրանց բարկությունը հանդարտեցնելու համար զինվորներին հրամայեց ծեծել նրան և տանջանքների ենթարկել: Նրանք, ովքեր արդեն խիստ անգութ մարդիկ էին, այս հրամանի վրա  անտանելի չարչարանքների ենթարկեցին Հիսուսին, նրա ամբողջ մարմինը գլխից մինչև ոտքերը վիրավորելով՝ արյամբ ներկեցին: Եվ սրանով ևս չբավարարվելով՝ նրա հագուստը հանեցին և կարմիր պատմուճան հագցնելով՝ փշե մի պսակ դրեցին գլխին, ապա իբրև գավազան մի եղեգ տալով նրա ձեռքը՝ ծաղրանքով ասում էին. «Ո՛ղջ եղիր, հրեաների՛ թագավոր»: Նաև նրա երեսին թքելով՝ եղեգը ձեռքից վերցնում ու նրա գլխին սաստիկ հարվածներ էին տեղում:

Մեր տեր Հիսուսը, իր կամքով այդպիսի չարչարանքներ կրելով, թեև ոչ մի բան չասաց, բայց այնպիսի աղիողորմ մի կերպարանք ստացավ, որ նրան տեսնողը, որքան էլ քարսիրտ լիներ, կգթար: Եվ այս հույսով Պիղատոսը, նրան դուրս հանելով, ասում է հրեաներին. «Ահա ձեր մարդուն ձեզ եմ հանձնում»: Իսկ նրանք վաղուց ի վեր Հիսուսին թշնամի և միաժամանակ չափազանց անգութ մարդիկ լինելով, բարձր ձայնով նորից սկսում են աղաղակել, թե՝ «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր նրան»: Դատավորը ճարահատյալ ասում է նրանց. «Դո՛ւք առեք և խա՛չը հանեք նրան. ես նրա վրա մահվան արժանի ոչ մի հանցանք չգտա»: Նրանք պատասխանում են. «Մեր օրենքի համաձայն պետք է որ մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»:

Երբ Պիղատոսն այդ խոսքը լսեց, սաստիկ վախենալով՝ նորից պալատ մտավ և հարցրեց Հիսուսին. «Դու որտեղի՞ց ես»: Եվ տեսնելով, որ նա չի պատասխանում իրեն, ասում է. «Ինչո՞ւ ինձ հետ չես խոսում, չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու կամ արձակելու»: Հիսուսը պատասխանում է. «Եթե քեզ ի վերուստ տրված չլիներ, դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա: Այս պատճառով ով ինձ քեզ մատնեց, նրա մեղքը շատ մեծ է»:

Հիսուսի այս պատասխանի վրա Պիղատոսն ուզում էր արձակել նրան, բայց հրեաներն ահագին աղմուկ են բարձրացնում՝ ասելով. «Եթե նրան արձակես, կայսրին հավատարիմ չես, որովհետև ով իրեն  թագավոր է անվանում, կայսրին հակառակ է»: Դատավորը քարահատակ և եբրայերեն Կապպաթա կոչված տեղում բեմի վրա նստելով, ասում է հրեաներին. «Ահա ձեր թագավորը ձեզ»: Իսկ նրանք նորից աղաղակում են. «Վերացրո՛ւ մեզանից, խա՛չը հանիր նրան»: Դատավորը պատասխանում է. «Ձեր թագավորին ե՞ս խաչը հանեմ»: Նրանք պատասխանում են. «Կայսրից զատ մենք թագավոր չունենք»:

Պիղատոսը տեսնում է, որ փոխանակ օգտվելու՝ գործը հետզհետե ավելի է վատանում, և ջուր վերցնելով՝ ժողովրդի առջև ձեռքերը լվանում է՝ ասելով. «Անպարտ եմ այս արդարի արյան համար, դուք գիտեք»: Այն ժամանակ մոլեգնած ժողովուրդը գոռում է. «Սրա արյունը մեր և մեր զավակների  վզին լինի»: Դրանից հետո Պիղատոսը, Բարաբբային արձակելով, Հիսուսին հանձնում է նրանց կամքին, որպեսզի խաչը հանեն:

Դու Պիղատոսի անիրավությո՛ւնը տես. հաստատապես իմանալով, որ Հիսուսը կատարելապես  անմեղ է, որ քանիցս հայտարարել էր ներկա եղած ժողովրդին, սակայն վախենալով, որ միգուցե հրեաները իր մասին հռոմեացիների կայսրին գանգատ գրեն, և ինքը պաշտոնանկ լինի, այդ պատճառով արդարությանը հակառակ՝ Հիսուսին ոչ միայն չարչարել է տալիս, այլև նրան խաչը հանելու վճիռ է արձակում: Ահա այսպիսին է աշխարհասեր մարդու վիճակը, որը խաբուսիկ և անցավոր փառքի համար իր հոգու հավիտենական կորստյան պատճառ է դառնում:

Դատավորի վճռի համար հրեաները շատ ուրախացան: Նրանք, ովքեր Հիսուսի թշնամիներն էին, երբ նրան խաչը հանելու թույլտվություն ստացան, նրա վրայի կարմիր պատմուճանը հանելով (որ ծաղրելու համար հագցրել էին զինվորների ձեռքով)՝ նորից իր հագուստն են հագցնում և խաչն էլ, որ արդեն պատրաստել էին, նրա ուսի վրա դնելով՝ ահագին բազմությամբ դուրս են գալիս Պիղատոսի պալատից և մինչ Գողգոթա լեռն էին գնում, Կյուրենացի Սիմոն անունով մի անձի, որն իր ագարակից էր վերադառնում, ստիպում են, որ Հիսուսի խաչը վերցնելով՝ նրա հետևից մինչև Գողգոթա տանի:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․