Եսայի 51.4-11

4 Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար: 5 Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ: 6 Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի, ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի, ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու: 7 Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի, 8 քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձեր եւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան, եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ»: 9 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի ժամանակներում: Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի լայնութիւնը, վանեցիր վիշապին. 10 Դու այն չե՞ս, որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի յորդութիւնը եւ ծովերի խորութիւնները ճանապարհ դարձրեց, որպէսզի այնտեղով անցնեն փրկուողներն ու ազատուողները: 11 Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը, եւ նրանք Սիոն են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ. նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի, եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց. ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․