Հռոմեացիներ 7.12-25

12 Այսպէս ուրեմն, օրէնքը սուրբ է, պատուիրանն էլ՝ սուրբ եւ արդար ու բարի: 13 Իսկ արդ, բարի՞ն մահ եղաւ ինձ համար. քա՛ւ լիցի. այլ մեղքը, օգտագործելով, ինչ որ բարի է, ինձ մահ պատճառեց, որպէսզի պատուիրանի միջոցով մեղքը յայտնուի որպէս մեղք՝ իր իսկական սաստկութեամբ: 14 Գիտենք, որ օրէնքը հոգեւոր է. իսկ ես մարմնաւոր եմ՝ մեղքին վաճառուած. 15 քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ. 16 ապա եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, որ օրէնքը բարի է: 17 Իսկ արդ, ես չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը: 18 Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ. 19 որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում: 20 Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ես չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը: 21 Եւ արդ, գտնում եմ այն բանի օրէնքը, որ երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում. 22 հաճելի է ինձ Աստծոյ օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, 23 բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ: 24 Ի՜նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում: 25 Բայց գոհութիւն Աստծոյ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․