Ինչո՞ւ ջրհեղեղ եղավ:

Մարդկանց մեղքերի պատճառով: Քանի որ թեպետ Սեթը իր ցեղի մարդկանց առաքինության ուղիղ ճանապարհը ցույց տվեց, սակայն Կայենի սերունդը, իր նախահորից վատ օրինակ տեսած և հետզհետե չարության մեջ առավել առաջ գնացած լինելով, բացի Նոյ նահապետից, Սեթի ցեղն էլ Կայենի ցեղի անպարկեշտ և անամոթ աղջիկների հետ խառնակվեցին, որով էլ ամենքն այն աստիճան ապականության մեջ ընկան, որ այլևս չարն ու բարին չզանազանելով, ամեն մարդ մեղքը փառք ու պատիվ էր համարում իր համար (Ծննդ. Զ 5): «Ամոթ է» ասելու համար անմեղ մարդ է պետք, «ճիշտ քայլիր» ասելու, խրատելու համար ուղիղ մարդ է պետք: Արդ, ամենքն այսպես վատթարությամբ և ամեն կերպ ախտերով վարակվելով, իսկապես անհրաժեշտ եղավ, որ Աստված Իր շնորհը նրանցից ամբողջությամբ վերցնելով՝ պատժի, քանի որ Նրա շնորհներին բացարձակապես անարժան գտնվեցին (Ծննդ. Զ 3): Որովհետև մեղքը այնքան շատացավ, որ Աստված մարդուն ստեղծած լինելու համար զղջման և բարկության նշաններ է ցույց տալիս (Ծննդ. Զ 6):

Արդարև Աստված ամենակարող և ամենագետ է, Նա բարկություն և զղջում չունի, քանզի բարկությունը անկարողության, իսկ զղջումը անգիտության հետևանքներ են: Այսպիսի խոսքերը մարդկանց ապականված վիճակի վերաբերյալ իրավացի գանգատն են ցույց տալիս, և որ մեղքը այնքան գարշելի և Աստծո սրբությանը հակառակ բան է, որ Նա մեղավոր մարդ ստեղծելու համար զղջա և բարկանալու չափ չցանկանա: Տե՛ս և հիացիր Աստծո ողորմությամբ, որ հիշյալ ապստամբ մարդիկ ամեն առումով և անմիջական պատժի արժանի լինելու դեպքում, Իր անսահման գթությամբ, իսկույն պատժելու փոխարեն, 120 տարի անց ջրհեղեղով պատժելու սպառնալիք է տալիս, որպեսզի վախենան, մեղա գան և բնաջնջմամբ կորչելու ահավոր վտանգից ազատվեն (Ծննդ. Զ 3-17):

Քանի որ պատիժը ջրով պիտի լիներ, դրա համար էլ Աստված Նոյին հրաման է տալիս մի տապան կառուցել, որպեսզի ջրհեղեղը սկսելու ժամանակ դրա մեջ մտնելով ազատվի: Մանավանդ, [որպեսզի] մեղավոր մարդիկ տապանի կառուցումը տեսնելով և հասկանալով, որ պատժի գործադրումը պետք է տեղի ունենա, փութային զղջալ: Իսկ ջրհեղեղի ժամանակ տապան մտնելու, փրկվելու հույս չունենալու համար, նախապես Նոյին հայտնում է, թե ովքեր պիտի տապան մտնեն, ասելով. «Դու և քո որդիները, կինդ և որդիներիդ կանայք պիտի մտնեք տապան», որպեսզի ծածուկ չմնա, որ նրանցից բացի բոլորն էլ պիտի խեղդվեն: Դարձյալ, չմտածելու համար, թե աշխարհի վերջն է, հրամայում է, որ թռչունների և ցամաքային կենդանիների ցեղերը չկորչելու նպատակով, նրանցից արու և էգ տապան վերցվի, որպեսզի լավ հասկացվի, որ երկիրը վերստին պիտի ծաղկի ու շենանա և թե սույն պատիժը միմիայն մարդկանց մեղքի համար է: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․