Հարց 47 – Աստծո պարզ էությունը ձևի կամ կերպարանքի ներքո չի լինում: Աստված ասաց Մովսեսին. «…վերը՝ երկնքից գտնվող ոչ մի բանի նմանությամբ չստեղծես…» (Բ. Օրինաց 4:15-17): Արդ, ինչո՞ւ են քրիստոնյաները տերունական պատկեր նկարում:

Պատասխան – Արդարև, պետք չէ տերունական պատկեր նկարել՝ նայելով Աստծո պարզ էությանը: Սակայն մենք մեր նկարած պատկերներով ոչ թե աշխատում ենք Աստծո պարզ էությունը ցույց տալ, այլ միայն զգալի կերպով Աստծո մարդասիրությունը մտաբերել: Այնպիսի կերպարանքով ենք նկարում, ինչպիսին որ մեզ երևացել է:

Ահա Միածին Որդին, որ մարդկային կերպարանք առավ, մարդու կերպարանքով ենք նկարում: Սուրբ Հոգին, որ աղավնակերպ երևաց, մենք ևս աղավնակերպ ենք նկարում, և Հայր Աստված, որ հին ժամանակներում ծերունու կերպարանքով երևաց Դանիել մարգարեին, մենք ևս կատարյալ հասակի մարդու կերպարանքով ենք նկարում:

Մի՞թե չգիտենք, որ երեք անձերն էլ մի պարզ էություն են, անձև ու անտիպ՝ միաժամանակ խոստովանելով, որ երեք անձերն էլ վեր են օրինակներից և հեռու նմանությունից:

Չէ՞ որ նախնի հեթանոսները ևս պարզ խոստովանում էին աստվածային էությունը: Եվ երբ Աստծո անունով պատկեր էին նկարում, խորհրդական ձևեր էին գործածում: Ինչպես, օրինակ, երկայնամիտ լինելու համար ոտքերը բամբակից էին նկարում, իսկ բարկությամբ պատժելու համար ձեռքերը նկարում էին երկաթից. այսպես և մյուս զգայարանները:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․