Հարց 121 – Սուրբ Հայրերից շատերն իրական պատմություն են համարում այս եղելությունը: Ցանկանում եմ, որ այս տարակուսանքս ևս փարատեք: Մեծատունն ասում էր Աբրահամին. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը» (Ղուկ. 16:27-28): Արդ՝ այն դժոխային չարչարանքների և պապակման մեջ ի՞նչ իմաստով է այդ խնդրանքը:

Պատասխան – Հայտնի է, որ այդ խնդրանքը առաքինի սիրո պտուղ չէ, քանզի իր ողջության օրոք եթե առաքինի չլիներ, թույլ չէր տա, որ աղքատ Ղազարոսը թշվառության մեջ մնա: Կարծիք կա, թե բնական սիրո պտուղ է այդ խնդրանքը: Իբր ինքն արդեն արժանացավ այն տանջանքներին, ուստի խնդրում է, որ եղբայրները ևս չգան և չկրեն նույն տանջանքները: Սակայն ես դժվարանում եմ հավատալ այս մեկնությանը, քանզի գիտենք, որ նեղության պատճառով հայրը ծախել է որդուն և այն էլ ինչպիսի՞ նեղություն՝ ոչ թե դժոխային ու հավիտենական, այլ անցավոր ու աշխարհային: Այս վարմունքն ամբողջովին հայրական սերը ոտնակոխ է անում, որպեսզի ինքը մի քիչ հանգստանա: Եվ ոչ միայն վաճառել, այլև քաղցածության պատճառով մայրը մորթում է մանկանը և ուտում (Դ Թագ. 6:28): Ուրեմն ինչպե՞ս բնական սիրո պտուղ ընդունենք, եթե նեղության մեջ եղող մայրն անխղճաբար մորթում է զավակին:

Ոմանք նաև ասում են՝ որովհետև ցավի մեջ գտնվողը, երբ իր մերձավորին նույնպես տեսնում է նեղության մեջ, իր տանջանքներն առավել են շատանում: Այս պատճառով մեծատունը խնդրեց, որ իր եղբայրներն այնտեղ չգան: Ուրիշները գտնում են՝ իբր նենգ մտքով կատարեց այդ խնդրանքը, որպեսզի Ղազարոսը գնա և ընկնի իր նախկին թշվառության մեջ: Սակայն ինձ առավել հավանական է թվում այս միտքը. այդ մեծատունն իր սովորական մեղքերից զատ՝ նոր ծրագրած մեղքեր ևս ուներ իր տան մեջ: Եղբայրներն իրենից սովորելով՝ միշտ նույն կերպ էին վարվում: Դրանց օրըստօրե կիրառումն ավելացնում էր իր տանջանքը, որովհետև հաղորդ էր այդ մեղքերին՝ իր հնարածը լինելու պատճառով: Հետևաբար աղաչեց, որ Ղազարոսին ուղարկի, որպեսզի նա գնա իր եղբայրների մոտ, պատմի քաշած տանջանքները: Այդ կերպ նրանք հեռու կմնան իր հնարած մեղքերից, որով չի ավելանա իր տանջանքների սաստկությունը: Իրենք ևս կհետևեն ճշմարտությանը, որպեսզի այդ տանջանքներին հաղորդ չլինեն:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․