28 Նոյեմբեր, Եշ
15 Այն ժամանակ փարիսեցիները գնացին, խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն: 16 Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին, եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծոյ ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում: 17 Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ»: 18 Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19 ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: 20 Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: 21 Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէք տուէ՛ք կայսրինը կայսերը եւ Աստծունը՝ Աստծուն»: 22 Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին: 23 Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24 «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի: 25 Մեզ մօտ եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: 26 Նոյնպէս եւ՝ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթերորդը: 27 Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ: 28 Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կլինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: 29 Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծոյ զօրութիւնը. 30 որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի գնում, այլ կլինեն, ինչպէս հրեշտակները երկնքում: 31 Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32 “Ես եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”. եւ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»: 33 Երբ ժողովուրդն այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ: 34 Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. 35 եւ նրանցից մէկը, նրան փորձելով, հարցրեց ու ասաց. 36 «Վարդապե՛տ, օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: 37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: 38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39 եւ երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ օրէնքը եւ մարգարէները»: 41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան”: 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել: