30 Նոյեմբեր, Շբ
15 Ջանա՛ Աստծոյ առաջ ներկայացնել քեզ փորձուած՝ որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող: 16 Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, 17 եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում: Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, 18 որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը: 19 Բայց Աստծոյ հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրենն են». նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռո՛ւ լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»: 20 Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ: Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են: 21 Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կլինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար: 22 Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով: 23 Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում: 24 Այսպէս ուրեմն, Տիրոջ ծառան պէտք չէ, որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ 25 հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը 26 եւ զգաստանալով ազատուեն սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով: