14 Եզեկիան, պատգամաւորների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտաւ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ: 15 Եզեկիան աղօթքի կանգնեց Տիրոջ առաջ եւ ասաց. 16 «Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի, որ բազմում ես քերովբէների վրայ, դու ես աշխարհի բոլոր թագաւորութիւնների միակ Աստուածը, դու արարեցիր երկինքն ու երկիրը: 17 Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տէր, եւ լսի՛ր. Տէ՛ր, բա՛ց քո աչքերը եւ նայի՛ր, ո՛վ Տէր. լսի՛ր, Տէ՛ր, եւ իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան նախատելու համար կենդանի Աստծուն: 18 Արդարեւ, Ասորեստանի թագաւորներն աւերեցին համայն աշխարհն իր երկրներով, 19 հրոյ ճարակ դարձրին նրանց կուռքերը եւ կործանեցին, քանի որ նրանք աստուածներ չէին, այլ՝ մարդու ձեռքով կերտուած փայտէ ու քարէ կուռքեր: 20 Բայց արդ, Տէ՛ր Աստուած մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպէսզի աշխարհի բոլոր թագաւորութիւնները գիտակցեն, որ դու ես միակ Աստուածը»: 21 Ապա Ամոսի որդի Եսային ուղարկուեց Եզեկիայի մօտ ու ասաց նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Լսեցի այն աղօթքները, որոնցով պաղատեցիր ինձ՝ ընդդէմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի”»: 22 Ահա այս է այն պատգամը, որ յայտնեց Աստուած նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ Սիոնի կոյս դուստրը, քո յետեւից հեգնանքով նայեց Երուսաղէմի դուստրը: 23 Ո՞ւմ վրայ թափեցիր քո նախատինքն ու չարութիւնը, ո՞ւմ վրայ ես բարձրացրել ձայնդ, ինչո՞ւ հայեացքդ չես յառում բարձունքին՝ դէպի Իսրայէլի Սուրբը: 24 Ինչո՞ւ պատգամաւորների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը: Դու ասում էիր, թէ՝ “Իմ կառքերի բազմութեամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելայ, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները եւ մտայ նրա անտառի ամենաբարձր կողմերը, 25 կամուրջ գցեցի եւ ցամաքեցրի ջրերն ու բոլոր ջրամբարները”: 26 Մի՞թէ դու չես լսել, թէ աւելի առաջ, հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ եւ այժմ էլ յայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մէջ, 27 նաեւ բոլոր բերդաքաղաքների բնակիչներին: Ձեռքից բաց թողեցի, եւ նրանք չորացան, դարձան ինչպէս տանիքի վրայ այրուած խոտ, ինչպէս չորացած սէզ: 28 Արդ, ես գիտեմ քո տեղն ու հանգրուանը, գիտեմ, թէ որ ճամփով ես գնում ու գալիս: 29 Քո զայրոյթն ու բարկութիւնը, քո մաղձոտութիւնն ինձ համար ակներեւ են, դրա համար էլ լկամ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին եւ յետ պիտի դարձնեմ քեզ նոյն ճանապարհով, որով եկար: 30 Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտէք սերմանուածը, միւս տարին պիտի ուտէք մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանէք ու հնձէք, այգիներ տնկէք եւ ուտէք նրանց պտուղը: 31 Հրէաստանում մնացածները արմատներ պիտի արձակեն դէպի ներքեւ եւ պտուղ պիտի տան վերեւում, 32 որովհետեւ նրանք Երուսաղէմում պիտի լինեն, եւ փրկուածները՝ Սիոն լեռան վրայ. Զօրութիւնների Տիրոջ նախանձախանդրութեամբ է այդպէս լինելու»: 33 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Ասորեստանի թագաւորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրայ, դա չպիտի փակի վահաններով եւ ոչ էլ պատնէշներով պիտի պաշարի դա, 34 այլ պիտի վերադառնայ այն նոյն ճանապարհով, որով եկել է, եւ չպիտի մտնի այդ քաղաքը»: 35 Այսպէս է ասում Տէրը. «Պիտի պահպանեմ այդ քաղաքը, որպէսզի փրկեմ դա ինձ եւ իմ ծառայ Դաւթի համար»: 36 Ապա Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց: Առաւօտեան վեր կենալով՝ գտան բոլորի անշունչ դիակները: 37 Եւ Ասորեստանի Սենեքերիմ արքան նորից դարձաւ, գնաց ու բնակուեց Նինուէում: 38 Եւ մինչ նա իր Նասրաք աստծոյ տաճարի մէջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելէքը եւ Սարասարը, սրով սպանեցին նրան եւ իրենք փախստական գնացին Հայաստան: Իսկ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ասորդանը: