12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Սատանան առաջին փորձության պատասխանը Քրիստոսից լսեց Սուրբ Գրքից բերված վկայությամբ: Այս երկրորդ հարցի պատասխանը ևս կարծում էր, թե Սուրբ Գրքից պիտի լինի, սակայն բերված վկայության մեկնության իմաստը փոխեց: Հայտնի է, որ Աստված հրեշտակների միջնորդությամբ է օգնում Իր սիրելիներին, որպեսզի խոհեմությամբ իրենց գործերը կատարեն կամ կառավարեն, այլ ոչ թե լրբությամբ բացահայտված վտանգի մեջ գցեն իրենց:
Խոհեմությո՞ւն է ինքն իրեն աշտարակից վայր գցելը՝ հուսալով, թե ես արդար եմ, ինձ բան չի լինի: Ոչ, սա դեմ է աստվածային հրամանին: Սատանան գիտեր, որ Քրիստոս Իրեն աշտարակից վայր չէր նետի, բայց կարծում էր, որ եթե Աստծո Որդի չէ, ուստի այդ խոսքը պարծանքի տեղիք կտա և հպարտության մեղքի մեջ կընկնի: Իսկ եթե Աստծո Որդի է, կբարկանա և կասի, որ եթե «ինձ վայր նետեմ՝ հրեշտակների օգնությունը կամ միջնորդությունն է հարկավոր»: Այդպես հայտնի կդառնար Աստծո Որդի լինելը կամ չլինելը: Սակայն նրա կարծիքներից դուրս՝ ուրիշ կերպ պապանձեցրեց նրան Քրիստոս՝ ասելով. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես» (Մատթ. 4:7): Ահա այս փորձող հարցով նույնպես փորձիչը խայտառակվեց, և նրա տարակուսանքը մնաց անլուծելի: