12 Հոկտեմբեր, Շբ
Հիսուս Քրիստոս Իսլամում կոչվում է Իսա։ Պատմականորեն այս երկու անձինք նույնն են, սակայն պետք է հասկանալ, որ համաձայն Իսլամի՝ Իսան ընդամենը մարգարե է, և ոչ Աստված։ Իսան Իսլամի 5 մեծ մարգարեների՝ ռասուլների շարքում է։ Այդ շարքում են նաև մեր հավատքի նախահայրեր Նոյը,Աբրահամը, Մովսեսը, ինչպես նաև Իսլամի հիմնադիր Մուհամմեդը։ Իսան համարվում է նաև Ալլահի ծառա, որովհետև Իսլամը չի ընդունում Քրիստոսի աստվածությունը և Ս. Երրորդությունը։ Ղուրանում Իսա անունը հիշատակվում է 25 անգամ՝ Իսա իբն Մարիամ (Իսա Մարիամի որդի) անունով։ Իսլամները հավատում են, որ Նա կիսով չափ հրեշտակ է, և որ Դատաստանի օրն Ալլահը կվերակենդանացնի Իսային և նա մյուս մարգարեների հետ միասին վկայություն պիտի տա անհավատների դեմ։ Ի տարբերություն Իսլամի՝ Քրիստոնեությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու անձնազոհության գաղափարի վրա։ Միայն Քրիստոսին ճանաչելու միջոցով է հնարավոր հասնել փրկության, ինչպես ասում է հենց Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6)։ Հիսուս միայն մարգարե չէ, այլ՝ մարդեղացած Խոսքը՝ համաձայն Ավետարանի խոսքի. «Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մոտ էր, եւ Բանը Աստված էր։" (Հովհ. 1:1)։ Այսինքն և՛ Իսան, և՛ Հիսուս պատմականորեն նույն անձերն են, սակայն երկու կրոններում տարբեր են նույն անձի առաքելության շուրջ ձևավորված մեկնաբանությունները։