30 Նոյեմբեր, Շբ
1 Այդ օրը Յիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: 2 Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: 3 Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. 4 «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: 5 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6 երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: 8 Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ՝ մէկին՝ հարիւր. եւ կար որ՝ մէկին՝ վաթսուն. եւ կար որ՝ մէկին՝ երեսուն: 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի»: 10 Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»: 11 Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12 որովհետեւ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ: 13 Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում: 14 Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է. “Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. 15 որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ”: 16 Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: 17 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ՝ լսել, ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին: 18 Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. 19 ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: 20 Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: 21 Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում-ընկնում է: 22 Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: 23 Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ՝ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ՝ մէկի դիմաց՝ վաթսուն, եւ կայ որ՝ մէկի դիմաց՝ երեսուն»: