1Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք. 2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։ 3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։ 5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։ 7Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում,չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։ 9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։ 10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։