30 Նոյեմբեր, Շբ
1 Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ: 2 Սիրելի՛ս, աղօթում եմ քո բոլոր գործերի յաջողութեան եւ քո առողջութեան համար՝ այնպէս, ինչպէս որ քո հոգին էլ յաջողութեան մէջ է: 3 Շատ ուրախացայ, երբ եղբայրները եկան եւ վկայեցին քո ճշմարտութեան մասին՝ այն, թէ ինչպէս ես դու ընթանում ճշմարտութեամբ: 4 Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում: 5 Սիրելի՛ս, հաւատարմութեամբ ես գործում. ինչ որ անում ես եղբայրների համար, նոյնը արա նաեւ օտարների՛ համար, 6 որոնք վկայեցին քո սիրոյ մասին եկեղեցու առաջ: Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրայ դնելով՝ բարի գործ արած կլինես, 7 քանի որ նրանք Քրիստոսի անուան համար ճանապարհ ելան եւ ոչ մի օգնութիւն չստացան հեթանոսներից: 8 Ուրեմն, մենք պարտաւոր ենք ընդունել այդպիսիներին, որպէսզի գործակից լինենք ճշմարտութեանը: 9 Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփէսը, որ իրեն միւսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ: 10 Դրա համար, եթէ գամ, պիտի յիշեցնեմ այն գործերը, որ նա արել է: Չար խօսքերով, շատախօսելով տանջում է մեզ: Եւ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլեւ արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են. եւ այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում: 11 Սիրելի՛ս, մի՛ նմանուիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել: 12 Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին եւ ինքը ճշմարտութիւնը. վկայում ենք նաեւ մենք. եւ դու գիտես, որ մեր վկայութիւնը ճշմարիտ է: 13 Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով եւ թանաքով, 14 քանի որ յոյս ունեմ շուտով տեսնել քեզ եւ դէմ առ դէմ խօսել: 15 Խաղաղութի՜ւն քեզ: Քեզ ողջունում են սիրելիները: Ողջունի՛ր մեր սիրելիներին՝ իւրաքանչիւրին առանձին-առանձին: