30 Նոյեմբեր, Շբ
63.18 Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արեցին քո սրբութիւնը: 19 Եղանք, ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում:
64.1 Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կսասանուեն եւ կհալուեն, ինչպէս մոմը կրակի դիմաց: 2 Կրակը կայրի քո հակառակորդներին, եւ քո անունը յայտնի կդառնայ թշնամիներիդ. քո պատճառով հեթանոսները խռովութեան կմատնուեն: 3 Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կսասանուեն: 4 Հնուց ի վեր չլսեցինք, եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած, որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր, 5 ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները: Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք: 6 Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրինութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք, ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ: 7 Ոչ մէկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր: 8 Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք: 9 Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր: Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք: 10 Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ: 11 Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ, հրոյ ճարակ դարձաւ, եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց: 12 Եւ այս ամէնի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ: