30 Նոյեմբեր, Շբ
15.30 Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին: 31 Եւ նրանք ընթերցելով՝ ուրախացան այդ մխիթարութեան համար: 32 Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց: 33 Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ: 34 Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ: 35 Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծոյ խօսքը: 36 Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»: 37 Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել, 38 բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն: 39 Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնպէս որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նաւարկեց դէպի Կիպրոս: 40 Իսկ Պօղոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծոյ շնորհին. 41 եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները:
16.1 Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա: Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար՝ հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, 2 որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից: 3 Պօղոսը ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, որ նրա հայրը հեթանոս է: 4 Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները: 5 Այսպէս եկեղեցիներն ամրապնդւում էին հաւատի մէջ, եւ օրէցօր նրանց թիւն աւելանում էր: