28 Նոյեմբեր, Եշ
2 Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին: 3 Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ: 4 Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերո՛վ լի ժողովուրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի Սրբին: Նրանք օտարացան ու յետ քաշուեցին: 5 Ինչո՞ւ էք անօրինութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում: Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան: 6 Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրայ առողջ տեղ չկայ. վէրքերի, այտուցների եւ շարաւոտ խոցերի վրայ դնելու ո՛չ սպեղանի կայ, ո՛չ ձէթ եւ ո՛չ էլ վիրակապ: 7 Ձեր երկիրն աւերակ է, ձեր քաղաքները՝ հրոյ ճարակ. թշնամի ցեղերից աւերուած ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: 8 Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը»: 9 Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կդառնայինք Սոդոմի պէս, կնմանուէինք Գոմորին: 10 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծոյ օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ: 11 «Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը,– ասում է Տէրը,– ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ, 12 եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ: Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները: 13 Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ. 14 ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը: 15 Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով: