7 Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ: Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ: 8 Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից: 9 Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան: 10 Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ: 11 Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. «Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին. 12 ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսին եւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը իր անունը յաւերժացնելու համար: 13 Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպէս ձին է անցնում անապատով, կամ ինչպէս գրաստը՝ դաշտով, ու նրանք չյոգնեցին: 14 Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»: Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն: 15 Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ուր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ուր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ: 16 Դու ես մեր հայրը: Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը: 17 Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի, որ քո ժառանգութիւնն է: 18 Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել: Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արեցին քո սրբութիւնը: