30 Նոյեմբեր, Շբ
1 Հրէաստանից իջել էին ոմանք Անտիոք եւ եղբայրներին ուսուցանում էին. «Մովսէսի օրէնքի համաձայն եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել»: 2 Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն ու վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղէմ բարձրանան՝ առաքեալների եւ երէցների մօտ: 3 Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին: 4 Եւ երբ Երուսաղէմ հասան, եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից ընդունուեցին. պատմեցին, թէ Աստուած ինչ բաներ արեց իրենց միջոցով: 5 Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը»: 6 Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար: 7 Եւ շատ վէճ լինելուց յետոյ Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսներն իմ բերանով աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան: 8 Եւ սրտագէտն Աստուած նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ: 9 Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը: 10 Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք չկարողացանք տանել: 11 Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կփրկուենք, ինչպէս եւ նրանք»: 12 Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմելը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքա՜ն նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ: 13 Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, խօսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ. 14 Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար: 15 Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է. 16 “Սրանից յետոյ կվերադառնամ եւ կշինեմ Դաւթի փուլ եկած տունը եւ նրա աւերակները վերստին կշինեմ ու կվերականգնեմ այն, 17 որպէսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպէս եւ բոլոր հեթանոսները, որոնց վրայ դրուած է իմ անունը”,– ասում է Տէրը՝ նա, որ անում է այս բոլորը: 18 Ի յաւիտենից յայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը: 19 Դրա համար ես էլ ինձ իրաւունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, 20 այլ՝ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից ու պոռնկութիւնից, խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից. 21 քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի եւ նա ամէն շաբաթ օր ժողովարանում ընթերցւում է»: 22 Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին՝ ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին, եւ Շիղային, որոնք գլխաւորներն էին: 23 Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. «Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջոյն են յղում: 24 Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովել են ձեզ խօսքերով ու խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել, 25 ուստի հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ուղարկել ձեզ մօտ ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին՝ Բառնաբասի ու Պօղոսի հետ. 26 մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար: 27 Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն. 28 որովհետեւ հաճելի թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրայ, բացի այս կարեւորներից. 29 այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կանէք: Ո՛ղջ եղէք»: