28 Նոյեմբեր, Եշ
20.27 Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին. 28 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. “Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրն առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի”: 29 Արդ, եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ: 30 Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ: 31 Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ: Եւ ժառանգներ չթողեցին: 32 Մեռաւ եւ կինը: 33 Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»: 34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդի են գնում. 35 իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի են գնում, 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծոյ որդիներ, քանի որ յարութեան որդիներ են: 37 Իսկ որ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին. «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»: 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»: 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»: 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել: 41 Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի Որդին է. 42 քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. “Տէրն ասաց իմ Տիրոջը. նստի՛ր իմ աջ կողմում, 43 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ”: 44 Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 45 Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46 «Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47 որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները: Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»:
21.1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում: 2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ: 3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը: 4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»: