1 Յակոբոսը՝ Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն: 2 Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3 իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4 իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք: 5 Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, եւ նրան կտրուի: 6 Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին: 7 Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8 քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: 9 Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10 իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի, ինչպէս խոտածաղիկը. 11 որովհետեւ արեւը ծագեց խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ: 12 Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին: