Նոյը Աստծուն չաղոթե՞ց, որ ների մարդկանց մեղքերը, կամ մեղավորներին չխրատե՞ց, և կամ նրանց չհանդիմանե”ց, որ իրենց չար ճանապարհներից հետ դառնան:

Հիրավի, Աստծուն հաճելի և ընդունելի է մեղավորի համար աղոթելը, սակայն մի պայմանով, որ մեղավորն էլ իրեն հանցավոր ճանաչելով՝ զղջման գա, որովհետև Աստծուց ներում խնդրելը նշանակում է ճանաչել Նրա մեծությունը, իշխանությունն ու գթությունը, նաև մարդու կողմից իսկապես խոնարհության և զղջման նշան պետք է լինի: Ինչպես որ հայր Աբրահամի աղոթքով Աբիմելեք թագավորի (Ծննդ. Ի 17), Հոբ երանելիի աղաչանքով իր բարեկամների (Հոբ ԽԲ 10), Մովսես մարգարեի պաղատանքով Իսրայելի ժողովրդի հանցանքները ներվեցին (Ելք. ԼԲ 30): Քանի որ սրանք իրենց հանցանքը հասկանալով՝ միանգամից զղջացին: Սակայն ջրհեղեղի ժամանակ մարդիկ ոչ միայն իրենց մեղքերի համար չզղջացին, այլ օր օրի ավելի վատթարացան, և Նոյն էլ թեև նրանց համար աղոթեց, սակայն չընդունվեց այն, քանի որ հիշյալները սաստիկ հպարտությունից փքված՝ իրենց ուժին էին ապավինել (Իմաստ. ԺԴ 6): Նույնպես խրատելու վերաբերյալ Նոյը թե՛ Աստծո հրամանը խոսքով հաղորդելու, թե՛ առաքինությամբ նրանց բարի օրինակ լինելու պարտականության մեջ չթերացավ (Բ Պետ. Բ 5), բայց նրանք ամենևին չուղղվեցին, քանի որ մեղքը մարդու միտքը այն աստիճան է կուրացնում, որ այլևս բարին ու չարը անկարող է զանազանել (Համաձայն առածի, թե մեղքով բռնվածը մտքով էլ է բռնվում): Դարձալ, Նոյը անկարող լինելով նրանց պատժել, տրտմում է նրանց ապօրեն վարքի համար: Քանի որ այն ժամանակ դատավոր և թագավոր չկար, յուրաքանչյուրը իր ցանկությամբ շարժվելով՝ Աստծուց չէր երկնչում և մարդկանցից էլ չէր ամաչում. ընդ որում՝ ամենքն էլ գոռոզ և ամբարտավան, ամենքն էլ բռնակալ, ինքնագլուխ (Ծննդ. Զ 1) և անամոթ, մի խոսքով՝ ինքնահավան, անգութ և բարբարոս լինելով, մեծից մինչև փոքրը զվարճությունների և շվայտությունների անձնատուր եղած, Նոյ Նահապետի խրատներից և առաքինություններից ոչ ազդվում և ոչ էլ օրինակ էին վերցնում: Ինչպես որ նախապես հիշեցինք, 120 տարին անցնելով՝ տապանի կառուցումն էլ ավարտվեց և այդքան երկար ժամանակահատվածում ոչ ոք չզղջաց և ոչ էլ ապաշխարեց:

Դու Աստծո մարդասիրությունը տե՛ս, որ թեև արդարությամբ որոշել էր պատժել մեղավորներին, բայց ողորմած լինելով՝ անձրևի սկսելուց յոթ օր առաջ հրամայում է Նոյ նահապետին, որ կենդանիներին, ինչպես նաև իրենց և նրանց համար անհրաժեշտ պաշարը վերցնելով, իր երեք որդիների՝ Սեմի, Քամի, Հաբեթի, իր կնոջ և որդիների կանաց հետ շտապի տապան մտնել: Արդ, Նոյը հրամայվածի համաձայն տապան մտնելուն պես, ո՜վ հրաշալիք, հրեշտակը դրսից փակում է տապանի դուռը (Ծննդ. Է 17), որպեսզի այլ մարդ չկարողանա դրա մեջ մտնել, բայց ականատեսները ծիծաղելով ծաղրում են, քանի որ չեն հավատում, որ ջրհեղ է լինելու:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․