3 Հոկտեմբեր, Եշ
1 Եւ մինչ Ապողոսը դեռ Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. 2 «Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»: Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»: 3 Եւ նա ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»: Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»: 4 Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ ով գալու է իրենից յետոյ, նրան թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»: 5 Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով: 6 Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում: 7 Նրանք շուրջ տասներկու հոգի էին: 8 Եւ Պօղոսը, ժողովարան մտնելով, երեք ամիս համարձակ խօսում էր, քարոզում եւ Աստծոյ արքայութեան մասին համոզում նրանց: 9 Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց, աշակերտներին զատեց եւ խօսում էր ամէն օր Տիւրան անունով մէկի դպրանոցում: 10 Այս տեւեց երկու տարի, այնպէս որ ասիացի, հրեայ եւ հեթանոս բոլոր բնակիչները լսեցին Տիրոջ խօսքը: 11 Աստուած ոչ սակաւ զօրաւոր գործեր էր անում Պօղոսի միջոցով. 12 մինչեւ իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիւանդների մօտ, եւ ախտերը հեռանում էին նրանցից. եւ չար ոգիները դուրս էին գալիս 13 Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդուեցնողներ էին, յանդգնեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. «Երդուեցնում եմ ձեզ Յիսուսով, որին քարոզում է Պօղոսը»: 14 Այս անողները ոմն Սկեւոս հրեայ քահանայապետի եօթ որդիներն էին: 15 Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»: 16 Եւ այն մարդը, որի մէջ չար ոգի կար, վազեց նրանց վրայ եւ երկուսին էլ բռնելով՝ գետնին զարկեց նրանց. այնպէս որ նրանք մերկ եւ վիրաւոր փախան այդ տնից: 17 Եւ այս բանը յայտնի դարձաւ Եփեսոսում բնակուող բոլոր հրեաներին ու հեթանոսներին: Եւ նրանց բոլորի մէջ ահ ընկաւ. եւ Տէր Յիսուսի անունը փառաւորւում էր: 18 Եւ հաւատացեալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները: 19 Եւ կախարդութեամբ զբաղուողներից շատերը բերում էին իրենց գրքերը եւ բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան էր: 20 Եւ այսպէս Աստծոյ խօսքը աճում էր ու զօրանում: