3 Դեկտեմբեր, Գշ
10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: 12 Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի: 15 Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր: 16 Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ: 17 Իսկ եթէ նրանց էլ չլսի, կասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի, ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում: 19 Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20 որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես՝ նրանց մէջ»: 21 Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թ անգամ»: 22 Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթ անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթ: 23 Այսպէս երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել: 24 Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան: 25 Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել: 26 Եւ ծառան գետնին ընկնելով երկրպագում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կվճարեմ քեզ”: 27 Այդ ծառայի տէրը գթալով արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց: 28 Իսկ ծառան դուրս ելնելով գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով խեղդում էր ու ասում. “Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես”: 28 Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կվճարեմ քեզ”: 30 Իսկ սա չէր կամենում. գնաց, նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր: 31 Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր: 32 Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. “Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33 իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի”: 34 Եւ նրա տէրը բարկանալով նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը: 35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզնից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը նրա յանցանքները»: