22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Չմնացին, որովհետև տեղի քրիստոնյաներն իրենց հավատի մեջ ըստ ամենայնի անթերի էին և հնազանդ: Ուստի Պողոսը ցանկանում է վերստին այցելել նախկինում քարոզած վայրերը և այնտեղ գտնվող քրիստոնյաների կացությունն իմանալ: Նա իր այս միտքը հայտնում է նաև Բառնաբասին, որը ցանկություն է հայտնում ընկերանալու նրան: Սակայն Մարկոս կոչված Հովհաննեսը, որ նրանցից բաժանվելով Երուսաղեմ էր գնացել (տե՛ս ԿԳ. հարցում), զղջալով Անտիոք էր եկել այդ ժամանակ: Բառնաբասն ուզում է, որ նրան էլ իրենց հետ վերցնեն, քանի որ նա իր քրոջ որդին էր, բայց Պողոսը մերժում է: Այդ պատճառով իրարից բաժանվում են, և Բառնաբասը, Մարկոսին իր հետ վերցնելով, Կիպրոս է գնում, իսկ Պողոսը, Շիղային իր հետ վերցնելով, Ասորիքի և Կիլիկիայի կողմերն է գնում:
Թեպետ այս պատճառով նրանք իրարից բաժանվեցին, բայց Բառնաբասը, Աստծու ողորմածությամբ Կիպրոսում և այդ կողմերում ավետարանը քարոզելով, ամենքին Սուրբ Հոգու պարգևի լույսով է լուսավորում, հետո նահատակվում է այնտեղ: Պողոսը ևս նախապես շրջած տեղերն այցելելուց և քարոզությամբ եկեղեցիները ամրապնդելուց հետո նորից գալիս է Լյուստրա: Այստեղ Տիմոթեոս անունով մի քրիստոնյա կար, որի առաքինությունն ու բարեպաշտությունը հայտնի էր բոլորին: Պողոսն իր հետ է վերցնում նրան և շրջակայքում քարոզելով՝ քաջալերում է քրիստոնյաներին, որոնց թիվն օրըստօրե աճում էր:
Ահա այսպիսի եռանդով ու գործունեությամբ Պողոսն ու իր ընկերները՝ Շիղան, Տիմոթեոսը և Ղուկաս ավետարանիչը (որովհետև սա ևս Պողոսի հետ էր, ինչպես հայտնի է Գործ 16:10-ից), Աստծու խոսքը քարոզելով, գալիս են Փռյուգիա և Գաղատիայի կողմերը, որտեղ որոշ ժամանակ քարոզելուց հետո երբ ուզում էին Բեթանիա ևս գնալ, Տերն արգելեց, և նրանք գնացին Տրովադա: Այնտեղ Պողոսը երազ է տեսնում, որում մի մարդ աղաչելով ասում էր իրեն. «Արի՛ Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»: Հասկանալով, որ այս երազը Աստծու կողմից ազդարարություն է, Տրովադայից մեկնելով՝ Փիլիպպե են գնում, որ Մակեդոնիայի առաջին քաղաքն է:
Այս քաղաքում մի քանի օր մնալուց հետո՝ շաբաթ օրը, քաղաքից դուրս աղոթքի են նստում գետեզրին: Այնտեղ կանայք կային հավաքված: Երբ սկսում են Աստծու խոսքը քարոզել նրանց, Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիր քաղաքից էր և ծիրանագույն զգեստներ էր վաճառոում, Աստծու հատուկ շնորհի ազդեցությամբ Պողոսի խոսքերը լսելով՝ հավատում է և իր ամբողջ գերդաստանով մկրտվելուց բացի սաստիկ սիրով և աղաչանքով ստիպում է Պողոսին և նրա ընկերներին իր տուն գնալ: Եվ նրանք կատարում են նրա ցանկությունը:
Այնուհետև Պողոսն իր ընկերների հետ դարձյալ աղոթքի գնացած ժամանակ հանդիպում է մի աղախնի, որ հարցուկ (դև) ոգի ուներ և ստապատիր խոսքերով մի կերպ պատասխանում էր յուրաքանչյուր մարդու հարցմանը: Այդ պատճառով նրա տերերը նրան քաղաքում շրջել էին տալիս և հարցում անողներից դրամ ստանում: Հիշյալ աղախինը, Պողոսին ու նրա ընկերներին տեսնելով, սկսում է նրանց հետևից աղաղակել. «Սրանք Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք փրկության ճանապարհն են ցույց տալիս ձեզ»:
Երկար ժամանակ այդպես անելու պատճառով Պողոսը մի օր ձանձրանում է և հրամայում դևին՝ ասելով. «Պատվիրում եմ քեզ հանուն Հիսուս Քրիստոսի ելնել դրանից»: Իրոք, դևն անմիջապես դուրս ելավ, և աղախնի խելքը գլուխը եկավ, սակայն նրա տերերը խիստ բարկացան, քանի որ այդ ճանապարհով դրամ ձեռք բերելու իրենց հույսը կորցրին: Այդ պատճառով մեծ բազմությամբ հարձակվելով Պողոսի ու Շիղայի վրա՝ նրանց բռնեցին և քաղաքի մեծավորների առջև բերեցին:
Ապա բոլորը միաբանվելով՝ ահագին ամբոխով նրանց տանում են զորագլուխների մոտ՝ ասելով. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը: Իրենք հրեա են և մեզ այնպիսի օրենք են քարոզում, որը չենք կարող ընդունել, որովհետև հռոմեացի ենք»: Այս գանգատի վրա զորագլուխները, ժողովրդից վախենալով, իրենց հագուստն են պատառոտում և առանց գործը քննելու՝ Պողոսին ու Շիղային ծեծելով վիրավորում ու բանտարկում են և բանտապահին պատվիրում խիստ զգուշությամբ պահել նրանց: Ուստի նա, ներքին բանտում պահելով, նրանց ոտքերն ամրացնում է կոճղով:
Այստեղ Աստծու զորությա՛նը նայիր. մինչ կեսգիշերին աղոթքի կանգնած՝ Պողոսն ու Շիղան փառաբանում էին Աստծուն, իսկ բանտում գտնվող կալանավորներն էլ ականջ էին դնում նրանց, հանկարծ այնպիսի երկրաշարժ է տեղի ունենում, որ բանտի հիմքերը սկսում են երերալ, և ոչ միայն բոլոր դռներն են բացվում, այլև բանտարկյալների կապանքներն են քանդվում: Բանտապահը, որ այնտեղ քնած էր, երկրաշարժի սաստկությունից զարթնելով՝ դռները բաց է տեսնում և կարծելով, թե բանտարկյալները փախել են, վախից սուրը քաշում է ինքն իրեն սպանելու համար, բայց Պողոսը բարձր ձայնով ասում է. «Քեզ մի՛ վնասիր, մենք բոլորս այստեղ ենք»:
Այդ ժամանակ բանտապետը լույսը ձեռքին ներս է մտնում, ահով ու դողով Պողոսի և Շիղայի ոտքերն է ընկնում և նրանց դուրս հանելով՝ ասում է. «Պարոնա՛յք, ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ», որովհետև հաստատ հասկացավ, որ այդ հրաշքը Տիրոջ կողմից նրանց պատճառով կատարվեց: Նրանք պատասխանում են. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, որ փրկվեք դու և քո ամբողջ գերդաստանը»: Եվ Աստծու խոսքն են քարոզում նրան ու նրա տանը գտնվողներին: Բանտապետը հավատում է, իսկույն իր տուն է տանում նրանց, և նրանց վերքերը լվալուց հետո կատարյալ հավատով մկրտվում են ինքն ու իր ամբողջ ընտանիքը: Ապա կերակուր են դնում նրանց առջև, ուտում են և ուրախանում:
Առավոտյան զորագլուխները մարդ են ուղարկում բանտապետի մոտ, որ Պողոսին ու Շիղային արձակի, քանի որ հայտնի էր, որ նրանք անմեղ են: Երբ Պողոսն իմացավ այդ, չուզեց դուրս գալ՝ ասելով. «Անմեղ և հռոմեացի մարդկանց հանիրավի ծեծելով հրապարակավ բանտարկեցին և հիմա ծածուկ արձակե՞լ են ուզում: Ո՛չ այդպես: Թող իրենք գան և մեզ դուրս հանեն»: Պողոսի այս խոսքերը լսելով՝ իշխանավորները շատ են վախենում և անձամբ գալով՝ աղաչում են, որ բանտից դուրս գան ու գնան, որպեսզի այդ պատճառով քաղաքում խռովություն չլինի:
Աստծու ողորմությամբ այսպես ազատվելուց հետո Պողոսն ու Շիղան գնում են հիշյալ Լիդիայի տունը, որտեղ տեսնում են հավատացյալ եղբայրներին և մխիթարում նրանց: Ապա մեկնում են Փիլիպպե քաղաքից՝ ուրիշ տեղեր գնալու և Սուրբ Ավետարանը քարոզելու համար: