Ի՞նչ խորհուրդ ունեն վերոհիշյալ երինջը, քոշը (արու այծ), խոյը, տատրակն ու աղավնին:

Երինջը, որը դեռ լծի տակ չի մտել, իսրայելացիների առաջին սերունդն է հայտնում, որ առաջինը Եգիպտոս գնալով, Հովսեփի շնորհիվ առանց հարկերի և նեղությունների ենթարկվելու, հանգիստ և զվարճանքներով անցկացրին իրենց կյանքը: Արու այծը երկրորդ սերունդն է ցույց տալիս, որոնց եգիպտացիները սկսեցին հարստահարել Հովսեփի մահանալուց հետո, նրանց կաթը կթելու նման, քանի որ առանց վարձատրության էին աշխատեցնում:

Խոյը երրորդ սերունդն է հայտնում, որ փարավոնը ինչքան չարչարում էր, այնքան ավելի էին շատանում, և խոյի նման նեղություններին տոկալով՝ իրենց մարմինը անվնաս էր մնում: Նույնպես արևի մայրամուտի ժամանակ մսերի միջով բոցախառն ծխի անցնելը, ինչպես նաև թռչունների [մսի վրա] թառելը Հովսեփից հետո կռապաշտների կողմից եկող թշնամությունն էր ցույց տալիս, որը իսրայելացիները տեսան և կրեցին թե՛ Եգիպտոսում, և թե՛ հետո՝ անապատում ամաղեկացիներից և այլ թշնամիներից:

Իսկ երկու թռչունը՝ տատրակն ու աղավնին, որոնց առանց սպանելու թռցրեց, չորրորդ սերնդի օրինակն էին, որոնք թռչունի պես հրաշքով Եգիպտոսից դուրս եկան, և քառասուն տարի անապատով ճամփորդելով, հատուկ բոլոր տեսակ նեղությունների ենթարկվեցին՝ տատրակի նման տխուր և տրտում: Հետո Ավետյաց երկիրը գրավելու հույսով միայն ոգևորված և այնտեղ՝ Ավետյաց երկրում, աղավնու նման պարզամիտ և ուրախ, իրենց ցեղերով բնակվելու և բազմանալու նշանն ու ապացույցն էր:

Իսրայելի ժողովրդի չորս հարյուր տարի Եգիպտոսում օտարության մեջ մնալը՝ նրանց չորրորդ սերնդի Եգիպտոսից դուրս գալու օրինակը եղավ (Ծննդ. 17:16): Ոմանք այս չորս հարյուր տարին Իսահակի ծնունդից են հաշվում: Անդրադառնալով Աբրահամի վրա թմրություն, երկյուղ և մթություն տիրելուն, սրանք նրա մահն էին նախանշում, քանի որ վերոհիշյալ նշանների կատարումը Աբրահամի մահից հետո պիտի տեղի ունենային:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․