22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Առանց փորձության կյանքը չի ընթանում: Այո՛, Քրիստոսն ինքը սովորեցրեց «Հայր մեր» աղոթքը: «Մի՛ տար մեզ փորձության» (Մատթեոս 6:13) կամ «Աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26:41): Աստված մադուն փորձության տանում է, բայց ոչ կործանելու համար: Փորձությունների ժամանակ են դրսևորվում մարդու առաքինություններն ու մեղքերը: Փորձությունները որ չլինեն, մարդն ինքը չի հասկանա, թե ինքը իր հավատի կյանքում որտեղ է գտնվում: Ինքը կարող է հանգիստ մտածել, որ ինքը արդեն մեծ առաջընթաց ունի, որ ինքը սրբության ճանապարհին շատ մոտ է: Բայց երբ փորձությունը գալիս է, մարդը տեսնում է իր ոչնչությունը, որ ինքը տարրական համբերություն չունի, որ ինքը դեռևս ընկերոջը չարախոսում է, իսկ իրեն սուրբ և անմեղ է ներկայացնում, և այլն, և այլն: Փորձությունները մարդուն անհրաժեշտ են կրթվելու, դաստիարակվելու համար՝ ըստ Աստուծո կամքի. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:12):