Մուրացկանությունն այն գործունեությունն է, որը ծավալում է մուրացկանը: Սակայն մուրացկան ասելով չպետք է հասկանալ աղքատ և կամ աղքատ ասելով չպետք է հասկանալ մուրացկան, քանզի ամեն մի մուրացկան չէ, որ աղքատ է և ամեն մի աղքատ չէ, որ մուրացկան է: Իսկ եթե ուշադրություն դարձնենք մեր Փրկչի խոսքերին, որ ասում է. «Ծարավ էի և ջուր տվեցիք, քաղցած էի և կերակրեցիք, մերկ էի և հագուստ տվեցիք… սրանցից մեկին արեցիք այդ, Ինձ համար արեցիք» (Մատթ.25:35, 36, 40), դիտելի է հետևյալը. մեր Տերը շեշտում է՝ սովածին կերակրել, մերկին հագուստ տալ և այլն: Ամեն մի բարիք երկնավոր Հորից է և մենք պետք է որպես բարի տնտեսներ չվատնենք այն, այլ եթե Աստված մեզ միջոցներ է տվել աղքատին կերակրելու, ապա ջանանք այդ միջոցները հասցնել աղքատին և ոչ թե աղքատության դիմակի տակ թաքնված «գործարարին»: Սակայն, եթե նույնիսկ ձեզնից խնդրել են ողորմություն և օրինակ՝ հարբեցողության վրա վատնել, ապա պետք չէ ափսոսել, քանզի Աստծուն ծառայելու, աղքատին ողորմելու տրամադրվածությամբ եք տվել և Աստված ձեր սրտի համաձայն կհատուցի ձեզ: