Հարց 112 – Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կենարար քարոզչության մեջ երբ սերմնացանի առակը պատմեց (Մարկ. 4:3) և ավարտեց խոսքը, ժողովուրդը ցրվեց, իսկ աշակերտները, մնալով մենակ, հարցրեցին առակի մեկնությունը: Քրիստոս այսպես պատասխանեց. «Ձեզ է տրված իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամեն ինչ առակներով կլինի» (Մարկ. 4:11): Տարակուսանքն այս է. եթե անհավատներին տրված չէ իմանալ, ապա ի՞նչ հանցանք ունեն իրենց չհավատալով:

Պատասխան – Այսպես մի՛ հասկացիր, թե նրանց տրված չէ իմանալ՝ ելնելով իրենց հավատից կամ ազատ անձնիշխանություն չունենալով իրենց հավատի մեջ: Քա՜վ լիցի, քանզի Աստված կամենում է. «Բոլոր մարդիկ ապրեն և ճշմարիտ գիտության գան»: Սակայն այն արտաքնապես տրված չլինելն ընկալիր որպես իրենց խստասրտության և համառության արգասիք: Նրանք փակում են իրենց կամքի պատուհանը, որ ճշմարիտ հավատի ճառագայթը սրտների մեջ չմտնի: Բայց հարցդ աստվածաբաններն այսպես են մեկնում՝ տեղյակ լինելով որդիների փրկության և կորստյան մասին, իբր ոմանք, որ երկնից արքայության խորհուրդներին հաղորդ են, ի սկզբանե սահմանյալ են, իսկ անհաղորդները՝ անարգված:

Իսկ ոմանք ասում են, թե առաքյալներն առավելագույն գիտության էին արժանի, իսկ մյուսները՝ ոչ: Առաքյալներն արժանի էին, քանզի լսելով շահեցին և իմացան, նաև ցանկացան լսել ու իմանալ՝ հոգևոր օգուտ վաստակելու համար և ամբողջ սրտով կամենում էին, որ իրենց հոգու աչքը լուսավորվի: Բայց ուրիշներն անարժան էին, քանզի չէին շահում և չէին խնդրում այն շնորհների լույսը, որը կճառագայթեր իրենց մտքի մեջ և կիմաստնացներ: Այդպիսիններից ևս թաքցված չէին երկնից արքայության խորհուրդների ծանոթությունները, այլ միայն առակներով էր ասվում, որպեսզի կարողանային քննել և խնդրել: Եվ եթե խնդրեին, ապա արժանի պիտի լինեին:

Համառոտ ասեմ: Իսրայելացիների ազգի համար Քրիստոս աշխարհ եկավ: Ինչպես Ինքն է ասում. «Ոչ մի տեղ չուղարկեցի, բացի Իսրայելի տան կորած ոչխարների հետևից»: Բայց նրանք չընդունեցին: Մի՞թե հեթանոսները, որ հետո հավատի եկան, չընդունվեցին: Քա՜վ լիցի: Ընդունվելուց հետո ևս Եկեղեցին հեթանոսների եկեղեցի կոչվեց: Այս պատճառով Հովհաննես Ավետարանիչն ասում է. «Ոմանք եկան, և ոմանք նրան չընկալեցին: Իսկ ովքեր ընկալեցին, նրանց տրվեց Աստծո Որդի լինելու իշխանություն»:

Խոսքը եբրայեցի սիրելի ազգի մասին է, որ ոչ միայն չընդունեց, այլ ինչպես վարվեց Տիրոջ հետ, հայտնի է: «իսկ ովքեր ընկալեցին»՝ հեթանոսներ էին, որ ոչ միայն Իրեն ընդունեցին, այլ Ինքը ևս նրանց ընդունեց և ոչ միայն պատվեց, ոչ միայն սիրեց, այլև «նրանց իշխանություն տվեց Աստծո զավակներ կոչվելու»: Ուրեմն երբ ասվում է՝ նրանց տրված չէ, մի հասկացիր, թե Աստծո կողմից պահվել էր նրանցից, քանզի արեգակը ծագում է թե՛ րարերի և թե՛ բարիների վրա: Բայց չարերն այն ընդունում են չար սրտով:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․