Ավ. ըստ Ղուկասի 7:1-10

1Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ 2Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր։ 3Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային։ 4Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»։ 6Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. 8որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»։ 9Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ 10Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․