30 Նոյեմբեր, Շբ
2 Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք: Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում: 3 Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը: 4 Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից: Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ: 5 Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը: 6 Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից: 7 Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի: 8 Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի: 9 Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան: 10 Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում: 11 Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով: