30 Նոյեմբեր, Շբ
1:1 Հարսն ասում է. Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: 2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»: Հարսն օրիորդներին պատմում է, թէ Փեսան ինչ է շնորհել իրեն. «Արքան ինձ իր սենեակը տարաւ»: Հարսը պատմում է օրիորդներին, եւ նրանք ասում են. «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով, եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»: Օրիորդները Հարսին յայտնում են Փեսայի անունը. «Արժանին սիրեց քեզ»: Հարսն ասում է. 4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: 5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»: Հարսն ասում է Փեսային. 6 «Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: Փեսան ասում է հարսին. 7 «Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: 8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»: Օրիորդներն ասում են Հարսին. 9 «Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: 10 Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»: Հարսն ասում է իր եւ Փեսայի մասին. 12 «Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար, որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ: 13 Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝ Ենգադդի այգիների մէջ»: Փեսան ասում է Հարսին. 14 «Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»: Հարսն ասում է Փեսային. 15 «Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ: 16 Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են մեր առաստաղները»:
2:1 Փեսան ասում է իր եւ Հարսի մասին. «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան: 2 Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»: Հարսն ասում է Փեսային. 3 «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ: Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»: Հարսն ասում է օրիորդներին.