Բ Թագավորություններ 5.1-10

1 Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դաւթի մօտ, ու խօսելով նրա հետ՝ ասացին. 2 «Մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք: Անցեալում, երբ Սաւուղը մեր թագաւորն էր, դու էիր իսրայէլացիներին առաջնորդողը եւ ի մի հաւաքողը: Տէրը քեզ ասաց. “Դու պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայէլի առաջնորդը”»: 3 Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջեւ: Նրանք Դաւթին թագաւոր օծեցին ամբողջ Իսրայէլի վրայ: 4 Դաւիթը երեսուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քառասուն տարի թագաւորեց. 5 եօթ տարի վեց ամիս թագաւորեց Քեբրոնում Յուդայի երկրի վրայ եւ երեսուներեք տարի Երուսաղէմում՝ ամբողջ Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ: 6 Դաւիթն իր զօրքով գնաց Երուսաղէմ՝ այդ երկրում բնակուող յեբուսացիների դէմ: Դաւթին ասացին, թէ՝ «Դու այստեղ չես մտնի, քանզի կոյրերն ու կաղերը քո դէմ են կանգնել եւ ասում են. “Դաւիթն այստեղ թող չմտնի”»: 7 Դաւիթը գրաւեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դաւթի քաղաքն է: 8 Այդ օրը Դաւիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել յեբուսացիներին, թող սրով յարձակուի կաղերի, կոյրերի եւ Դաւթի անձն ատողների վրայ»: Դրա համար է, որ ասում են. «Կոյրերն ու կաղերը չպէտք է մտնեն Տիրոջ տունը»: 9 Դաւիթն ապրեց ամրոցում, եւ այն կոչուեց Դաւթի քաղաք: Նա շուրջանակի, ծայրից ծայր քաղաք շինեց եւ իր համար էլ տուն կառուցեց: 10 Դաւիթը գնալով հզօրանում էր, եւ Ամենակալ Տէրը նրա հետ էր:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․