30 Նոյեմբեր, Շբ
22.34 Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. 35 եւ նրանցից մէկը, նրան փորձելով, հարցրեց ու ասաց. 36 «Վարդապե՛տ, օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: 37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: 38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39 եւ երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ օրէնքը եւ մարգարէները»: 41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան”: 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
23.1 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդի եւ իր աշակերտների հետ ու ասաց. 2 «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3 ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: 4 Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: 5 Եւ իրենց բոլոր գործերն անում են ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը: 6 Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել 7 ու մարդկանցից կոչուել ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ: 8 Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք: 9 Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէկ է ձեր Հայրը, որ երկնքում է: 10 Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոսն է ձեր Ուսուցիչը: 11 Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի: 12 Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանայ: 13 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն: 15 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայով անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզնից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում: 16 Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք. ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել: 17 Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին: 18 Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել: 19 Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան: 20 Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կլինի նրա վրայ եւ այն ամէնի վրայ, որ սեղանի վրայ է: 21 Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կլինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծոյ վրայ: 22 Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կլինի Աստծոյ աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ: 23 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամէնից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել: 24 Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս: 25 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ: 26 Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի: 27 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ: 28 Նոյնպէս եւ դուք դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրինութեամբ: 29 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 30 “Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի”: 31 Ապա ուրեմն, դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին: 32 Ուրեմն, դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը: 33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: 34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեզ վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ: 37 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: 38 Ահա ձեր տունը աւերակ կթողնուի ձեզ. 39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»: