30 Նոյեմբեր, Շբ
1 Յիշեցրո՛ւ նրանց, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդուեն եւ հպատակուեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. 2 ոչ ոքի չչարախօսեն, չլինեն կռուարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց քաղցրութեամբ վերաբերուեն. 3 որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորուած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէս-պէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց: 4 Իսկ երբ մեր Փրկիչ Աստծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեց – 5 ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ՝ իր ողորմութեան համաձայն – փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու, 6 որ Աստուած թափեց մեզ վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, 7 որպէսզի նրա շնորհով արդարացուած՝ ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով: 8 Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստատ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարել, քանի որ այդ է բարի եւ օգտակար մարդկանց համար: 9 Բայց հեռո՛ւ վանիր յիմար վէճերը, տոհմաբանութիւնները, հակաճառութիւններն ու օրէնքի շուրջ եղող կռիւները, որովհետեւ դրանք անօգուտ են եւ սնոտի: 10 Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. 11 իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն: 12 Երբ քեզ մօտ ուղարկեմ Արտեմասին կամ Տիւքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մօտ Նիկոպոլիս, քանի որ մտադիր եմ այնտեղ ձմեռել: 13 Օրէնսգէտ Զենոնին եւ Ապողոսին շուտով ճանապարհի՛ր, այնպէս որ նրանք ոչ մի բանի պակաս չզգան: 14 Եւ մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի կարեւոր պէտքերի մէջ, որպէսզի անպտուղ չլինեն: 15 Ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են: Ողջունի՛ր հաւատի մէջ մեզ սիրողներին: Շնո՜րհ ձեզ բոլորիդ: