28 Նոյեմբեր, Եշ
1 Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէք նոյն մտքով. որովհետեւ ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, 2 որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծոյ կամքի ապրի. 3 քանզի բաւական է մեզ կեանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն՝ զեխութիւններով, յոռի ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, հարբեցողութիւններով, անօրէն կռապաշտութիւններով: 4 Եւ նրանք տարօրինակ են գտնում, որ դուք չէք ընթանում նոյն անկարգ զեխութեամբ. եւ հայհոյում են ձեզ: 5 Նրանք հաշիւ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին ու մեռածներին. 6 քանի որ հէնց սրա համար իսկ քարոզուեց աւետարանը նաեւ մեռելներին, որպէսզի մարդկանց նման դատուեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով՝ Աստծոյ նման: 7 Ամէն ինչի վախճանը մօտեցել է: Զգաստացէք ուրեմն եւ արթուն եղէք աղօթքի համար: 8 Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը: 9 Հիւրասէր եղէք միմեանց հանդէպ առանց տրտնջալու: 10 Իւրաքանչիւր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդէպ թող նոյնը մատակարարի՝ որպէս բարի տնտես Աստծոյ պէս-պէս շնորհների: 11 Եթէ մէկը խօսի, թող այդ լինի Աստծոյ պատգամների նման: Եթէ մէկը մատակարարի, թող այդ լինի այն զօրութիւնից, որն Աստուած շնորհում է, որպէսզի ամէն ինչում Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից: Ամէն: