12 Հոկտեմբեր, Շբ
5 Մովսէսը գրում է այն արդարութեան մասին, որ օրէնքից է. եթէ մարդը կատարի այն, նրանով կապրի: 6 Իսկ հաւատից եղող արդարութեան մասին այսպէս է ասում. «Քո սրտում մի՛ ասայ՝ ո՞վ է ելնելու երկինք»: Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար: 7 Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»: Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից: 8 Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մօտ է խօսքը քեզ՝ քո բերանում եւ քո սրտում»: Այսինքն՝ հաւատի խօսքը, որը քարոզում ենք. 9 որովհետեւ եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, որ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կփրկուես. 10 քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար՝ խոստովանում բերանով. 11 քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու». 12 որովհետեւ չկայ խտրութիւն հրեայի եւ հեթանոսի, քանզի նոյն Տէրը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան. 13 որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկուի: 14 Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելու. 15 կամ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին, ինչպէս գրուած էլ է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը խաղաղութեան աւետարանիչների եւ բարի բաների աւետիս տուողների»: 16 Բայց ոչ բոլորը հնազանդ եղան աւետարանին: Եսային աղաղակում է. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր քարոզութեանը»: 17 Ապա ուրեմն, հաւատը լսուածից է, եւ լսուածը՝ Քրիստոսի խօսքից: