22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հնչեցված այս հարցի առաջին իսկ տողերում արդեն իսկ մեծ սխալմունք կա։ Անհնար է բովանդակային կերպով ուսումնասիրել Սուրբ Գիրքը և հայտարարել, թե համասեռամոլությունը մեղք չէ։ Սուրբ Գրքում առկա են բազմաթիվ օրինակներ, որոնք ներկայացնում է այլասերվածության կորուսաբերությունն ու Աստծու զայրույթը նմանօրինակ երևույթների հանդեպ։ Ծննդոց 19-րդ գլխում Աստված հրով ու ծծումբով այրեց Սոդոմ և Գոմոր քաղաքները, քանի որ քաղաքների տղամարդիկ ցանկանում էին կենակցել այնտեղ ապաստանած տղամարդկանց հետ։ Դավատորաց գրքի 19-րդ գլխում Գաբաայի տղամարդիկ պահանջում են իրենց համերկրացուց՝ բացել տան դռները և իրենց հանձնել վերջինիս մոտ ապաստանած ղևտացի տղամարդուն, որպեսզի իրենք կենակցեն այդ տղամարդու հետ (տես․ Դատ․ 19․22)։ Իսկ տան տերը պատասխանում է․ «Ո՛չ, եղբայրներ, անզգամություն մի՛ արեք, այդ մարդու՝ իմ տունը մտնելուց հետո այդ անզգամությունը մի՛ արեք։ Ահա իմ կույս աղջիկը և այդ մարդու հարճը․ նրանց հանեմ, լլկե՛ք նրանց, արե՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, նայց այդ մարդու հետ այդ անզգամությունը մի՛ արեք»։ Սիրաքի իմաստության գիրքն այս մասին հետագայում մեկնաբանում է․ «{Աստված} չխնայեց նաև Ղովտի համաքաղաքացիներին {Սոդոմ-Գոմորի բնակիչներ}, որոնցից զզվեց նրանց ամբարտավանության պատճառով»։ Պողոս Առաքյալը հստակորեն ձևակերպում է Քրիստոնեության վերաբերմունքը համասեռամոլության նկատմամբ․ «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն: Եւ դուք, գոնէ ոմանք, այդպիսիք էիք. բայց լուացուեցիք, մաքրուեցիք, արդարացուեցիք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստծու Հոգով» (Ա Կորն․ 6․9-10): Կարծում ենք՝ այս մի քանի մեջբերումը բավարար է ցույց տալու համար, որ սխալ ու կեղծ է այն պնդումը, թե Աստվածաշնչի բարոյագիտության սահմաններում ընկալելի են համասեռամոլությունն ու դրա դրսևորումները։ Հռոմի Պապի հետ կապված հիշատակումը ևս կեղծ է։ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդը ոչ թե ասել է, թե պետք է օրհնվեն նմանօրինակ ամուսնությունները, այլև՝ նմանօրինակ զույգերը։ Ասել է թե՝ համասեռամոլներին ևս կարելի է օրհնություն բաշխել, քանի որ Աստծու գթությունն ամենքի համար է, և առավելաբար հիվանդների, քան առողջների։ Բայց դուք չեք գտնի մեկ փաստ, որով կարող եք պնդել, թե Հռոմի Պապը ողջունում է համասեռամոլությունն ու թելադրում օրհնել նման ամուսնությունները։ Սա բացառվում է։ Նույնասեռականությունը մեղք է, որը հիմնավորված է Սուրբ Գրքով և եկեղեցական ավանդությամբ։ Աստված արու և էգ ստեղծեց մարդկանց, և տղամարդուն ու կնոջը միավորեց՝ ընտանիք ստեղծելու համար, և ոչ թե տղամարդուն՝ տղամարդու հետ, կնոջը՝ կնոջ հետ կենակցելու և շնանալու։ Ամուսնությունը և ընտանեկան միությունը արարելու՝ մարդ ստեղծելու, որդեծնության համար են։ Այդկերպ է մարդու մեջ գերազանցապես դրսևորվում արարելու աստվածային հատկանիշը։ Այս տրամաբանությունից դուրս փնտրվող որևէ հարաբերություն կենդանական կրքերի դրսևորում է միայն։