4 Նոյեմբեր, Բշ
Աբրահամը գիտեր, որ Աստված անմեղ մարդուն պահպանում է (Բ Պետ. 2:9), մանավանդ սոդոմացիների համար բարեխոսելու ժամանակ Ղովտի փրկության համար էլ էր խնդրել (Ծննդ. 18:23). հիրավի, Ղովտի անունը չի հիշատակում, սակայն հայտնի է, որ մտադրությունը Ղովտի համար էր (Ծննդ. 1:29). հետևաբար Ղովտի փրկության համար Աբրահամը երբեք չտարակուսեց: Եվ ուրեմն առաջին իսկ օրվանից գործին տեղյակ էր, երկնքում բոցի երևալուն պես իմացավ, որ սոդոմացիներն էին այրվում (Ծննդ. 19:27):
Սակայն այս դեպքի պատճառով իր հանգստությունը գրեթե կորցրեց: Որովհետև Սոդոմ Գոմորի երկիրը իր բնակության վայրին մոտ լինելով, բնականաբար հրդեհի բորբոքումը այդ կողմերը նույնպես պիտի վնասեր, ուստի Քեբրոնից գաղթում է Գերերա կոչված վայրը: Եվ ահա այստեղ նույնպես, Եգիպտոսում պատահածի նման, Աբիմելեք թագավորը Սառային Աբրահամի քույրը կարծելով, նրան իրեն կին դարձնելու նպատակով վերցնում է:
Արդ, քանի որ հիշյալը անգիտաբար և ոչ թե չար նպատակով այս արեց, դրա համար էլ Աստված երազի մեջ պատվիրում է Սառային վերադարձնել իր ամուսնուն, եթե ոչ՝ կմեռնի, և Աբրահամը աղոթելու էր նրա համար, որ չմահանար: Սրանից բացի, մեղքից հեռացնելու համար որպես պատիժ մի այնպիսի ախտ է տալիս նրան և իր հպատակներին, որ ինչքան ժամանակ, որ Սառան նրա մոտ մնաց, նրանք ծննդագործության նպատակով որևէ բան անելու համար անկարող եղան, ինչպես նաև նրանց կանայք ամլության դատապարտվելով՝ ծննդաբերելուց բոլորովին դադարեցին:
Աբիմելիքը, այս պատժից շատ վախենալով, իսկույն կանչում է Աբրահամին, և Սառային վերադարձնելուց բացի, քաղցր և խոնարհ խոսքերով նրան մեղադրում է՝ ասելով, թե ինչո՞ւ այդ բանը արեց, որով էլ իրեն մեծ վտանգի մեջ գցեց, և որպես ընծա Սառային հազար սատեր (արծաթե դրամ), երինջ, ոչխար, ծառա և աղախիններ տալով, նրանց արտոնում է, որ իր երկրի մեջ ցանկացած վայրում բնակվեն: Աբրահամն էլ նրա համար աղոթելով, որպես պատիժ տրված հայտնի ախտը փարատվում է, և Աբիմելեքի կինն ու հարճերը սկսում են զավակներ ծնել:
Օրինակ վերցրու և Աբրահամի նման հավատարմորեն ծառայիր Աստծուն, որպեսզի ամեն վտանգից և փորձությունից ազատ լինես, քանի որ Աստված իր հավատարիմ ծառային միշտ հովանավորում և փառավորում է: Աբիմելեք թագավորը Աբրահամի աղոթքի կարիքն ունեցավ, քանի որ արդար մարդու աղոթքով Աստված ուրիշներին էլ է ողորմում, ուստի մեծ բարիք է այն տեղի համար, որտեղ արդար մարդ է գտնվում: Նույնպես մեծ շնորհ է այն մարդուն, որին Աստված մեղքերից խնայելու համար վիշտ և նեղություն է տալիս:
Արդարև մարդը պարտավոր է շնորհակալ լինել Աստծուն, երբ այս աշխարհի մեջ որևէ կերպով պատուհաս է տեղի ունենում, իմանալով, որ այն Աստծուց է, և խոնարհությամբ ընդունենք, որ մեզ համար բարիք է այն: Քանի որ նա, ով մարմնական նեղությունների է ենթարկվում՝ մեղքերից խույս է տալիս (Ա Պետ. 4:2):
Այս ընթացքում, ինչպես արդեն հիշվել է, Աստծո խոստման և Աբրահամին տրված ավետման համաձայն ծնվում է Իսահակը: Աբրահամն ու Սառան չափազանց ուրախանում են, սրտով ու հոգով բերկրում, Իսահակ անունն էլ արդեն իսկ «խնդություն» է նշանակում, քանի որ ամբողջ աշխարհին հոգևոր ուրախություն պարգևող մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրինակը պետք է լիներ: Այս պարագայում մի՛ կարծիր, թե Աբրահամը միայն Իսահակի ծննդյան համար ուրախացավ, այլ հատկապես՝ Աստծո կողմից մարդկային ազգին անելիք բարիքների և ողորմության համար: Որովհետև Քրիստոս Իսահակի ցեղից պետք է ծնվեր, մարդկային ազգը նրա զավակի՝ Մեսիայի շնորհիվ օրհնության պիտի արժանանար: Արդ, երբ ծնվեց զավակը, հայտնի եղավ, որ խոստացված բարիքն էլ պիտի շնորհվեր, այս պատճառով Իսահակը ավետյաց զավակ է կոչվում:
Դու Աստծո ողորմությանը նայիր. Աբրահամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ Քանանի երկիրը մտավ, և քսանհիգ տարի շարունակ Աստծո ողորմությամբ տեսակ-տեսակ բարիքներ և պատվի արժանանացավ, և իր ծերության հասակի մեջ ժառանգի ծնունդնն էլ Աստծո հատուկ և մասնավոր սիրո և շնորհի փայլուն ապացույցն էր: Քանի որ Աբրահամը բազում ազգերի հայր պիտի լիներ, այդ իսկ պատճառով Աստված իր խոստումի կատարումը այդքան ժամանակ հապաղեց, որ նրա հավատը հայտնի դառնա բոլորին:
Եսայի մարգարեն Աբրահամին մի հաստատուն վեմի, իսկ Սառային մի չորացած ջրհորի է նմանեցնում (Եսայի 51:1): Քանի որ բնական օրենքի համաձայն զավակ ունենալու ժամանակը անցել էր, Աստված նրանց զավակ է շնորհում, որպեսզի մարդիկ խրատվելով, նրանց նման անկեղծորեն հավատան և հավատարմությամբ ծառայեն: Իսահակի ծնվելու ժամանակ Աբրահամը՝ հարյուր, իսկ Սառան իննսուն տարեկան էր: Երիտասարդ տարիքում զավակ ունենալը բնության զորություննից է, իսկ բնության ձեռք քաշելուց հետո զավակ ունենալը Աստծո հատուկ պարգևն է:
Իսահակի մեծանալով կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ հրավեր և ուրախություն կազմակերպեց: Սակայն այստեղ պետք է ուշադրություն դարձնել Աբրահամի և Սառայի վիճակին, որոնք միշտ իրար հանդեպ վերին աստիճանի սիրով էին և Սառան միշտ Աբրահամին հնազանդ էր. միայն թե երբ Իսմայելը սկսեց Իսահակի մեծանալուն պես նրան նեղել և վշտացնել, Սառան Աբրահամին առաջարկեց իր աղախնուն և նրա որդուն վռնդել (Ծննդ. 21:10): Թեև այս առաջարկը Աբրահամին ծանր և դժվար թվաց, սակայն Աստված հրամայում է նրան, որ լսի Սառային: Ուստի Աբրահամը, Աստծո հրամանը իմանալուն պես, մի տիկ ջուր և հաց տալով Ագարին և որդուն՝ Իսմայելին էլ նրան հանձնելով, հեռացնում է իր տնից (Ծննդ. 21:14):
Արդարև Ագարը առաջ էլ հղության առթիվ իր տիկնոջը՝ Սառային չցանկանալով հնազանդվել, խույս էր տվել նրանից, իսկ այս անգամ նրա որդին՝ Իսմայելը Իսահակի դեմ ելնելով, Աբրահամի տնից հեռացան: Ագարը, Աբրահամից բաժանվելով, անապատում Երդման Ջրհոր կոչվող տեղը գալու ժամանակ կորցնում է ճանապարհը և տիկի մեջ եղող ջուրը սպառելով, երկուսն էլ հոգնած, սոված և ծարավ, այդպես հուսահատությամբ մանկանը ծառի տակ թողնելով, մայրը նստում է հեռվում, որպեսզի զավակի մահը չտեսնի, որն այդ ժամանակ բարձր ձայնով լալիս էր:
Սակայն հրեշտակը ձայն է տալիս՝ ասելով, թե մի վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնը, վեր կաց, վերցրու մանկանը «քանի որ մեծ ազգ պիտի դարձնեմ նրան»: Ճշմարիտ է, որ այն տեղի մոտ ջրի աղբյուր կար, բայց խեղճը շվարած լինելով՝ տրտմությունից չէր կարողացել տեսնել. ուստի, երբ Աստված նրա աչքերը բացում է և նա տեսնում է աղբյուրը՝ տիկը լցնում է և խմեցնում մանկանը, որով էլ զորանում են և գնում Փառան կոչված անապատում բնակվում: Երբ Իսմայելը մեծանում է, մայրը Եգիպտոսից նրա համար կին է առնում, և նրա ցեղը հետզհետե տիրանում է այն տեղերին:
Կարևոր է իմանալ, որ Աստված Աբրահամի սիրո համար Իսմայելի ցեղը զորացնելով՝ մարմնավոր մեծություն է խոստանում նրան, ոչ թե հոգևոր զավակի աստիճանով, այլ մարմնավոր, քանի որ աղախնից ծնվեց, ինչպես որ Աբրահամը մարմնի կարիքները հոգաց՝ հաց և ջուր տալով: Մինչդեռ Իսահակը միշտ Աբրահամի մոտ մնալով, նրա ստացվածքներին, փառքին և մանավանդ հոգևոր պարգևներին ևս ժառանգ եղավ, և Հիսուս Քրիստոսը Իսահակի ցեղից սերելով՝ բոլոր քրիստոնյաները Աբրահամի հոգևոր ժառանգներն են համարվում (Գաղ. 4:28):
Վերոհիշյալ Աբիմելեք թագավորը, որը Աբրահամի աղոթքով բժշկվել էր, հասկանալով, որ Աստված Աբրահամի հետ է, և նրա գործերը հաջող գնալով օր օրի զորանում է, այս պատճառով միշտ նրա հետ բարեկամանալ է ցանկանում: Այս պատճառով իր մարդկանց հետ Աբրահամի մոտ գալով, ասում է. «Երդվիր, որ ինձ և իմ զավակներին չես վնասի, ինչպես որ մենք քեզ վնաս կամ չարիք չպատճառեցինք»: Ճշմարիտ է, որ Աբրահամը ոչ ոքի զրկանք չպատճառելուց բացի, իրեն զրկանքներ տվողներին ևս առանց փոխարենը հատուցելու համբերում էր, ինչպես, օրինակ, Աբիմելեք թագավորի մարդիկ նրա փորած ջրհորը գրավել էին, սակայն Աբրահամը մինչ այդ պահը ձայն չէր հանել որևէ խոսք ասելու համար: Միայն այս առթիվ է, որ Աբիմելեքին գանգատվեց նրանց դեմ: Թեպետ հիշյալը այս բանի մասին անտեղյակ ձևացրեց իրեն, ուստի Աբրահամը իմանալով, որ դժվար պետք է լինի թագավորին ապացուցել նրա մարդկանց հանցանքը, յոթ ոչխար է տալիս՝ որպես ջրհորը իրեն պատկանելու գրավական:
Այս առթիվ երկուսն էլ երդմամբ ուխտեցին, որ միշտ եղբայրներ մնան, և այդ տեղի անունը Աբրահամի կողմից «Երդման ջրհոր» կոչվեց: Երբ Աբիմելեքը իր տեղը վերադարձավ, Աբրահամը այնտեղ ծառ տնկելով՝ Աստծուն «հավիտենական» դավանեց իր աղոթքներում (Ծննդ. 21:33), և երկար ժամանակ այնտեղ բնակվեց: Արդարև, Ագարի և Իսմայելի Աբրահամի տնից հեռանալով, Սառան և Իսահակը հանգստացան, և Աբրահամը նույնպես, մինչ ամեն ինչով փառավորյալ խաղաղ վիճակն էր վայելում, ահա Աստված նրան փորձելու համար (Ծննդ. 22:1) ասում է. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ, վերցրու քո սիրելի ուրդուն՝ Իսահակին և գնա այն բարձր լեռը, այնտեղ նրան ողջակե՛զ արա, նվիրի՛ր Ինձ» (Ծննդ. 22:1): Այս անգամ Աբրահամ անունը երկու անգամ հիշատակելու պատճառը տրված հրամանը անմիջապես կատարելու խիստ մեծ կարևորությունը զգացնելու համար էր:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902