Հարց 142 – Ասացիր, թե ամբողջ երկիրը համայն աշխարհն է մատնանշում: Բայց «ամբողջ» բառը, որ միշտ Սուրբ Գրքում գործածվում է, ամենուր «բոլորը միասին» չի՞ հասկացվում: Ահա Հովսեփի ժամանակ Եգիպտոսում եղած թանկության մասին Սուրբ Գիրքը գրում է. «Եվ ամբողջ աշխարհը գալիս էր Եգիպտոս՝ գնելու (կերակուր) Հովսեփից» (Ծննդ. 41:57):

Պատասխան – Վերստին ասում եմ, որ այն խավարն ամբողջ աշխարհի վրա իջավ: Դա բոլոր վարդապետների ընդհանուր կարծիքն է, որ հիմք ու վկա ունեն երեք Ավետարանիչների խոսքը, ինչն անհերքելի է. «Եվ կեսօրին ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև ժամը երեքը» (Մատթ. 27:45): Այսպես են գրում նաև մյուս Ավետարանիչները: Այս ստույգ վկայությանը հակառակ ոչինչ չկա Սուրբ Գրքում, որպեսզի համայն աշխարհը չհասկանանք: Գիտեմ՝ հավատում ես, որ այն խավարումը բնական պատճառով չէր, այլ հրաշքով տեղի ունեցավ: Ուստի Սուրբ Ավետարանիչների վկայությամբ, որին հետևում են բոլոր վարդապետները, հարկ է հավատալ, թե ամբողջ աշխարհի վրա խավարում եղավ:

Արդ՝ բերածդ վկայության նման, ես ևս քեզ նմանատիպ վկայություններ կգտնեմ, որ «ամբողջ աշխարհ» կամ «ամբողջ երկիր» ասվածը միշտ չէ, որ նշանակում է ամբողջը: Սակայն այդպես չհասկանալու պատճառ ևս կա. «Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար» (Ղուկ. 2:1): Ահա այստեղ պարզ երևում է, որ «ամբողջ» բառը ողջ աշխարհին չի վերաբերում, այլ մատնանշում է իր իշխանության ներքո եղած տարածքը: Աբդիուն ասում է Եղիա մարգարեին. «Չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու» (Գ Թագ. 18:10): Այստեղից հայտնի է դառնում, որ ոչ բոլոր թագավորությունների և ազգերի մեջ է որոնել Աբդիուն, այլ միայն այն սահմանակից գավառների մեջ, որոնց հետ հաղորդակցություն ուներ Աքաաբ թագավորը:

Ահա բերածդ վկայությանը նման են սրանք, որոնց մեջ «ամբողջ» ասելով լրիվը նկատի չի առնվում: Բայց Ավետարանիչների ասած «ամբողջ» բառը այսպիսին չէ: Այդ խավարումը եղավ բովանդակ աշխարհի վրա:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․