Հռոմեացիներ 6.12-23

12 Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին: 13 Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ ի ծառայութիւն Աստծոյ՝ որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծոյ, 14 որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի: 15 Իսկ արդ, ի՞նչ: Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք, այլ՝ շնորհի: Քա՛ւ լիցի: 16 Չգիտէ՞ք, թէ ում համար որ դուք ձեզ ծառայութեան մէջ էք դնում հնազանդութեան համար, ծառայ էք, ում որ հնազանդւում էք. եթէ մեղքին՝ մահուան է տանում, իսկ եթէ Աստծոյ հնազանդութեանը՝ արդարութեան: 17 Բայց՝ գոհութիւն Աստծոյ. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտէ հնազանդուեցիք այնպիսի վարդապետութեան, որ ձեզ աւանդուեց: 18 Արդ, մեղքից ազատագրուածներդ ծառայեցէ՛ք արդարութեան: 19 Մարդկայնօրէն եմ ասում ձեր մարդկային տկարութեան պատճառով. եւ ինչպէս որ ձեր մարմնի անդամները տուեցիք անօրինութեանը՝ որպէս ծառաներ պղծութեան եւ անօրինութեան, նոյնպէս եւ այժմ ձեր մարմնի անդամները տուէ՛ք սրբութեան համար՝ որպէս ծառաներ արդարութեան. 20 որովհետեւ մինչ մեղքի ծառաներն էիք, ազատ էիք արդարութեան հանդէպ: 21 Իսկ արդ, ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որի համար այժմ ամաչում էք. որովհետեւ դրանց վախճանը մահ է: 22 Բայց այժմ, ազատուած մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն, ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ, եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական. 23 քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․