3 Հոկտեմբեր, Եշ
21 Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կփնտրէք եւ ձեր մեղքերի մէջ կմեռնէք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: 22 Հրեաներն ասացին. «Մի՞թէ անձնասպանութեան կդիմի, քանի որ ասում է, թէ՝ “Ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ”»: 23 Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ: 24 Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կմեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կմեռնէք ձեր մեղքերի մէջ»: 25 Նրան ասացին. «Ո՞վ ես դու»: Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ: 26 Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու: Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խօսում աշխարհում»: 27 Եւ նրանք չիմացան, որ Հօր մասին է ասում իրենց: 28 Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խօսում: 29 Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»: 30 Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան: